«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2011-11-01 | #196, 2011-11-02 | #197, 2011-11-03


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԵՍ ԱՂԱՉՈՒՄ ԷԻ ՓԵԼՈՍԻԻՆ` ԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ...»

ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը պատրաստվում է գիրք հրապարակել «Չկա ավելի բարձր պատիվ» վերնագրով: Գրքում, որի որոշ հատվածներ արդեն իսկ հայտնի են դարձել մամուլին, Ռայսն անդրադառնում է իր պաշտոնավարման տարիներին, մասնավորապես Վաշինգտոն-Անկարա հարաբերություններին: Նախկին պետքարտուղարը պատմում է իր եւ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Էրդողանի հետ հարաբերություների, թուրք-քրդական բախումների ու տարածաշրջանում ստեղծված լարվածության, Թուրքիայի ԵՄ անդամակցության, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի տապալման համար կոնկրետ իր մղած պայքարի մասին: «Ոչ ոք չի կարող հերքել ողբերգական իրադարձությունները: Սակայն դա ոչ թե քաղաքական գործիչների, այլ պատմաբանների գործն է, հենց վերջիններս էլ պետք է որակումներ տան», Ցեղասպանության մասին իր դիրքրոշումն է հայտնում Ռայսը` շարունակելով. «Ճիշտ այն պահին, երբ թուրք-իրաքյան սահմանին առկա լարվածությունը իր գագաթնակետին էր հասել, Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդգրկեց բանաձեւը լիագումար նիստի օրակարգ: Ներկայացուցիչների տան նախագահ Նենսի Փելոսիին աղաչում էի` այդ բանաձեւը քվեարկության չդնել: Սակայն Փելոսին ինձ ասաց, որ ինքը ոչինչ չի կարող անել: Պաշտպանության նախարար Գեյթսի հետ մամուլով հայտարարեցինք, որ դեմ ենք բանաձեւին, եւ փոխանցեցինք Իրաքում մեր զինվորական հրամանատարության հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակում առկա է մեր կարեւոր ռազմավարական դաշնակից Թուրքիային կորցնելու հավանականությունը: Մենք թուրքերին էլ խոստացանք, որ ամեն գնով կտապալենք այդ բանաձեւը Կոնգրեսում եւ ի վերջո հասանք մեր նպատակին: Հայերը, որ ցանկանում էին զարգացնել Թուրքիայի հետ հարաբերություններ, նույնպես այդ բանաձեւի ընդունման կարիքը չունեին», հիշել է Կոնդոլիզա Ռայսը:

Իսկ երբ կհրապարակվի Ռայսի գիրքը, որը, ինչպես վերը նշեցինք, վերնագրված է` «Չկա ավելի մեծ պատիվ», կարելի է մեկ հարց ուղղել նախկին պետքարտուղարին. ո՞րն է ավելի մեծ պատիվ` հավատարի՞մ մնալ սեփական երկրի հիմնական, հռչակված արժեհամակարգին ու հարգել մարդու իրավունքները, դատապարտելով պատմության բոլոր հանցագործություններն ու հանցագործներին, թե՞ «չկա ավելի մեծ պատիվ», քան պահպանել Թուրքիայի հետ ռազմավարական կարեւոր հարաբերությունների մակարդակը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4