Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Սերգեյ Կապինոսին Հայաստանի նախագահը պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալովՙ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների եւ արժեքների տարածման եւ ամրապնդման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակիՙ տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են Հայաստանի կառավարության ծրագրերին եւ նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:
Սերգեյ Կապինոսն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահին` Հայաստանում իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության եւ պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրականացման եւ բարեփոխումների առաջմղման գործում քաղաքական կամքի դրսեւորման համար:
Ա. Հ.