Եվրոմիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը «առանց որեւէ բացառության աջակցում է 2009 թ. Լ’Աքվիլայում եւ 2010-ին Մուսկոկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարություններում ներկայացված սկզբունքներին...»` աջակցելով նաեւ 2011-ի դովիլյան հայտարարությանը:
Նոյեմբերի 2-3-ին Երեւանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստում ընդունվել են հայտարարություն եւ հանձնարարականներ, որոնցում, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական հաղորդագրության, առանձնակի համաձայնություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի` 2010-ի հուլիսի 17-ի հայտարարության մեջ արվող ընդգծմանը առ այն, որ «Հիմնարար սկզբունքներից որեւէ մեկը մյուսներից առանձնացնելու յուրաքանչյուր փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:
Նույն փաստաթղթով հանձնաժողովը ողջունում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն իր աջակցությունը մեծացնելու ԵՄ ցանկությունը, շեշտելով, որ «հակամարտության ուժային լուծման որեւէ փորձ աղետալի կլինի»:
Փաստաթղթի վերջին կետն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, կրկին առանձնահատուկ շեշտադրմամբ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններն առանձին գործընթացներ են ու պետք է առաջ գնան իրենց տրամաբանական հիմքով, թեեւ «երկու գործընթացներից մեկում առաջընթացը պոտենցիալ առումով կարող է դրական հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը մոտ 20 կետերով ողջունում է եվրոպական ինտեգրման ուղղությամբ արվող քայլերը, միեւնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանում ներքաղաքական մթնոլորտի նորմալացումը ավարտին չհասավ ի դեմս իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ընդգծմամբ, որ երկխոսությունն անհրաժեշտություն է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ