«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2011-10-27 | #193, 2011-10-28 | #194, 2011-10-29


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՕԴԱՆՑՔԸ»

Երկար ժամանակ Ադրբեջանը չէր համաձայնում Թուրքիայի հետ ստորագրել գազային պայմանագիրը: Անշուշտ, այստեղ նաեւ ռուսական գործոնն էր առկա (իսկ Մոսկվան սեփական հավակնություններն ունի ադրբեջանական էներգառեսուրսների հետ կապված) եւ պաշտոնական Բաքվիՙ Թուրքիայից փոխարենը ինչ-որ բան ստանալու ցանկությունը: Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ պայմանագիրը վերջապես ստորագրվեց, ընդ որումՙ Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած այցի շրջանակներում: Վերջին հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ համաձայն «վիկիլիքսյան» տեղեկատվությանՙ Իլհամ Ալիեւը ամերիկացի դիվանագետներին ասել է, որ ինքը չի ցանկանում, որ Թուրքիան ուժեղանա տարածաշրջանում եւ վերածվի էներգետիկ կենտրոնի: Ուրեմն ի՞նչը կամ ովքե՞ր ստիպեցին Ալիեւին ստորագրել «եղբայրների» հետ վերոհիշյալ պայմանագիրը, ու ի՞նչ ստացավ Բաքուն սրա դիմաց:

Նախ դիտարկենք միջազգային ու տարածաշրջանային իրադրությունը: Արաբական գարունից հետո ու դրա համապատկերում արեւմտյան մամուլը, գրեթե միատարր, եթե գրում էր Ադրբեջանի մասին, ապա միայն իշխող տոտալիտար վարչակարգը քննադատելու համար, հետեւաբար միայն վերջերս Հոսնի Մուբարաքի արձանը Բաքվից հանած եւ Մինսկի համալսարանում Մուամմար Քադդաֆիի հետ պատվավոր դոկտորի կոչում ունեցող Իլհամ Ալիեւը, իհարկե, կարող էր ունենալ հիմնավորված մտավախություն սեփական, կարելի է ասել անգամ` «ընտանեկան» պաշտոնից զրկվելու:

Բացի սրանից. Բաքու ժամանող արեւմտյան, հատկապես ամերիկյան գործիչները, այդ թվումՙ ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, չէին «ամաչում» ընդգծելուց, որ Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Այս շղթան այնքան զարգացավ, որ Իլհամ Ալիեւն անձամբ «Ալ Ջազիրային» ասաց, որ ինքը «նյարդայնանում է արեւմտյան նման զեկույցներից ու հայտարարություններից»: Սրանց գումարենք նաեւ, որ բոլորովին էլ լավ չի կարելի համարել Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների այսօրվա տեսքը: Իսկ ՆԱՏՕ-ի հետ Բաքուն որոշակի սառեցման գնաց, երբ միակողմանի չեղյալ հայտարարեց ԱՄՆ-ի հետ համատեղ պլանավորված զորավարժությունները այս տարի: Հիշենք նաեւ, որ այսօր Բաքուն նաեւ Չմիավորման շարժման նորաթուխ անդամ է, իսկ դրա քաղաքականությունն ամենեւին էլ արեւմտամետ չի կարելի անվանել: Օրինակՙ եվրոպական երկրներից այդ կառույցին անդամակցում է միայն Բելառուսը:

Ստացվում է, որ Իլհամ Ալիեւին, մանավանդ երրորդ նախագահական ժամկետին կամ սեփական անձով, կամ մեկ այլ «ընտանեկան անձով» ներկայանալ պատրաստվելուց առաջ անհրաժեշտ է ռուսական կամ, որն ավելի ցանկալի կլինի, արեւմտյան սատարում: Ռուսաստանի վրա Ալիեւը մեծ հույսեր չի կարող դնել, քանի որ Մոսկվան Հայաստանի ընդգծված ռազմավարական դաշնակիցն է, բացի դրանիցՙ Ադրբեջանում արեւմտյան կապիտալը կարող է հանկարծ «խռովել ու հեռանալ», չմոռանանք նաեւ Թուրքիայի` Արեւմուտքին «պատկանելու գործոնը»: Տեղին է հիշել նաեւ օրերս Հայաստանի նախագահի պետական այցը Մոսկվա, ինչը հենց համընկավ Ալիեւի այցին Թուրքիա ու գազային պայմանագրի ստորագրմանը:

Այստեղ մի ուշագրավ հանգամանք եւս. վերադառնալով Թուրքիայից` Իլհամ Ալիեւը շնորհավորեց ադրբեջանցի ժողովրդին «հաղթանակի» կապակցությամբ: Ինչպես գիտենք, Ադրբեջանը «արեւելաեվրոպական երկրներից» ընտրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ երկու տարի ժամկետով ու եկող հունվարից լիազորությունների կատարմանը կանցնի: Թե ինչո՞ւ ՄԱԿ-ում որոշեցին, որ մահմեդական երկրների խիստ սակավություն զգացող Եվրոպան, կոնկրետՙ Արեւելյան Եվրոպան ՄԱԿ-ի ԱԽ-ում պետք է կրկին ներկայացնի մահմեդական երկիր` Բոսնիա Հերցեգովինայից հետո, քննարկման այլ հարց է, մենք միայն ընդգծենք, որ կնքելով պայմանագիր Թուրքիայի հետ, ինչը, փաստորեն, Իլհամ Ալիեւի անձնական նախաձեռնությունը չէ, Բաքուն «փոխարենը» ստացավ տեղ ՄԱԿ-ի ԱԽ-ում:

Անշուշտ, այս երկուսում կապը միայն ենթադրությունն է, իսկ իրականությունն այն է, եւ մեզ հետ «համամիտ է» նաեւ ադրբեջանական «Ազադլիգը», որ Իլհամ Ալիեւին Արեւմուտքի հետ հարաբերություններում «օդանցք էր պետք»: Հատկանշական է, որ սա փաստորեն «Նաբուկկո»-ի նախագծի մեջ ներառվող պայմանագիր է, ինչին Բաքուն մշտապես վերապահումներով, զգուշությամբ է վերաբերվել: «Նաբուկկո»-ի ստեղծման առնչությամբ Իլհամ Ալիեւը մի քանի շաբաթների ընթացքում, համաձայն նույն ադրբեջանական «Ազադլիգ»-ի, արդեն հասցրել է մերժել ինչպես Ավստրիայի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահներին, թերեւս սպասելով Մոսկվայի համապատասխան քաջալերական ժեստին: Սակայն Մոսկվան նախընտրեց Հայաստանի նախագահի հետ խոսել հայ-ռուսական համատեղ ծրագրերից, եւ Ալիեւը, ինչպես արդեն նշեցինք, ստորագրեց Անկարայի հետ գազային պայմանագիր: «Սակայն Իլհամ Ալիեւը մոռացել է, որ Թուրքիան է Արեւմուտքի դաշնակիցներից մեկը, այլ ոչ թե ինքը», եզրահանգում է «Ազադլիգը»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4