Կարեւորելով հարկաբյուջետային կոնսոլիդացումը
Խոսելով եվրոգոտում հնարավոր ճգնաժամի եւ Հայաստանի վրա դրա ազդեցության մասինՙ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին այն տեսակետը հայտնեց, որ ճգնաժամը ոչ թե գալիս ու գնում է, այլ շարունակում է ազդեցություն թողնել երկրների տնտեսությունների վրա: Նա նշեց, որ գնահատում է այն ջանքերը, որ իրականացվում են Հայաստանը արտաքին ցնցումներից պաշտպանելու համար: ՀԲ ներկայացուցչի կարծիքով, հարկաբյուջետային գործընթացի կոնսոլիդացումը կնպաստի դրան: Միաժամանակ, Ժան-Միշել Հափին նշեց, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը ներկայումս գտնվում են 2,4-2,8 տոկոսի սահմաններում, եւ հաշվի առնելով որոշ պետությունների պարտքի ցուցանիշը, այն կարող է դանդաղել: Հայաստանի համար ՀԲ-ն այս տարի կանխատեսում է համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոս աճ, իսկ 2012-ի համարՙ 4-5 տոկոս աճ:
Եկող տարի նախատեսվող հարկային եկամուտների 101 մլրդ դրամի աճի եւ Հայաստանի կառավարության հարկային նոր փաթեթի վերաբերյալ Համաշխարհային բանկի մոտեցման մասին խոսելովՙ Ժան-Միշել Հափին ասաց, որ իրենք սերտորեն աշխատում են պետեկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության հետ հարկային վարչարարության բարելավման եւ հարկային քաղաքականության արդիականացման ուղղությամբ: Նա հիշատակեց ընդերքի մասին նոր օրենքը, որը հնարավորություն կտա այս ոլորտից հարկային վճարումները ավելացնել եւ միաժամանակ գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար: ՀԲ ներկայացուցիչը նշեց, որ հատուկ ջանքեր են գործադրվում, որ հարկերի հավաքումն ավելանա առավել խոշոր 500 հարկատուների հաշվին:
Ա. Մ.