«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2011-10-21 | #189, 2011-10-22 | #190, 2011-10-25


ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԼՐԱՑՈՒՑԻՉ 60 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՍՏԱՆԱԼ

Ստվերային ոլորտների պակաս չունենք

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2012-ին 101 մլրդ դրամով ավելի հարկեր հավաքելու խնդիրը տարատեսակ քննարկումների պատճառ է հանդիսացել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կառավարության նիստի ժամանակ չթաքցրեց իր դժգոհությունը այս հեռանկարից եւ պետական բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին խնդրեց ներկայացնել, թե ի՞նչ ռեսուրսների հաշվին դա պետք է կատարվի: Որոշ փորձագետներ նույնպես դժվար իրականալի են համարում հարկային եկամուտների եւ սոցվճարների այդ չափով հավաքելը, անկախ նրանից, որ ստվերային տնտեսության ծավալները մեր երկրում դեռ բավականին մեծ են: Նրանց կարծիքով, հարկայինները կգնան փորձված ճանապարհովՙ փոքր բիզնեսի վրա տույժ ու տուգանքներ կիրառելու միջոցով փորձելով ապահովել լրացուցիչ հարկային մուտքերը:

Կառավարության նիստի ժամանակ, պետեկամուտների կոմիտեի նախագահի բարձրացրած հարցի առնչությամբ պարզաբանումներ տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա փաստեց, որ մեկ տարվա մեջ 0,6 տոկոսով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարձրացնելը լուրջ խնդիր է, այն դեպքում, երբ միջնաժամկետ ծախսային ծրագրով սովորաբար նախատեսվում էր 0,3-0,4 տոկոս բարձրացում: Նշված պահանջի կատարումը վարչապետը պայմանավորեց ԵՄ եւ այլ դոնոր կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբՙ որքան շատ հարկեր ենք հավաքում, այնքան շատ աջակցություն ենք ստանում նրանցից:

Նշենք, որ միջնաժամկետ ծախսային ծրագրով 2013-ին էր նախատեսված հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 17,4 տոկոսի, իսկ 2012-ի համար այդ ցուցանիշը պետք է կազմեր 17 տոկոս: Այս մասին «Ազգին» տված հարցազրույցում («3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 2014-ից կտրվի 1 մլն դրամ», 16.07.2011թ.) ասել էր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը : Այսինքն, մեկ տարի ավելի շուտ այս ցուցանիշին հասնելու խնդիր է դրված:

Տիգրան Սարգսյանը հարկային բազայի այդչափ ավելացումը լուրջ մարտահրավեր էր համարել, նշելով, որ 101 մլրդ դրամից հարկային վարչարարության բարելավման հաշվին պետք է հավաքվի լրացուցիչ 10-15 մլրդ դրամ, 40-50 մլրդ դրամն էլ տնտեսական աճի եւ նոր ստեղծված արժեքի հաշվին:

Եվ մոտ 60 մլրդ դրամն էլ պետք է հավաքվի ստվերային տնտեսության նվազեցման հաշվին: Ըստ վարչապետի, այս խնդիր լուծման համար հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ է նախատեսվում հարկային բազան ավելացնելու եւ հարկային վարչարարությունը բարելավելու նպատակով: Միաժամանակ, նախարարների առջեւ պատասխանատվություն դրվեց ոլորտների հարկման բազայի համար:

Չնայած Տիգրան Սարգսյանը նաեւ զգուշացրել էր, որ այդ ամենն այնպես պետք է արվի, որ հարկային բազայի ավելացումը չխոչընդոտի տնտեսության զարգացմանը, վերեւում նշված մտահոգությունները պահպանվում են:

Գործարարների տեսակետն այս հարցի շուրջ ներկայացրել էր Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նշել էր, որ գործարարները չեն կարծում, թե 101 մլրդ դրամի ավելացումը մեծ բեռ է, բայց եթե դա ստվերից է նվազելու, եթե հարկումն արվելու է հավասարաչափ, եթե արտոնյալ ոլորտների քանակը նվազելու է եւ եթե փոքր ու միջին բիզնեսը չի վնասվելու: Ըստ Արսեն Ղազարյանի, այդ մասին գործարարները ասել են Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ հարկային լրացուցիչ եկամուտների հավաքումը թեեւ բարդ է, բայց անկարելի կամ այնքան դժվար չէ, որքան փորձում են ներկայացնել պետական եկամուտների կոմիտեի ղեկավարները: Բնական է, որ հարկահավաքները պետք է առարկեն իրենց առջեւ դրվող դժվար լուծելի խնդիրների կապակցությամբ: Սակայն մյուս կողմից էլ, գաղտնիք չէ, որ ստվերային տնտեսության ծավալներով Հայաստանը մշտապես առաջին տեղում է եղել ԱՊՀ երկրների շարքում, ինչի մասին փաստում է Հայաստանի ՀՆԱ-հարկեր հարաբերակցության մշտապես ամենացածր ցուցանիշը եւ, որ նման պատկերի հիմնական պատասխանատուն հենց հարկային կառույցն է:

Վերջին տարիներին ստվերային տնտեսության հայտնաբերման ուղղությամբ կառավարության, այդ թվումՙ պետական եկամուտների կոմիտեի ջանքերին մեր թերթում բազմիցս անդրադարձել ենք եւ մշտապես աջակցել: Հակառակ առեւտրականնների դժգոհություններին, մեր թերթում կարեւորել ենք փաստաթղթաշրջանառութան բացահայտման նպատակով ՀԴՄ-ներ տեղադրելու անհրաժեշտությունը, դրանց կտրոնների դիմաց բոնուսների տրամադրումը, որն ի վերջո նպատակ ուներ ներգրավել հասարակությանը ստվերի բացահայտմանը: Սակայն այդ գործընթացն ահնաջողությամբ մատնվեց եւ տոնավաճառների շրջանառությունն այժմ էլ մեծապես ստվերում է:

Հարկերի լրացուցիչ հավաքման ոլորտներից կարելի է հիշատակել հանքարդյունաբերությունը: Համաշխարհային բանկն առաջարկել էր հարկային փոփոխություններ, ըստ որի, հանքարդյունաբերական ընկերությունները բնապահպանական վճարները պետք է վճարեին միջազգային գների փոփոխություններին համարժեք սանդղակով: Մինչ այժմ այս օրենքը ընդունված չէ:

Շինանյութերի շուկան ահռելի ստվերում է: Հիշատակենք քարհանքերի դաժան եւ ստվերային շահագործումը, ցեմենտի, գաջի, ավազի մեծապես ստվերային արտադրությունը եւ գրեթե անվերահսկելի վաճառքը: Հայտնի է, որ այս ոլորտները հիմնականում պատկանում են օլիգարխներին: Նույնը կարելի է ասել նաեւ առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներմուծման վերաբերյալ: Վերոնշյալ ոլորտները հենց այն օլիգոպոլիաներն են, որոնք ոչ միայն սահմանափակում են տնտեսական մրցակցությունը, այլեւ ստվերային մեծածավալ շջանառություն իրականացնում: Նույն օլիգարխներից գրեթե յուրաքանչյուրն ունի սեփական ռեստորանը կամ հանգստի ու զվարճանքի այլ օբյեկտներ, որոնք նույնպես, մեղմ ասած, լիարժեք չեն հարկվում: Այսինքն, լրացուցիչ հարկեր հավաքելու եւս մեկ դաշտ:

Այնպես որ, առանց փոքր բիզնեսին անհանգստացնելու հարկային մուտքերն ավելացնելու տեղեր կան, եւ կարծում ենքՙ պետեկամուտների կոմիտեում բոլորից լավ գիտեն այդ տեղերը: Հաշվարկների խնդիր է, իհարկե, թե այս ոլորտներում քիչ թե շատ լիարժեք հարկելու դեպքում հնարավոր կլինի՞ ապահովել լրացուցիչ պահանջվող 60 մլրդ դրամը: Սակայն եթե փորձագիտական տարբեր գնահատականներով ստվերային շրջանառությունը գտնվում է 30-60 տոկոսի սահմաններում, ապա հստակ է, որ դա հնարավոր է:

Մյուս կողմից էլ ժամանակն է, որ հայ գործարարները եւս հասկանան, որ պարտադիր չէ, որ բիզնեսի շահութաբերությունը 100 տոկոս կազմիՙ հաջող համարվելու համար, որ այդ շահույթից իրենք պարտավոր են բաժին հանել պետությանը, իրենց աշխատակիցներին, զբաղվել բարեգործությամբ, որ նրանք չեն կարող հարստանալ հասարակության այլ խավերի հաշվին, առանց նրանց համար մասհանումներ կատարելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4