«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2011-11-04 | #199, 2011-11-05 | #200, 2011-11-08


«ՄԻԱՑՅԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՌՈՒՍԵՐԵՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

Ռուսաստանում այս օրերին շրջանառության մեջ է մի օրինագիծ, ըստ որի Ռուսաստան աշխատանքի եկող միգրանտները պետք է իմանան ռուսերեն: Որ օրինագիծը արդեն իսկ Պետդումայում է` նախնական քննարկման համար, «Ինտերֆաքս»-ին հաստատել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը : Վերջինս սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է. «Միգրանտների համար ռուսերենի իմացությունը ոչ միայն պարտավորություն կլինի, այլեւ այդ իմացությամբ նրանք կարող են պաշտպանել իրենց իրավունքները»:

Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Օլեգ Մորոզովը, Վլադիմիր Պլիգինը եւ այլք` բոլորն էլ իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունից:

Նման օրենքի ընդունման համար թերեւս հիմք են հանդիսացել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության հրապարակած տվյալները, ըստ որոնց` «Ռուսաստանում այսօր աշխատող միգրատների միայն երեսուն տոկոսը գիտի ռուսերեն»: Վերոհիշյալ օրինագծով ՌԴ մեկնող աշխատանքային միգրատները պարտավոր կլինեն հաստատել ռուսերենի իրենց իմացությունը: «Օրինակՙ ներկայացնելով փաստաթուղթ, որ կվկայի միգրանտի ռուսերենի իմացության մասին. կլինի դա ատեստատ կամ դիպլոմ»: Օրինագծում ընդգծված է, որ լեզվի իմացությունը չպետք է լինի «տարրականից ցածր», եւ այս օրենքը կվերաբերի միայն այն աշխատանքային միգրանտներին, որոնք աշխատում են առեւտրի, կումանալ ու կենցաղային այլ ոլորտներում. «Օրինագիծը վերաբերում է միայն այն միգրանտներին, որոնց գործունեությունը ենթադրում է հասարակության հետ լայն շփումներ», հայտարարել է պատգամավոր Նիկոլայ Բուլիեւը ` կրկին «Միացյալ Ռուսաստան»-ից:

Նախ, «ռուսերենի իմացության փաստաթուղթ, օրինակՙ ատեստատ», ասենք, ուզբեկ միգրանտը «մեծ հաջողությամբ» կարող է ներկայացնել, որը, սակայն, ամենեւին էլ չի նշանակում, որ նա «տարրականից բարձր» ռուսերեն գիտի: Այսօր ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրների հանրակրթական դպրոցներում ռուսերեն դասավանդվում է, որոշ երկրներում անգամ կան ռուսալեզու դպրոցներ, ինչը դրանց շրջանավարտների համար չի երաշխավորում ռուսերենի իմացություն, նույն տրամաբանությամբ դպրոցում պարտադիր ֆիզիկա անցնողները կարող են ներկայացնել ատեստատ, որտեղ փաստված կլինի ֆիզիկայի կուրս անցած լինելու հանգամանքը, սակայն ոչ երբեք ֆիզիկա իմանալու:

Ինչեւէ, տեսնենք, թե ինչ ճակատագիր կունենա այս օրինագիծը Ռուսաստանում, չնայած այդ երկրում, երբ մի բան առաջարկում է «Միացյալ Ռուսաստանը», երկրորդ կարծիք հազվադեպ է լինում: Նշենք նաեւ, որ այսօր չնայած ռուսերենը միգրանտների համար դեռեւս պարտադրված չէ, սակայն ռուսական որոշ բուհերի բազայի վրա կան կենտրոններ, որտեղ միգրանտները կարող են անցնել ռուսերենի իրենց իմացության թեստավորում: Համաձայն Պետդումայի կրթության հանձնաժողովի ներկայացրած տվյալների` անցյալ տարի այս թեստավորումներով պարզվել է, որ դիմած 1,2 մլն միգրանտներից «ռուսերենի բավարար իմացության վկայական» են ստացել ընդամենը 3503 հոգի:

Այս կապակցությամբ Մոսկվայում տարածված անեկդոտ կա. «Կինս ուղարկեց շուկա` խնձոր գնելու, միգրանտ վաճառողը չհասկացավ ու ինձ տվեց տանձ, նստեցի տաքսի` տուն հասնելու, միգրանտ վարորդը չգիտեր քաղաքն ու ինձ հասցրեց ընկերոջս տուն, երբ ներս մտա, իմացա, որ ընկերոջս կինը ընկերոջս ուղարկել էր շուկա տանձ առնելու, որոշ ժամանակ անց էլ իմացա, որ ընկերս խնձոր առած հայտնվել է մեր տանը... այս ի՞նչ են անում, այս միգրանտները...»: Իհարկե, Ռուսաստան աշխատանքի մեկնելիս ռուսերեն իմանալ պետք է, սակայն ավելի լավ է էլի ռուսերեն ու ոչ միայն ռուսերեն իմանալ, սակայն աշխատանք գտնել հայրենիքում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4