«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2011-11-01 | #196, 2011-11-02 | #197, 2011-11-03


ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԲԱՐՁՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈԼՈՐՏՆԵՐ

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի երկրորդ նիստը երեկ տեղի ունեցավ կառավարությունում: Դիմելով ներկաներինՙ խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հարկային փոփոխությունների փաթեթին: Նրա հավաստմամբ, փաթեթի տրամաբանությունն է հնարավորին չափ բարելավել միջավայրը փոքր եւ միջին բիզնեսի համար եւ հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ, որտեղ կան ավելի բարձր եկամուտներ:

Մասնավորապես, եկամտահարկի սանդղակում 10 տոկոս եւ 20 տոկոս շեմից բացի, սահմանվելու է նորՙ 25 տոկոս շեմ, որը պետք է վճարեն այն ֆիզիկական անձինք, ովքեր ստանում են 2 միլիոն դրամից ավելի եկամուտ: Երկրորդը ալկոհոլային խմիչքների հարկման դաշտի հավասարեցումն է արտադրողների եւ ներմուծողների համար, քանի որ «եթե մենք մեզ թույլ տանք անհավասար մոտեցում, ապա մեր գործընկերներ պետությունները նույնպես կարող են իրենց դա թույլ տալ»: Միեւնույն ժամանակ, ավելացվում են հարկերն էլիտար խմիչքների վրա եւ 50 տոկոսովՙ օղու արժեքային դրույքաչափը` ներքին շեմը թողնելով անփոփոխ 500 դրամ: Ըստ վարչապետի, իրականում այս փոփոխությունը մեր արտադրողների համար ավելի բարենպաստ պայման կստեղծի, որովհետեւ նրանք գնային առումով ավելի լավ վիճակում են հայտնվում, իսկ թանկ օղիներից լրացուցիչ բյուջե կմտնի 2 միլիարդ դրամ:

Տիգրան Սարգսյանի մատնանշած երրորդ կարեւոր փոփոխությունը շքեղության հարկն էՙ 90 հազար դոլարից ավելի բարձր գին ունեցող մեքենաների մաքսային արժեքի նկատմամբ դրույքաչափը կբարձրացնա 20 տոկոսով: Չորրորդըՙ խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման համար նախատեսված հաստատագրված վճարները կավելանան 50 տոկոսով` ակնկալելով 2 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ:

Միաժամանակ, փոքր եւ միջին բիզնեսի համար ընդլայնվում են արտոնագրային վճարների դաշտում գործունեության տեսակները, ընդգրկելով հանրային սնունդը, հյուրանոցային տնտեսությունները, թեթեւ մարդատար մեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնողներին, վարսավիրանոցները, ավտոտեխսպասարկման կայանները, ավտոկանգառները, բիլիարդ խաղերի կազմակերպումը: Փոքր եւ միջին բիզնեսին վերաբերող հաջորդ կարեւոր փոփոխությունը հարկային գերավճարներն այլ պարտավորությունների դիմաց առանց ուսումնասիրման եւ ստուգումների հաշվանցման հնարավորության տրամադրումն է: Բացի դրանից, պետության կողմից գերավճարների վերադարձման տույժ տուգանքները չեն դիտարկվելու որպես եկամուտ բիզնեսի համար եւ չեն հարկվելու:

«Այս փաթեթով վերացվում է նաեւ հասույթների գրանցման գիրքը, որը մշտական դժգոհությունների առարկա էր: Էապես պարզեցվում է նաեւ առաքման դեպքերի բովանդակությունըՙ պակասեցվում է լրացվող տողերի քանակը եւ այլն», նշել է վարչապետը: Նա տեղեկացրել է, որ ի տարբերություն փոքր եւ միջին բիզնեսի, խստացնելու են պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ, որը զբաղվում է մեծածավալ ներկրումներով, սակայն չի ապահովում փաստաթղթաշրջանառությունը: Հանքաքարի, սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների, ինչպես նաեւ փայտանյութի արտահանման նկատմամբ սահմանվելու են պարտադիր վճարներ, որոնց նպատակն էՙ վերջիններիս վերամշակումը կազմակերպել Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում:

Առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղաշարժի պարագայում պատասխանատվության միջոցները նույնպես խստացվելու են: Խոսքն ամսական 15 միլիոն դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող խոշոր հարկ վճարողների մասին է: Ներդրվելու են նորմեր, որոնք պարտադրում են, որ խոշոր գործարքները լինեն անպայման անկանխիկ:

Գործարարների երկու առաջարկ կյանքի է կոչվել

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի երեկ տեղի ունեցած նիստի մասին լրագրողներին տեղեկություններ հաղորդեց խորհրդի անդամ, «Գործարար շահերի պաշտպանություն» կազմակերպության տնօրեն Գագիկ Պողոսյանը : Նա հայտնեց, որ նախորդ նիստից մինչ այս նիստը ընկած ժամանակահատվածում լուծվել են գործարարների բարձրացրած խնդիրներից երկուսը: Առաջինըՙ ձեռնարկությունների գրանցման ժամանակ արդեն տրամադրվում է նաեւ սոցվճարի համարը, որը մինչ այդ տրվում էր սոցիալական ծառայության կողմից: Երկրորդըՙ անշարժ գույքի վարձակալության գործարքի հեշտացումն ու ծախսերի նվազեցումն է: 2012-ի հունվարի 1-ից, տարածքի վարձակալման գործարքը ձեռներեցը կարող է կնքել կադաստրումՙ առանց նոտարական վավերացման, իսկ վճարը կլինի միասնական:

Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ նիստի ժամանակ առաջադրվել են այլ հարցեր: Մասնավորապես առաջարկվել է ներմուծվող եւ տեղում արտադրվող նույն ապրանքների դեպքում տեղական արտադրանքի համար որոշակի նպաստավոր պայմաններ ստեղծել: Ըստ վերոնշյալ կազմակերպության ղեկավարիՙ այստեղ հարկ է նկատի ունենալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները եւ չստեղծել անհավասար պայմաններ ներմուծողների համար, բայց կան երկրներ, որոնք ԱՀԿ սկզբունքներով մեզ հետ չեն առաջնորդվում, եւ մենք էլ կարող ենք նրանց նկատմամբ նույն կերպ վարվել: Գագիկ Պողոսյանը որպես օրինակ բերեց Թուրքիան եւ թուրքական ապրանքները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4