Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը համագործակցության շրջանակային համաձայնագիր է կնքել Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովի հետ: Պաշտոնական արարողության ընթացքում կողմերն ընդգծել են, որ համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի գիտակրթական ոլորտում ավելի համակարգային համագործակցության` ՄՊՀ-ի բազայի վրա: Իր ելույթում Արա Աբրահամյանը շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական ու զարգացել են. «Այս մասին վկայում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օրերս կայացած պետական այցը Ռուսաստան եւ հանդիպումները ՄՊՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Վստահաբարՙ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման առումով մեծ դեր է խաղում Ռուսաստանի հայկական համայնքը եւ մասնավորապես Ռուսաստանի հայերի միությունը` որպես խոշորագույն համառուսաստանյան կազմակերպություն», նշել է Արա Աբրահամյանը:
ՌՀՄ նախագահը նաեւ ընդգծել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կաջակցի ՄՊՀ-ի այն ուսանողներին, որոնք սովորում են հայոց պատմություն, եւ երիտասարդ գիտնականների համար հնարավորություններ կստեղծի` այցելելու այն երկիրը, որի պատմությունը նրանք ուսումնասիրում են: Աբրահամյանը նաեւ խոսել է Ռուսաստանի ու Հայաստանի գիտական շրջանակների պարբերական համագործակցության ու դրանում երիտասարդ գիտնականների ներառման կարեւորության մասին:
Ռուսաստանի հայերի միությունը նույն օրը շրջանակային համաձայնագիր է ստորագրել նաեւ «Մոսկվայի բելառուսներ» հասարակական կազմակերպության հետ` ի դեմս վերջինի ղեկավար, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Սերգեյ Կանդիբովիչի: Այս կապակցությամբ Արա Աբրահամյանն ընդգծել է Հայաստանի, Ռուսաստանի ու Բելառուսի սերտ դաշնակցային հարաբերությունները` ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում: Աբրահամյանը նշել է, որ այս հարաբերությունները պետք է զարգացնել ժողովուրդների մակարդակով:
Հ. Ա.