«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2011-11-03 | #198, 2011-11-04 | #199, 2011-11-05


ՍՊԱՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դավթյանը երեկ հանդիպեց անշարժ գույքի գնահատման եւ ռիելթորական գործունեություն իրականացնող 20-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կոմիտեի փոխնախագահը ներկայացրեց կադաստրի համակարգում իրականացվող ծավալուն աշխատանքները, որոնց արդյունքում 2012 թվականի հունվարի 1-ից կվերացվի դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը, էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու` կադաստրի պետական կոմիտեի առցանց պաշտոնական վեբ-կայքի միջոցով, համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն կունենան կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետեւել իրենց դիմումի քննարկման ընթացքին, ամբողջությամբ կմասնավորեցվի անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, կմիասնակնացվեն պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ծառայությունների մատուցման համար գանձվող վճարներըՙ սահմանելով պետական գրանցման համար 25000 դրամ եւ տեղեկատվության տրամադրման համար 10000 դրամ, կվերանա նաեւ անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանալու ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:

Կարեն Դավթյանը տեղեկացրեց նաեւ, որ նոյեմբերի 7-ից կլինի ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում որակավորում ստանալու վերաբերյալ հայտարարությունը, որին մասնակցել ցանկացողները նոյեմբերի 8-ից տասնօրյա ժամկետում կներկայացնեն դիմումները, որից հետո մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան որակավորման վկայականներ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4