Հայաստանում ազգային վիճակախաղի կազմակերպումը, կառավարության հիմնավորմամբ, անհրաժեշտ է «Հայաստանի տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից կամ այլ տնտեսական հանցագործություններից եւ խաղային խաբեություններից խուսափելու նպատակով պատշաճ վերահսկողություն սահմանելու» նպատակով: Ուստի երեկ ֆինանսների նախարարին լիազորվեց կանադական «Ամայա գեյմինգ գրուպ» կորպորացիայի հետ կնքել պայմանագիրՙ ՀՀ տարածքում շահումով խաղային սարքերի կենտրոնական հաշվետու համակարգի եւ ազգային վիճակախաղի ներդրման մասին:
Կառավարության որոշմամբՙ վերոնշյալ կորպորացիայի սեփականություն, Հայաստանի տարածքում գրանցված «Ամայա-Արմենիա» ՍՊԸ-ի հետ կստեղծվի «Պետական լոտո» ՓԲԸՙ 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով եւ երկու հասարակ բաժնետոմսով: 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով կպատկանի Հայաստանի Հանրապետությանը, մյուս 50 տոկոսըՙ 100 մլն դրամ արժեքով, «Ամայա-Արմենիա» ՍՊԸ-ին: Կառավարությունն ակնկալում է, որ պայմանագիրն ստորագրելու արդյունքում ՀՀ պետբյուջեի եկամուտը 2012-ին կավելանա 2 մլրդ դրամով, իսկ 2013-ին` 7 մլրդ դրամով:
Ա. Մ.