Դեպի ծով ելք չունեցող երկրների համար սովորական խնդիրները դառնում են զարգացման ու տարածաշրջանային եւ համաշխարհային ինտեգրման լրջագույն խոչընդոտներ: Ուստի հատկապես կարեւորվում են այն նախաձեռնությունները, որոնց պարագայում նմանատիպ երկրները միավորվում են ու փորձում ընդհանրական մոտեցմամբ ու ջանքերի համատեղմամբ լուծել հարցերը:
Հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հիմնահարցերով զբաղվող վերլուծական կենտրոն հիմնելու մասին» բազմակողմ համաձայնագիրը:
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել վերլուծական կենտրոն դեպի ծով ելք չունեցող երկրների` միջազգային առեւտրին առավել ակտիվ ներգրավվելու հնարավորությունների ուսումնասիրման նպատակով: Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, կենտրոնը կփորձի նաեւ նպաստել նմանատիպ երկրների խնդիրների քննարկմանն ու դրանց լուծման համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական աջակցության տրամադրմանը` ՄԱԿ-ի հետ շարունակական համագործակցության միջոցով:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արդեն իսկ անդրադարձել է այս հարցին` ընդունելով բանաձեւ, որով ողջունում է միջազգային վերլուծական կենտրոն ստեղծելու գաղափարը:
Ա. Հ.