Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգերի հրատապ վերականգման ծրագրի համար 18 մլն դոլար վարկի հատկացումը: Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին : Նա տեղեկացրեց, որ ծրագիրը սկսվել է 2009-ին, դրա համար տրամադրվել է 30 մլն դոլար, եւ կավարտվի այս տարվա դեկտեմբերին: Նորՙ 18 մլն դոլարով նախատեսվում է շարունակել իրականացրած աշխատանքները եւ նորոգել 110 կմ ջրանցքներ, որից մոտ 60 կմ-ը ներտնտեսային ցանցի նորոգումն է: Դա, ըստ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի, հնարավորություն կտա վերականգնել ոռոգումը մոտ 6500 հա հողատարածքների վրա, տարեկան խնայել 44 մլն խմ ջուր, ստեղծել մոտ 7000 կարճաժամկետ աշխատատեղեր եւ 2100 մշտական աշխատատեղեր գյուղատնտեսության մեջ: Ոռոգման համակարգի նորոգման եւ արդիականացման նոր ծրագրից կօգտվեն Հայաստանի 7 մարզերիՙ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի 88 հազար բնակիչներ: Ժան-Միշել Հափին հիշեցրեց, որ նախկին ծրագրի շնորհիվ նորոգվել են 90 կմ մայր ջրանցքներ, մոտ 97 մլն խմ-ով կրճատվել կորուստները, ստեղծվել 12 հազար ժամանակավոր աշխատատեղեր:
«Ազգի» հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված նոր վարկի տրամադրումը ոռոգման համակարգինՙ նախորդ ծրագի՞րն էր կիսատ մնացել, թե՞ նոր ծրագիր է կազմվել, Ժան-Միշել Հափին պատասխանեց, որ Համաշխարհային բանկի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերով այս ոլորտում ունեցած հաջողությունները հիմք հանդիսացան շարունակելու այս ծրագիրը: Նրա պարզաբանմամբ, կային որոշ նախագծեր, որոնք չհասցրեցին ավարտել, քանի որ ծրագրերը ավարտվեցին: Նոր ծրագրով պետք է ֆինանսավորվի այդ նախագծերի իրականացումը:
Ժան-Միշել Հափին հայտնեց, որ նոր ծրագիրը կազմում է 40 մլն դոլար, եւ դեռեւս մնում են 22 մլն դոլարի աշխատանքներ ոռոգման համակարգում: Նրա կարծիքով, հավանաբար այդ ֆինանսավորումը հաստատվի եկող տարի:
Ա. Մ.