Մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի «ՀՀԿ-ի հետ չհամագործակցողները կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ» արտահայտությունը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «համագործակցություն» բառը ընկալել է «ենթարկվել»: Դաշնակցական գործչի գնահատմամբՙ «համագործակցություն» նշանակում է հաշվի առնել դիմացինի մոտեցումները, հանուն ազգային շահի երբեմն գնալ զիջումների, սակայն ունենալ սեփական կարծիք:
«Սակայն ՀՀԿ-ն համագործակցություն ասելով նկատի ունի լինել հլու-հնազանդ: Նրանց համար քննադատողները, սխալը մատնանշողները դիտվում են թշնամիներ: Վարչապետի ասած համագործակցությունը նշանակում է ենթարկվել, թող դա իրենց կոալիցիայի մեջ կիրառեն, թե որքանով դա կհաջողի, կտեսնենք ապագայում: Դա մեզ համար ընդունելի չէ: Իրենք ու իրենց տաշտակը: Մենք թույլ չենք տա, որ իշխանությունը հեզասահ իշխի եւ թույլ տա սխալ սխալի հետեւից»:
Հովհաննիսյանը շեշտում է, որ կոալիցիան այլ ուժերի հետ չի համագործակցում եւ երբեք չի ընդունում իր սխալները:
«Եթե մենք համագործակցեինք, ապա Ադրբեջանը չէր դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, չէին լինի հայ-թուրքական արձանագրությունները, կատաստրոֆիկ սխալներ թույլ չէին տա երկրի ներսում:
Եթե լսեին մեր խորհուրդները, ապա Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության ժամանակավոր անդամ դառնալու թեկնածությունն ակտիվ կպաշտպաներ: Եթե լիներ նաեւ Հայաստանը, ապա երկու կողմերից էլ որոշակի ձայներ կգնային Հայաստանին, եւ այդ դեպքում կբախվեինք ամերիկյան եւ եվրոպական մտածելակերպին: Նրանք կասեին` երկու պետություններն իրենց մեջ տարածքային խնդիրներ ունեն լուծելու, հետեւաբար նախապատվությունը տալիս ենք նրանցից ոչ մեկին: Սլովենիան կհաղթեր, եւ Հայաստանը կխոչընդոտեր Ադրբեջանին»:
Նա հավելում է, որ Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու դառը պուղները կքաղենք մոտ ապագայում:
Հովհաննիսյանի գնահատմամբ` մեր դիվանագիտությունը պետք է դուրս գա «պարալիչի» վիճակից, որպեսզի կարողանա դիմակայել Բաքվին: Դաշնակցական գործիչը չի կասկածում, որ երկու տարի Բաքուն ՄԱԿ-ում Ղարաբաղի հարց է քննարկելու եւ տարատեսակ փաստաթղթղեր առաջ քաշելու: «Կկարողանա՞ Երեւանը հակադարձել» հարցին Հովհաննիսյանը դժվարանում է պատասխանել: Անդրադառնալով վերջերս կառավարության առաջարկած հարկային նոր փաթեթինՙ Հովհաննիսյանն առաջարկում է վարչապետինՙ դեստրուկտիվ մոտենալ իր առաջարկած տնտեսական գործունեությանը: «Հարկային նոր փաթեթ է բերում: Ինչո՞ւ են ՊԵԿ-ին պարտադրում, որ այդքան կոշտ ճնշման տակ դնի մանր եւ միջին բիզնեսը: Կաֆեներին հսկողության տակ պահել, թե ինչ հաստությամբ պետք է կալբասը կտրեն` ճիշտ չէ: Պետք է հաստատված գումար լինի, որ վճարեն: Կառավարությունը հասկանում է, որ երկրում կան անձեռնմխելի տնտեսական սուբյեկտներ, դրա համար էլ հարկայինի բեռն ընկնում է միջին բիզնեսի վրա»:
Անդրադառնալով հերթական խորհրդարանական ընտրություններինՙ Հովհաննիսյանն ասաց, որ պետք է հասարակական ակտիվություն լինի, որպեսզի խորհրդարանում ընդդիմադիր ուժերն ավելի շատ լինեն եւ իմպիչմենտ հայտարարեն Սերժ Սարգսյանին: «Նախագահական համակարգը Հայաստանի համար թունավոր է: Պետության օրգանիզմը թունավորված է նախագահական համակարգից», ասաց դաշնակցական գործիչը:
Հ. Հ.