Կառավարության նիստում երեկ հաստատվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագիրը: Ներկայացնելով այնՙ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ սա ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է, ապահովելու է մայրուղիներից եւ Երեւան քաղաքից դեպի օդանավակայան ուղեւորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու եւ երկաթգծի կառուցման միջոցով: Նախարարի տեղեկացմամբ, լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տեւելու է երեք տարի, արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ:
Մանուկ Վարդանյանի ներկայացմամբՙ երկաթուղային նոր գծի կառուցումը թույլ կտա կապ հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորատար տերմինալի եւ «Չարբախ» մետրոպոլիտենի կայարանի միջեւ, իսկ բեռնային համալիրը արագընթաց գնացքի միջոցով կկապվի Կարմիր բլուր կայարանի հետ: Շինարարությունը կարժենա 5 մլն դոլար:
Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան նոր մայրուղին նախատեսվում է իրականացնել երկու առանձնացված եռագիծ տարբերակով: Մայրուղին ունենալու է 3,5 կմ երկարություն, շրջանցելու է Փարաքար եւ Արգավանդ բնակավայրերը եւ միանալու ապագայում կառուցվելիք Իսակովի պողոտա-Շիրակի փողոց տեղամասին: Նախնական հաշվարկների համաձայնՙ կառույցը կարժենա շուրջ 45 մլն դոլար` առանց օտարման գոտու համար նախատեսվող գումարների: Նշված գումարից 25 մլն դոլարը նախատեսված է 2x3 շերտանի ավտոճանապարհի եւ էստակադայի կառուցման համար, իսկ 20 մլն դոլար` տրանսպորտային հանգույցի, ինժեներական կոմունիկացիաների եւ լուսավորման սյուների համար:
Ա. Մ.