«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2011-11-01 | #196, 2011-11-02 | #197, 2011-11-03


ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ «ԵՐԿՐԱՇԱՐԺ» ԱՆՎԱՆ ՏԱԿ ՊԱՅԹԵՑՆԻ ՎԱՆԻ ԴԵՌԵՎՍ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

1976 թ. Գառնիի երկրաշարժից փլուզվեց 15 եկեղեցի, 1931-ի երկրաշարժի ժամանակ ավերվեց Տաթեւի եկեղեցին: 1988-ի Սպիտակի երկրաշարժից Շիրակի եւ Լոռու մարզերում 8000 հուշարձանից 2000-ը վնասվեցին` 155-ը անդարձ կորավ, 10 եկեղեցի խոնարհվեց: Նրանց վերանորոգման հարցը վերջին 20 տարվա ընթացքում երբեւէ չի քննարկվել: Պետությունը ֆինանսներ չունի հուշարձանները վերանորոգելու:

Հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայկական հուշարձանների սեյսմակայունության խնդիրը դարձավ արդիական: Որ երկրաշարժից Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական հուշարձանները վնասված կլինեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը չի բացառում: Վարագա վանքը, որ Վանի նահանգում է, ուժեղ երկրաշարժի կարիք էլ չի զգում: Գմբեթը փլված է, քարերը` տեղաշարժված, մի քանի ագամ գանձագողության նպատակով պատերը ջարդել են, անցքեր բացել, թեթեւ երկրաշարժի դեպքում էլ եկեղեցին առնվազն կիսով չափով կփլվի: Կարապետյանի գնահատմամբ` երկրաշարժից վնասված կլինեն նաեւ Բերկրիի շրջանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Սուրբ Գեւորգ եկեղեցու պահպանված գավիթը:

Մինչդեռ Արեւմտյան Հայաստանում հայկական հուշարձաններն ու եկեղեցիները առավելապես ոչ թե տարերային աղետների պատճառով են ավերվում, այլ` պետական համակարգված քաղաքականության:

«Շատ եկեղեցիների գմբեթները ավերվել են ոչ երկրաշարժից: Պետության հասցրած վնասն ավելի մեծ է: Թուրքիայի քաղաքացիները հիվանդ են, նրանց այդպես դաստիարակել է պետությունը: Եթե 40-ականներին պետությունն էր պետական մակարդակով գանձախուզության պատրվակով քանդում հայկական եկեղեցիներն ու պայթեցնում դրանք, ապա այսօր թուրքերն ու քրդերը առիթը բաց չեն թողնում գանձախուզության նպատակով եկեղեցիներ ու գերեզմանատներ ավերելու»:

Կարապետյանը թատրոն է անվանում թուրքական կառավարության խոստումը, որ հաջորդ տարի վերանորոգելու են Վարագա վանքը: Նա հիշեցնում է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգմանը զուգահեռ թուրքական կառավարությունը պայթեցրեց մի քանի հայկական կանգուն եկեղեցիներ եւ խաչքարերով գերեզմանատներ: «Սա իհարկե թատրոն է, սակայն գոնե այդ կերպ մի եկեղեցի կփրկվի»:

Սամվել Կարապետյանը նշում է, որ Վանի երկրաշարժից հետո մեր պետությունը պետք է մասնագետների խումբ ուղարկեր Արեւմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրեին, թե երկրաշարժն ինչ չափի վնաս է հասցրել հուշարձաններին: Կարապետյանը չի բացառում, որ թուրքերը երկրաշարժի անվան տակ մնացյալ կանգուն գավիթներն ու հուշարձաններ էլ կպայթեցնեն:

Մշակույթի նախարարության պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանման գործակալության պատմական միջավայրի եւ հուշարձանների պահպանման եւ օգտագործման վարչության պետ Դորվարդ Առուշանյանի գնահատմամբ` Հայաստանում հուշարձանների մեծ մասը նույնպես համարվում է վթարային: Դրանք քայքայված են, քարերըՙ տեղաշարժված, ինչից հուշարձանների սեյսմակայունությունը կրկնակի նվազում է: Պետական բյուջեն գումարներ տրամադրում է վթարված հուշարձանները վերանորոգելու համար, սակայն դրանք բավարար չեն: Սպիտակի երկրաշարժից հետո 20 տարվա ընթացքում վերանորոգվել է ընդամենը 3 հուշարձան:

Դսեղի Սուրբ Գրիգոր եկեղեցի, Կիրսարի կամուրջ, Արջուց եւ Հավուց թառի եկեղեցիներ, Սանահին: Սամվել Կարապետյանը խոստովանում է, որ այս շարքը կարող է բավական երկար շարունակել: Սրանք Հայաստանի տարածքում գտնվող հուշարձաններն են, որոնք համարվում են վթարային եւ ընդգրկված են սեյսմավտանգ հուշարձանների ցանկում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4