Նրանց առողջապահական, կրթական, բնակարանային եւ հանգստի հարցերի լուծման համար
Պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել պետական ծառայողների համար սոցիալական ապահովության փաթեթին: Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանինՙ մանրամասներ ներկայացնել այդ փաթեթի մասին:
Ըստ ֆինանսների նախարարիՙ փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար անկանխիկ գումար է: Քաղծառայողը կարող է չորս ուղղություններով օգտագործել այդ փաթեթը, իսկ նրա համար համապատասխան վճարումներ կկատարի համապատասխան հիմնարկի ֆինանսական կամ հաշվապահական վարչությունը: Եթե աշխատակիցը գնում է բժշկական ապահովագրություն, ապա դրանով նա լուծում է իր եւ իր ընտանիքի բժշկական անվտանգության հարցերը: Երկրորդ ուղղությունը, որն առաջարկվում է փաթեթով, հիփոթեքային վարկերի համար տոկոսադրույքների վճարումն է: Ընդ որում, հիփոթեքային վարկերը վերաբերում են ոչ միայն բնակարանի ձեռքբերմանը, այլեւ վերանորոգման ընթացիկ վարկերին: Երրորդ ուղղությունը կրթությունն է, չորրորդըՙ հանգիստը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Վաչե Գաբրիելյանի հավաստմամբ, բոլոր դեպքերում մշակված են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն բյուրոկրատիան: «Մասնավորապես, նախարարությունում կամ հիմնարկությունում որեւէ մեկը չի որոշի` արժե այդ վճարումը կատարել, թե ոչ», ասաց նա, ավելացնելով, որ կրթության ոլորտում նշված կլինեն բոլոր այն հաստատությունները, որոնք, փաթեթի համաձայն, հաստատել է կրթության նախարարությությունը, Էկոնոմիկայի նախարարությունը կհաստատի ծրագրի համապատասխան բոլոր այն հանգստյան տների, հյուրանոցների եւ առողջարանների ցանկը, որոնցից կօգտվեն քաղծառայողները, բժշկական ապահովագրությունից կօգտվեն Կենտրոնական բանկի կողմից արտոնագրված բժշկական ապահովագրություն տրվող ընկերությունների ծառայություններից: Չորրորդ ուղղության համապատասխանՙ եթե բանկը հաստատի, որ քաղծառայողի վարկը համապատասխանում է փաթեթով նախատեսված եւ Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտներին, ապա անմիջապես վարկի տոկոսները կվճարվեն:
«Փաթեթն առնվազն կտարածվի պետական համակարգի 100 հազար աշխատակիցների վրա», եզրափակեց ֆինանսների նախարարը: Դրան վարչապետը հավելեց, որ այդ 18 մլրդ դրամը հավասար չափով հասնում է շուրջ 100 հազար պետական ծառայողների` անկախ նրանից, թե նրանք ինչ պաշտոնական դիրք են զբաղեցնում եւ ինչ աշխատավարձ են ստանում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ