«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2011-11-02 | #197, 2011-11-03 | #198, 2011-11-04


ՄԱԿ-Ի ՈՉ ՄՇՏԱԿԱՆ ԱՆԴԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՈՒՑԵ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԼԻՆԻ, ԲԱՅՑ ԴԺՎԱՐ...

Հայաստանի կողմից Թուրքիային տրամադրված մարդասիրական օգնության կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ դա չի կարող դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

«Panorama.am»-ի փոխանցմամբ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանիՙ այս առնչությամբ հարցին Ազգային Ժողովում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Հայաստանն իր օգնության ձեռքը մեկնեց Թուրքիային, եւ չեմ կարծում, որ այդ կարգի հայտարարությունները կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- արձագանքեց նախարարը:

Նալբանդյանը նշել է, որ, փաստորեն, թուրքական կողմը շարունակում է ապակառուցողական մոտեցումը, որ դրսեւորել է Ցյուրիխից հետո: Իսկ թե որն է հայ-թուրքական հարցում ԱՄՆ-ի լավատեսության հիմքը, Հայաստանի ԱԳ նախարարը արձագանքել է. «Դիվանագիտության մեջ պետք է լավատես լինես: Եթե այդպիսին չես, ապա դիվանագետ չես», ընդգծելով, որ անկախ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումից, Հայաստանն այն կարծիքին է, որ հարաբերությունները պետք է կարգավորել ու այդ ուղղությամբ պետք է շարունակել ջանքերը:

Խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամ ընտրվելու մասին` Նալբանդյանը կարծիք է հայտնել, թե այդ անդամակցությանը պետք չէ այդքան արձագանքել:

«Հայաստանը պատրաստ է շարունակել նույն ոգով, ու եթե Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, միգուցե ավելի լուրջ ու ավելի կառուցողական մոտեցումներ ցուցաբերի` տեսնենք: Սակայն կասկածելի է... Արդյոք Ադրբեջանը հետ կկանգնի՞ պատերազմ հրահրելու կոչերից, ռազմատենչ հայտարարություններից, ռասայական հայտարարություններից: Խիստ կասկածելի է», ասել է ԱԳ նախարարը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4