«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2011-11-04 | #199, 2011-11-05 | #200, 2011-11-08


ՀՆԴԿԱԿԱՆ ՏՀՏ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանի պետական համալսարանում երեկ բացվեց հայ-հնդկական տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գերազանցության կենտրոնՙ Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում, մասնակցեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը:

Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբՙ վարչապետը նշեց, որ այն նոր թափ է հաղորդելու ՏՀՏ ոլորտի հեզատոզատական աշխատանքներին եւ ուսումնական ծրագրերի իրականացմանը: Տեղեկացնելով, որ կենտրոնի դասախոսները վերապատրաստում են անցել Հնդկաստանում եւ ուսումնասիրել դասավանդման ոլորտի նոր մեթոդները, վարչապետն ընդգծեց, որ նրանց կուտակած փորձն օգտակար է լինելու նաեւ Գյումրու տեխնոպարկի զարգացման աշխատանքներում:

Ըստ վարչապետի, կենտրոնը համալրված է PARAM գերհամակարգչով, որը տարածաշրջանում միակն է եւ բացառիկ հնարավորություն է ստեղծելու նոր հետազոտական աշխատանքների համար: Կենտրոնը ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, բարձրակարգ փորձագետներով եւ համակարգչային անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Նույն օրը Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հանդիպեցին լրագրողների հետ:

Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարը հայտնեց, որ իր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման շնորհիվ վերջին տարիներին ստեղծվել են մոտ 12 մլն աշխատատեղեր, իսկ 900 մլն մարդ ունի բջջային հեռախոս: Նրա հավաստմամբ, Հնդկաստանի փորձն այս ոլորտում կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Տիգրան Դավթյանն էլ նշեց, որ հնդիկ նախարարի հետ քննարկվել են դեղագործության, թեթեւ արդյունաբերության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4