«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2011-11-03 | #198, 2011-11-04 | #199, 2011-11-05


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչ է արվել տնտեսության իրական հատվածում 2008-2011-ին

Ամեն մի երկրում կառավարության գործունեությունը պետք է գտնվի հասարակության մշտական ուշադրության եւ հսկողության ներքո: Միաժամանակ, կառավարությունը նույնպես պետք է գործի թափանցիկ եւ իր կատարած ու կատարելիք քայլերի մասին պարբերաբար տեղեկացնի այդ նույն հասարակությանը: Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը կանոնավոր հրատարակում է իր գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները: Կատարվածի մասին էլ, թեեւ տարբեր առիթներով եւ տարբեր մակարդակներովՙ վարչապետ, նախարարներ, փոխնախարարներ, խոսվում է, բայց արդյունքների ամբողջական ամփոփում մինչ այժմ չէր արվում: Սակայն օրերս հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքներ» գրքույկը, որտեղ ամփոփված են անցած 3-4 տարիներին տնտեսության իրական հատվածում, ենթակառուցվածքներում, գործարար միջավայրում, սոցիալական ոլորտում, պետական կառավարման համակարգում եւ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը, ներկայացվածՙ հիմնական արդյունքները:

Նկատի ունենալով անցնող տարիներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետեւանքները, տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, առաջին հերթին հետաքրքրական կարող են լինել իրական հատվածումՙ արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ կատարված քայլերը:

Արդյունաբերության ոլորտում կառավարության իրականացրած միջոցառումները պայմանականորեն բաժանված են երեք խմբերի: Կարճաժամկետը ճգնաժամի հետեւանքների վերացման ու օպերատիվ խնդիրների լուծման ուղղությամբ էին, միջնաժամկետը ներդրումների խթանումը, զբաղվածության եւ տնտեսական աճի ապահովումն էինՙ կայուն զարգացման փուլ մտնելու համար, երկարաժամկետըՙ արդյունաբերության նոր հնարավորությունների բացահայտումն ու արդյունաբերական նոր քաղաքականության իրականացումը:

Նշելով, որ 2009-ի հուլիսին արդյունաբերությունում անկումը հասավ իր ամենաբարձր ցուցանիշինՙ 7,8 տոկոսի, գրքույկում ներկայացվում է կառավարության ձեռնարկած քայլերն այս ոլորտին աջակցելու ուղղությամբ: Մասնավորապես, 2008-ի վերջին վարչապետի գլխավորությամբ ստեղծվեց օպերատիվ շտաբ, որը գնաց աննախադեպ քայլերիՙ մասնավոր ընկերություններին ֆինանսական աջակցություն տրամադրելուն: Մասնավորապես, շտաբում հավանություն ստացած բիզնես նախագծերին պետությունը տրամադրում էր վարկեր, պետական երաշխիքներ, վարկային երաշխիքներ, մասնակցություն ունենում նրանց կապիտալում: Այդ նպատակով շուրջ 32 մլրդ դրամ հատկացվեց արտադրական ձեռնարկություններին: Բացի դրանից, ավելի քան 37 մլրդ դրամ ուղղվեց փոքր եւ միջին ձեռնարկություններին, 32,5 մլրդ դրամ էլՙ խոշոր, համակարգաստեղծ հանքարդյունաբերական ընկերություններին:

Միջնաժամկետ քայլերով խրախուսելով ներդրումների ներգրավումը արդյունաբերության մեջ, կառավարությունն իր որոշումներով, մինչեւ 2011-ի առաջին կիսամյակը, հնարավորություն ընձեռեց 300 մլն դրամը գերազանցող սարքավորումներ ներմուծող 16 ընկերությունների հետաձգել ավելացված արժեքի վճարումը երեք տարով: Այդ ընթացքում կատարվեցին ավելի քան 72 մլրդ դրամի ներդրումներՙ ստեղծելով մոտ 1500 նոր աշխատատեղեր: Արդյունաբերության զարգացման եւ արտահանման խթանման քայլերի արդյունքում արդեն 2010-ին արդյունաբերության մեջ արձանագրվեց 9,7 տոկոս աճ, իսկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ արդյունաբերության բաժինը հասավ 15 տոկոսիՙ 2009-ի 13,8 տոկոսի փոխարեն: Ի դեպ, արդյունաբերության աճը 2011-ին երկնիշ է դարձել:

Երկարաժամկետ միջոցառումներից ընդգծվում է արդյունաբերության զարգացման նոր քաղաքականությունը, որն այս ոլորտի համար առաջին համալիր ծրագիրն էր մեր երկրի անկախանալուց ի վեր: Այն միտված է արդյունաբերության արտահանման ներուժի զարգացմանը, իսկ հիմնական նպատակը առաջիկա 20-30 տարում Հայաստանը գիտելիքահենք, գիտատար ապրանքների եւ ծառայություններ արտադրող երկիր դարձնելն է:

Գյուղատնտեսության ոլորտի կարեւորությունն այն է, որ այստեղ ընդգրկված է մեր երկրի բնակչության մի ստվար մասը, ինչպես նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքներ» գրքույկումՙ 45,6 տոկոսը: Նշվում է նաեւ, որ վերջին տարիներին թե՛ անասնաբուծության, թե՛ բուսաբուծության մեջ արձանագրվել են կայուն նվազման միտումներ: Այս հանգամանքներից ելնելով էլ կառավարությունը մշակել եւ սկսել է իրականացնել մի քանի խոշոր ծրագրեր: Դրանք ենՙ գյուղացիական տնտեսությունների վարկավորումը, նրանց ցորենի եւ գարու բարձրորակ սերմերի ներմուծումն ու տրամադրումը, գյուղմթերքների իրացման շղթայի ապահովումը, տեղական պարարտանյութերի արտադրության զարգացումը եւ այլն:

Վերոնշյալներից ամենամեծածավալն ու գյուղացիական տնտեսությունների համար կարեւորը գյուղացիական տնտեսությունների վարկավորման ծրագիրն էր, որտեղ պետությունն իր վրա էր վերցրել վարկերի տոկոսների մի մասի մարումը: Առաջին փորձնական ծրագիրն սկսեց իրականացվել 2008-իցՙ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի 60 գյուղերում: 2011-ին իրականացվեց Հայաստանով մեկ: Պետության սուբսիդավորման շնորհիվ գյուղացիները վարկերը ստացան 10 տոկոսով, իսկ սահմանամերձ եւ լեռնային 225 համայնքներումՙ 8 տոկոսով: Ծրագրի իրականացմամբ բանկերից գյուղացիները ստացան մոտ 15 մլրդ դրամի վարկեր: «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին», Համաշխարհային բանկի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերով տրված վարկերի հետ այդ գումարը կազմեց 20,8 մլրդ դրամ:

Ըստ կառավարության գործունեությունը ներկայացնող հրատարակության, դարձյալ այս տարվա ընթացքում մեկ այլ միջոցառմանՙ բարձր արտադրողականության սերմերի ցանքսի արդյունքում, ցորենի միջին բերքատվությունը 1 հա-ից կազմել է 35-40 ցենտներ, իսկ առանձին դեպքերումՙ մինչեւ 70 ցենտներ:

Այս տարի կառավարությունը, գյուղատնտեսության զարգացումը դիտարկելով գյուղի զարգացմանը զուգահեռ, այդ նպատակով հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ: Եվս մեկ մեծ ներդրումներ պահանջող ծրագիր, որը ամբողջացնում է այս ոլորտում իրականացվող քայլերը, կարեւորելով, սակայն, դրանց շարունակական դարձնելը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4