«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2011-11-03 | #198, 2011-11-04 | #199, 2011-11-05


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՌԱԶՄԱՏԵՆՉ ՊԱՇՏՊԱՆԸ

Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքիՙ վերջին օրերին Ադրբեջանից պատրաստած ռեպորտաժները բավական ուշագրավ են: Ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը», նախ «Ալ Ջազիրան», խոսելով «ՆԱՏՕ-ի սպաների» հետ, հանգեց եզրակացության, որ «Ամբողջ Հարավային Կովկասը ոչնչացնելու համար Բաքվին կբավարարի 48 րոպե 56 վայրկյանը», այնուհետեւ հնարավորություն տվեց Իլհամ Ալիեւին հրապարակավ դժգոհելու արեւմտյան զանազան զեկույցներից` իր երկրի մասին ու նաեւ հենց Արեւմուտքի համար ընդգծում անելու, որ Իլհամ Ալիեւը «դեռ չի կողմնորոշվել երրորդ նախագահական ժամկետ գնալու հարցում»: Այս մասին արդեն խոսել ենք, սակայն Ադրբեջանում «Ալ Ջազիրա»-ի «արկածները» սրանցով չավարտվեցին: Այս հեռուստաընկերությունը, ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական «Վեստի.ազ»-ից, պատրաստել է ռեպորտաժ Հարավային Կովկասի մասին, կոնկրետՙ ԼՂ հակամարտության: Եզրակացնելով, որ «Պատերազմը հայերի ու ադրբեջանցիների միջեւ միայն տարածաշրջանային հակամարտություն չէ, այլ հիանալիորեն օգտագործվում է գերտերությունների կողմից», «Ալ Ջազիրան», համաձայն ադրբեջանական աղբյուրի, շարունակում է. «Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են ինչ-որ բան անել, սակայն արդեն ժամանակն է հասկանալու, որ համանախագահների համար սովորություն է դարձել հեշտ ճանապարհի ընտրությունը: Հենց այդ պատճառով էլ ղարաբաղյան հարցը չի գտնում իր լուծումը: Իսկ այս հակամարտությունը պետք է տեսնել ոչ թե առանձին, այլ հարավկովկասյան ողջ ռազմավարության հարթակում»: Այնուհետեւ «Ալ Ջազիրան», գովեստի խոսքեր շռայլելով Բաքվի ու անձամբ Իլհամ Ալիեւի քաղաքագիտական կարողությունների վերաբերյալ, շարունակում է. «Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ դժգոհ է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը զգուշանում է կորցնել իր դիրքերը տարածաշրջանում: Չնայած նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեռ շարունակում է Իլհամ Ալիեւին համոզել մասնակցել պարբերական հանդիպումների, սակայն Ադրբեջանի ղեկավարը, որը հորից ժառանգել է քաղաքական հոտառությունը, շատ լավ հասկանում է, որ այդ հանդիպումները ոչնչի չեն բերի, այլ միայն ձգձգում են ժամանակը: Հնարավոր է, որ 2012-ից սկսած նախաձեռնությունը վերցնի ԱՄՆ-ը, եւ նախագահների հերթական հանդիպումը կայանա Հիլարի Քլինթոնի ու թուրք դիվանագետ Դավութօղլուի միջնորդությամբ: Եթե այս հնարավոր հանդիպումը տապալվի, ապա Բաքուն լրջորեն կմտածի խնդիրը ուժային մեթոդով լուծելու մասին: Հայտնի է, որ այս հարցը Իլհամ Ալիեւը քննարկել է իր` օրերս Թուրքիա կատարած այցի ժամանակ, վարչապետ Էրդողանի հետ: 2012-ը վճռորոշ կլինի ամբողջ տարածաշրջանի համար», եզրակացնում է «Ալ Ջազիրան»:

Ուշագրավ արտահայտությունները այս տեքստում մի քանիսն են. նախ` միջազգային հեռուստաընկերությունը ընդգծում է, որ «Բաքուն բազմիցս հայտնել է իր դժգոհությունը Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից»: Հիշեցնենք` հակամարտության կողմերի համար ԵԱՀԿ Մինսկի խումբը այն միակ ընդունելի ձեւաչափն է, որով պետք է իրականացվի միջնորդական առաքելությունը` հակամարտ բոլոր կողմերի միջեւ: Բացի սրանից` ԵԱՀԿ Մինսկի խումբը ամենեւին էլ մանդատ, ավելին` խնդիր չունի «լուծել ԼՂ հիմնահարցը», պարզապես կոչված է հակամարտության բոլոր կողմերի մոտեցումները բերելու մեկ ընդհանուր հանգրվանի` միայն կողմերին վերապահելով հիմնահարցը լուծելու աշխատանքները: Հետո, փաստորեն ստացվում է, որ Իլհամ Ալիեւին Մեդվեդեւը «համոզում է» մասնակցել նախագահների հանդիպումներին, այն է` բանակցություններին, ինչից էլ ստացվում է, որ բանակցությունների տապալումը, դրանց իմաստը չհասկանալու պատճառով, հենց իրագործում է Իլհամ Ալիեւը` «հորից ժառանգած քաղաքական հոտառությամբ»: Անշուշտ ուրիշ հարց է, որ թեկուզ նավթագազային Ադրբեջանի նախագահը այն նախագահը չէ, որին Ռուսաստանի նախագահը ինչ-որ բան «համոզի», հետեւաբար` այստեղ թերեւս ավելի ճիշտ կլիներ օգտագործել «ստիպել» բառը: Իսկ եթե իրոք այդպես է, ուրեմն նշանակում է, որ Իլհամ Ալիեւը բանակցություններ չի ուզում. սա արդեն նշանակում է` կամ նա առհասարակ ԼՂ հակամարտության լուծում չի ուզում ու այս վիճակը սեփական իշխանությունը պահպանելու համար բավական ձեռնտու է տեսնում, կամ պարզապես հակամարտության լուծումը տեսնում է բացառապես ուժային ճանապարհով, ինչը, ինչպես գիտենք, անմիջապես կդատապարտվի համարժեք քայլերով, կոնկրետՙ Մոսկվայից, Փարիզից ու Վաշինգտոնից` առնվազն:

Իսկ հիմաՙ 2012-ին ԱՄՆ-ի ու հատկապես Թուրքիայի հնարավոր ակտիվության մասին: Նախ` հաջորդ տարի ԱՄՆ-ը ամբողջովին լինելու է նախընտրական տրամադրությունների մեջ, որտեղ նախագահ Օբաման շատ մեծ շանսեր չունի վերընտրվելու: Սա նշանակում է, որ Օբաման իր ամբողջ ռեսուրսները պետք է կենտրոնացնի հանրապետականների մուտքը Սպիտակ տուն թույլ չտալու համար: Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ նախագահական ընտրությունները առաջիկա մարտին են, ԱՄՆ-ում ընտրությունները ավանդաբար նոյեմբերին են, սա նշանակում է, որ ՌԴ-ն ավելի շուտ է ավարտելու իր նախընտրական գործընթացները ու կենտրոնանալու է աշխարհաքաղաքական հարցերի վրա, քան ամբողջ տարի «ընտրությունների մեջ» գտնվող ԱՄՆ-ը: Հետեւաբար` 2012-ը կոնկրետ չի կարող լինել Մինսկի խմբում ԱՄՆ դոմինանտության տարի: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա եւս մեկ անգամ շեշտենք. Մինսկի խմբի ներկա ձեւաչափը միակն է, որ ընդունելի է հակամարտության բոլոր կողմերի համար, բացի սրանից` Մինսկի խմբի համանախագահներից մեկի փոխարինմանը պետք է համաձայնություն տան հակամարտության բոլոր կողմերը. իսկ Երեւանն ու Ստեփանակերտը «հազիվ թե» «դիվանագետ Դավութօղլուի» նախաձեռնությամբ հանդիպման մեկնեն Իլհամ Ալիեւի հետ:

Մնում է միայն սպասել, թե այդ ինչպե՞ս պետք է բանակցելուց փաստորեն հրաժարվող, հետեւաբար` դրանք տապալող Իլհամ Ալիեւը հակամարտությունը լուծի ռազմական ճանապարհով, մանավանդ 2012-ին, երբ հենց այդ տարվա առաջին իսկ օրից Ադրբեջանը կանցնի իր լիազորությունների կատարմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, իսկ այս կառույցը միջազգային խաղաղության պահպանման բարձր առաքելություն ունի:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4