«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2011-10-29 | #195, 2011-11-01 | #196, 2011-11-02


«ՊԵՏՔ Է ԿՆՔՎԱԾ ԼԻՆԻ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՑՎԻ

«Կ. Տ.» հապավմանն անծանոթ մարդ դժվար թե գտնվի, բայց առաջիկայում այդ հապավումն այլեւս չենք տեսնի: Ինչպես արդեն հայտնի է, կառավարությունը վերացրել է ձեռնարկությունների գրանցման ժամանակ կնիք ունենալու, ապա նաեւ այն գործածելու պարտադիր պահանջը: Այդուհանդերձ, տարբեր փաստաթղթերում շարունակվում են կնիքներ դրվել թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցների կողմից: Դա մի կողմից սովորություն է, բայց մյուս կողմից էլ դեռեւս բազմաթիվ իրավական ակտերում պահպանվող պահանջ: Ի՞նչ է մտադիր անել կառավարությունը, որպեսզի կնիքի առկայության եւ գործածության ոչ պարտադիր լինելը կյանքի կոչվի:

Մեր վերոնշյալ հարցն ուղղեցինք էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Վահե Չիբուխչյանին : Նա մեզ տեղեկացրեց, որ առաջիկայում կառավարության հաստատմանը ներկայացվելիք բարեփոխումների փաթեթում անդրադարձ է արված նաեւ այս հարցին: Մասնավորապես, պետական մարմինները պետք է վերացնեն փաստաթղթերը կնքելու պարտադիր պահանջը: Այդ նպատակով արդարադատության նախարարությանը հանձնարարվելու է իրավական ակտերից հանել «պետք է կնքված լինի» արտահայտությունը: Ըստ Վահե Չիբուխչյանի, արդարադատության նախարարությանը հավանաբար 3-4 ամիս ժամանակ տրվի այդ պահանջը վերացնելու համար, քանի որ նման պահանջ ունեցող իրավական ակտերը մի քանի հարյուրն են:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4