«Անի տուր» տուրիստական ընկերությունը թերեւս... ամենահայասիրականն է Հայաստանում: Հիրավի, «դեպի ակունքներ» նշանաբանով ուխտագնացությունը հնարավորություն է տալիս շրջել ողջ Արեւմտյան Հայաստանում, ակնբախորեն տեսնել այն, ինչը մեզ այնքան հարազատ է տակավին մանկական տարիներից. Կարս. Անի, Վան, Մուշ, Բիթլիս... Ընկերությունը նոյեմբերին նշում է իր 15-ամյակը: Նրա հիմնադիրներըՙ տեր եւ տիկին Վոլոդյա ու Հռիփսիմե Առուշանյանները, վերհիշում են, որ անվտանգության նկատառումներով առաջին խմբերին ուղեկցել են տեղի ոստիկաններն ու հատուկ ծառայությունների գործակալները: Նման խնդիրներ ներկայումս չկան:
Մեր խմբի ուղեւորությունը հարմարեցված էր Դիարբեքիրում հայկական Սբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը: Խումբը «ինտերնացիոնալ» էրՙ հայաստանցիներից բացի կային Ռուսաստանից, Սիրիայից, Լիբանանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Վրաստանից եկած հայեր: Առաջին անգամ այցելելով նվիրական երկրամասըՙ զգացի, որ մոսկովյան հեռուներից ունեցած իմ պատկերացումները ներկա իրողությունների մասին որոշակի իմաստով սիրողական են: Կտրելով սահմանը եւ անցնելով քրդական գյուղերի միջովՙ սկզբից մի բան ես մտածումՙ եւ այս երկիրը դեռ հավակնում է դառնալու եվրոպական: Թեեւ, անկեղծ լինենք, հիշյալ գյուղերը հազիվ թե տարբերվեն, ասենք, Թալինի շրջանի բնակավայրերից: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ մտանք Կարս: Մի պահ թվաց, թե հայտնվել եմ մերձմոսկովյան որեւէ քաղաքում. գրեթե սոցիալիստական բարեկարգ տիպային շենքեր, ստանդարտ ուղիղ փողոցներ, լուսավոր խանութներ: Շուտով գուցե հին Կարսից էլ բան չի մնա:
Շատ ավելի ապշեցրեց Վանը, ուր մենք եղանք բառացիորեն երկրաշարժի նախօրեին: Այսինքն, եթե մեկ օր էլ ավելի մնայինք, արդեն պիտի խոսեինք «հայի բախտի» մասին: Մենք անցանք եվրոպատիպ քաղաքի միջով եւ ուղեւորվելով դեպի Աղթամարՙ զարմացած հարցրինք էքսկուրսավարինՙ իսկ ո՞ւր է հին Վանը: Պարզվեց, որ այստեղ արդեն հնից ոչինչ չի պահպանվել: Մեր ուղեւորության ուղեկիցն էր «Ակունք» ազգագրական համույթը: Պետք էր միայն լսել այդ բարձրակարգ երաժշտական խմբի հոգեհույզ ելեւէջումները Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու կամարների ներքո:
Քրդերի ներկայիս գլխավոր քաղաքումՙ Դիարբեքիրում հայկական եկեղեցու վերաբացումը հակասական տրամադրություններ էր առաջացնում: Մի կողմից լավ է, որ վերականգնվում է մոռացվածը: Սակայն ինչո՞ւ մի քաղաքում, որտեղ հայություն չկա: Ինչքան էլ որ հայտնի լինեն պատճառները, անառողջ տպավորություն էր գործում Էջմիածնի ներկայացուցիչների բացակայությունը այդ հանդիսությանը:
Ես հատուկ կանգ չեմ առնում ուղեւորության մանրամասների վրա, որտեղ տեսանք հայ ճարտարապետության ու մշակույթի մնացորդներըՙ եկեղեցիներ, տներ, ուսումնական շենքեր, բերդակառույցներ, կամուրջներ եւ այլն: Հենց միայն Անին ողբ է հարուցում: Շատ ավելի կարեւոր են, ինչպես ասվեց, ներկա իրողությունները, որոնք ակամա համեմատություններ են առաջացնում Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանների միջեւ: Ակնհայտ է, որ քրդերը մեր նախնյաց հողում ստեղծել են, չասենք քաղաքակրթություն, այլՙ բարեկեցություն: Ողջ տարածաշրջանը կառուցապատվում է, կառուցապատվում է նորաձեւորեն, մասշտաբայնորեն: Քաղաքից քաղաք անցնելիս աչքի են զարնում շինաքարերի, ավազի, ցեմենտի, բետոնի եւ շատ այլ շինանյութերի հզոր արտադրությունները, մեծաբեռ ավտոմեքենաների առատությունը: Մեր նվիրական ընդարձակ հարթավայրերը այս ուշ աշնանն էլ հայացքիդ առաջ փռվում են որպես գյուղատնտեսական գեղեցկատես համայնապատկեր: Չթաքցնենք, սրտի ցավով էինք նայում դրանց: Նույնիսկ շարքային քրդական գյուղերում, էլ չենք ասում նորակառույց շեն բնակավայրերում, առանձնանում են բազմահարկ դպրոցները: Խանութներում բնամթերքները միայն տեղական են, զարմանալի կլիներ, որ քրդերը կարագ ներմուծեին հեռավոր Նոր Զելանդիայից, ինչպես դա արվում է Հայաստանում: Էլ չենք խոսում զարգացած անասնապահության մասին: Ողջ ճանապարհին անթիվ-անհամար են կովերի, այծերի, ոչխարների հոտերը: Եվ այս ամենը ընդամենը մեր աչքի տեսածն է: Եվ դա այն դեպքում, երբ Քրդստանի վերածված Արեւմտյան Հայաստանը համարվում է Թուրքիայի հետամնաց տարածաշրջանը: Մեր հողում քրդերն արդեն դուրս են եկել միջնադարից:
Մեր ուղեւորության առաջին իսկ օրը զուգադիպեց քուրդ գրոհայինների հերթական «ահաբեկչական» գործողությանը, թուրքերի հակահարվածին: Թուրքիան մոլեգնած էր, Էրդողանն իր սպառնալից տեսքով չէր իջնում հեռուստաէկրաններից: Մթնոլորտը հագեցած էր թուրք-քրդական լարվածության հերթական ալիքով: Հայերիս, տվյալ դեպքում կոնկրետ մեր խմբի անդամների նկատմամբ ջերմ վերաբերմունքը առաջին հերթին պետք էր բացատրել նրանց անթաքույց թրքատյացությամբ: (Երբ Վանի հյուրանոցի հաստ բեղերով տարեց սպասավորին ասացի, որ ինքը շատ նման է Օջալանին, նա անասելի պայծառացավ ու ամուր գրկեց ինձ): Չխորանալով բազմաբարդ քաղաքական նրբերանգների մեջՙ ենթադրենք, որ ապագայում մենք գործ կունենանք ոչ այնքան Թուրքիայի, որքան Քրդստան կոչված անկախ պետության հետ:
Եվս մի պարագա, որ Հայաստանում հուզում է շատերին: Մեր խմբին, հանդիպումների սեփական ծրագրի բերումով հետուառաջ ընկնելով, հետամուտ էր Թուրքիայի քաղաքական իրողություններին խիստ քաջատեղյակ, կենսուրախ ու արտակարգ եռանդուն մի այրՙ Ազգային ժողովի պատգամավոր Հաղթանակ Ախոյանը : Ահա եւ այս մարդը պեղել էր իր արեւմտահայ արմատներն ու գտել բազմաթիվ ազգականների, որոնք չէին մոռացել իրենց հայությունը: Մուշի հյուրանոցում, այնուհետեւ երկրաշարժը շրջանցելու կապակցությամբ ռեստորանում նույնպես «արեւմտահայ» տիկին Ռոզա Ծառուկյանի մատուցած «մատաղի» ժամանակ մենք էլ շփվեցինք նրանց եւ ուրիշ տեղացի հայերի հետ: Երբ Ախոյանը «ցավդտանեմներով» գրկում ու համբուրում էր իր դեռատի զարմիկին, վերջինս շփոթված ու զարմացած ժպիտով նայում էր նրանՙ ինչքա՜ն ջերմ է «օտար» լեզվով խոսող իր այս նոր բարեկամը: Իսկ հանդիպման գագաթնակետը թերեւս դարձավ մշեցի ամենաերկարակյացՙ 110-ամյա հայի յուրօրինակ «մամլո ասուլիսը»: Ալեհեր մարդը, ավա՜ղ, թարգմանչի օգնությամբ, պատմեց, թե ինչպես է փրկվել ջարդից, վերհիշեց իր «հայերենը», ինչպես ասում են, պատասխանեց ներկաների շատ այլ հարցերի: Ահա թե որ քաղաքում պիտի բացվեր հայկական եկեղեցի: Ծպտյալ հայերի թեման դեռ կարիք ունի վերծանման:
Վերադարձին ուղեղիս մեջ ռուսական թերթերից մեկի մի բնութագրումն էր. «Աթաթուրքի Թուրքիան այլեւս չկա, կա Էրդողանի Թուրքիան: Լճացած, պարտքերի մեջ խրված Եվրոպայի համեմատ այս երկիրն արդեն նման չէ երբեմնի «հիվանդ մարդուն»: 9 տոկոս տնտեսական աճով եւ պարտքերի ու բյուջեի բացակայությամբ Թուրքիան ներկայումս շատ ավելի առողջ տեսք ունի, քան եվրոպական շատ երկրներ»: Դժվար է չհամաձայնել Շարլ Ազնավուրի հետՙ Թուրքիան (մեր կողմից ավելացնենքՙ Քրդստանը) զորեղանում է, Հայաստանըՙ դատարկվում: Թուրքիայի եւ Վրաստանի բարետես մաքսատներին հաջորդեց Գյումրիի... վագոն-տնակ մաքսատունը: Մտանք մեր հայրենյաց հողը մի կողմից կարոտած, մյուս կողմիցՙ դառնացած: Երեւանում տաքսիստը, որը մեզ կեսգիշերին տուն բերեց, իմանալով, որ Արեւմտյան Հայաստանից ենք եկել, աշխուժորեն հետաքրքրվեց մեր տեսած-լսածով, հետո էլ անսպասելիորեն բռնկվեց. հայավարի ասած, շան լափ թափեց «գյոզալ» կոմունիստներից հետո եկած Հայաստանի ղեկավարների գլխին, որոնք փոխանակ հարստացնելու ժողովրդին, իրենք են պարարտանում: Մռնչաց ծանր ապրուստից ու կենսապայմաններից, որոնց պատճառով ինքը ստիպված գիշերներն էլ է երթի դուրս գալիս: Փնովեց հայ ժողովրդին, որը չի կարողանում ընտրել մի ղեկավարի, որն ընդունակ լինի ստեղծելու արդար պետություն: Ցավ հայտնեց, որ ուրիշների պես ինքը հնարավորություն չունի արտագաղթելու: Եվ էս հալին էլ ուրիշներից բան են պահանջումՙ իմաստնաբար եզրակացրեց նա, վերջում էլ խնդրելով, որ մի քիչ ավելի վճարեմ «ծայրը-ծայրին» հասցնելու համար: Երկիրը երկիր չէՙ հրաժեշտ տվեց նա:
Արժե՞ ակադեմիական բնույթ հաղորդել վարորդի ասածներին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Արեւմտյան Հայաստան-Արեւելյան Հայաստան
Հ. Գ. «Ազգ» թերթը շնորհավորում է «Անի տուր» տուրիստական ընկերությանը 15-ամյա հոբելյանի առթիվ:
Նկար 1. Ծաղկեպսակ Սբ Կիրակոս եկեղեցում
Նկար 2. Հնի եւ նորի անջրպետ-պարիսպը
Նկար 3. Դիարբեքիրի մեր հյուրանոցը
Նկար 4. 110-ամյա «ծպտյալ» հայը «ասուլիսի» պահին: