ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առայժմ դավադրությունների տեսությունից չելնելով եւ Լեւոն Զուրաբյանի ասած` «ռեժիմի ներսում Սերժ Սարգսյանի դեմ ձեւավորված օլիգարխիկ ընդդիմության» գաղափարը չկարեւորելով` քննարկենք մի քանի մանր խնդիր, որոնք անցած շաբաթվա պաշտոնափոխությունների հետ են կապվում, բայց առայժմ աննկատ են մնում, քանի որ շռնդալից, անսպասելի եւ գիշերային փոխոխությունների ստվերը չի թողնում դրանք նկատել: Նախ` ԱԺ նախագահի այն պատճառաբանությունը, թե ինքը չի ուզում միախառնել շտաբի պետի եւ Աժ նախագահի պարտականությունները, հիմա արդեն Միքայել Մինասյանին շտաբի պետի տեղակալ ուղարկելու լուրի պարագայում չեն դիմանում քննադատության, քանի որ Հովիկ Աբրահամյանը փաստորեն շտաբի պետի գործին նվիրվելու է այնքան, որքան դե ֆակտո նրան իրավասություն կտան, իսկ մեծ իրավասություն չի ունենա, քանի որ հազիվ թե Մ. Մինասյանի ներկայությունը դա թույլ տա: Իսկ եթե նրան վերահսկելու են, ուրեմն նա այն ֆիգուրը չէ, որ հետո ԱԺ նախագահի պաշտոն ուզի կրկին, համ էլ նույն գետը երկրորդ անգամ ո՞վ է մտնում, եթե այդպես լիներ` հիմա նորից Տիգրան Թորոսյանի անունը կշրջանառեին որպես ԱԺ 5 ամսվա նախագահի, սակայն անգամ այդ 5 ամսվա համար ոչ Թորոսյանը հավանաբար կուզի երկրորդ անգամ նույն գետը մտնել, ոչ էլ նրան կմտցնեն:
Եղավ, որ ԱԺ նախագահությունից էին հանում Հ. Աբրահամյանին` ԱԺ-ում զորաշարժեր չանելու համար, եւ շտաբում էլ առանց վերահսկողության չեն թողնում...
(Մինասյանի հեռացումն, իհարկե, անկախ սրանից, դրական երեւույթ ունի նախագահի համար` նրան զերծ կպահի խոսակցություններից եւ տարատեսակ խարդավանքները նրա անվան հետ կապելու մտայնությունից հատկապես տեղեկատվության եւ նախընտրական քարոզչության բնագավառում):
Երկրորդ խնդիրն այն է, որ այս ողջ աղմուկ-աղաղակի մեջ, երբ բարձրաձայն խոսվում է այն մասին, թե նախ` ՀՀԿ շտաբն այժմվանից կամաց-կամաց պիտի աշխատի, քանի որ ՀՀԿ-ն, նրա ղեկավար նախագահը խնդիր ունեն նախ միջազգային բարձր չափանիշներով ընտրություններ անցկացնելու, երկրորդ` ՀՀԿ-ն մի բան էլ պիտի ամրապնդի իր տեղը խորհրդարանում: Սրանք կարծես թե բնականոն ցանկություններ են, բայց եկեք խորանանք:ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի խնդիրը փաստորեն չի կարող միայն ՀՀԿ-ի հզորացումը լինել` շատ պարզ մի պատճառով, քանի որ նա, ճիշտ է, ՀՀԿ ղեկավարն է, բայց կա նաեւ կոալիցիոն հուշագիր, ու նա երկրի, ժողովրդի նախագահը լինելուց բացի` ողջ կոալիցիայի նախագահն էլ է: Հուշագրով եւ առանց հուշագրի: Բա էլ ո՞նց պիտի մենակ ՀՀԿ-ն հզորացնի, ուրեմն մյուսներին պիտի թուլացնի՞: Դե ոնց չհիշես այստեղ Քոչարյանին, որ միշտ շեշտում էր, թե իր ձեռքերը կապված չեն եղել կուսակցական պարտավորություններով: Այսինքն` այստեղ ի սկզբանե հավասար ստարտային պայմաններ չկան, ՀՀԿ-ն հենց սկզբից ունի, ուրեմն, նախագահի աջակցությունը, մյուսները չունեն, դե հիմա արի, ԲՀԿ, համաձայնի խելոք մնալ, եթե նախագահը աջակցում է միայն ՀՀԿ-ին: Այստեղ տրամաբանություն կա՞: Մինչդեռ, օրինակ, ոչ մի կուսակցություն չղեկավարող նախագահի համար ի սկզբանե մեկ էր լինելու, թե կոալիցիայի ո՞ր կուսակցությունը շատ ձայն կվերցնի խորհրդարանում, քանի որ բոլոր տարբերակներով նա կունենար իր մեծամասնությունը: Իհարկե, այստեղ խնդիր կա այն պահով, որ ներկա կոալիցիայի մի կուսակցությանը ստեղծել է նախորդ նախագահը: Հա, շատ խուճուճ հարաբերություններ են ստացել, որ հիմա պաշտոնափոխությունների բարդ կոմբինացիայով երկրի նախագահը գուցե փորձում է կարգավորել, ամեն իր իր տեղը դնել:
Բայց հաշվարկը, հաշվապահությունը միշտ մնում են հաշվարկ ու հաշվապահություն միայն, չմոռանաք, որ մեր ժողովուրդը շատ անգամ կառավարելի է դառնում էմոցիայով եւ հոգեբանական գործոնով: Օրինակ` էս գլխից արդեն կյանքի ուղեգիր է ստանում մի մտայնություն, որ Գագիկ Ծառուկյանին, փաստորեն, տարբեր միջոցներով են ստիպում մնալ կոալիցիայի մեջ, ինքը կուզենար, բայց չի կարող դուրս գալ: Թե որքանով է դա իրական, որքանով մտացածին, դա ընթացքում կարող է այնքան էլ կարեւոր չլինել, քանի արդեն բավական ստվար ընտրազանգվածի մոտ այդպիսի մտայնությունը կձեւավորի մի ստերեոտիպ, որ Ծառուկյանը «տուժած տղա է», նրան ստիպում են մի բան, որ ինքը չի ուզում: Ու մարդը, որ դժգոհ է իր կյանքից, դժգոհ է իշխանությունից, այս վատ ապրելակերպից, ՀԱԿ-ից հուսախաբված է, կգնա ու կընտրի ԲՀԿ-ին եւ Ծառուկյանին:
Այդպիսով` բոլոր այս միջոցառումները, որ հիմա սկիզբ են առել, ու ակնհայտ է, որ շարունակություն են ունենալու, ինչին որ կոչված են ` դրան չեն նպաստի, այլ լրիվ հակառակ ազդեցությունը կունենան: Գովազդը երբեմն հակագովազդ է` այս հանրահայտ պոստուլատը կաշխատի: Այնպես որ` երկրի նախագահը դեռ պետք է տասը չափի, մեկ կտրի` գլխավորի՞ ՀՀԿ համամասնական ցուցակը, թե՞ ոչ: Ճիշտ է, այդ տարբերակը քաղաքակիրթ երկրներում աշխատում է, մեզ մոտ կարող է չաշխատել զուտ այն պատճառով, որ 10 տարի իշխանության գտնվող կուսակցության հանդեպ դժգոհությունը ժողովուրդը կարող պրոյեկտել ընդամենը մեկ ժամկետ նախագահած այդ կուսակցության ներկա ղեկավարի վրա: Իսկ դավադրությունների տեսությունները կարող են իրական լինել կամ չլինել, աշխատել եւ չաշխատել, չգիտենք, բայց դրանք չեն դառնա սոսկ շարժիչ ուժը: Իրական շարժիչ ուժը ժողովուրդն ու ընտրողն է, որի տրամադրությունները փորձելու են ե՛ւ դավադրությունների տեսություններով առաջնորդվողները, ե՛ւ հաշվարկ անողները, իսկ եթե այս անգամ ա՛յդ շարժիչ ուժն աշխատի եւ աշխատի միայն «դեմի» սկզբունքով, աշխատի քաղաքակիրթ, ընտրական, ինստիտուցոնալ, համակարգային եւ այլ բառերից ու բառակույտերի տրամաբանությունից բոլորովին դուրս: Կխորանանք դեռ: