Շաբաթ օրը Գյումրիում 9-րդ անգամ նշվեց «Քաղաքի օրը», որը սովորականի պես սկսվեց բնակավայրի մուտքի մոտ Երեւանից ժամանած բարձրաստիճան հյուրերի դիմավորումով: Այս անգամ Գյումրու տոնին մասնակցելու էին եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ, այլ հյուրեր:
Պաշտոնական պատվիրակության անդամները նախ այցելեցին «Մուշ-2» թաղամասի շինհրապարակ, ծանոթացան եւ գոհունակություն հայտնեցին «Գլենդել հիլզ» կազմակերպության կողմից այստեղ կառավարական ծրագրով իրականացվող բնակարանաշինության երկրորդ փուլի ընթացքից: Այնուհետեւ բարձրաստիճան հյուրերը մասնակցեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնի խնկարկմանը, որտեղ այս տարի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, անցկացվել է ջրագիծ եւ տեղադրվել խաչքար:
«Գյումրու օրվա» ծրագրում ներառված էին «Հրաշքների աշխարհ» մասնավոր մանկական խաղասրահի, «Խաչքարերի պուրակում» Ջուղայի ավերված խաչքարերի կրկնօրինակ մեկ տասնյակ նոր խաչքարերի, կենտրոնական հրապարակի լուսային շատրվանների բացումը, «Հոկտեմբեր» կինոթատրոնում քաղաքի այս տարվա պարգեւների հանձնումը: Պատվավոր «Վարպետ» ոսկե կրծքանշանով պարգեւատրվեցին ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը, վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանը (Վալմար), երգիչ Ալիկ Գյունաշյանը: Անվանի հեռացատկորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին շնորհված պարգեւը իր ծննդավայր Գյումրու զինանշան-հուշամեդալն էր: Հերթական պատվավոր կոչումը ստացավ նաեւ Գյումրու քաղաքապետը. Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը Վարդան Ղուկասյանին հանձնեց «Գրական բարերարի» դիպլոմ:
Բազմամարդ էր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պարի պետական անսամբլի սկսած, մայրաքաղաքի ու տեղի արվեստագետների կատարմամբ հնչած տոնական մեծ համերգը, որն ավարտվեց գունեղ հրավառությամբ:
Գ. Մ.