Ինչ են քննարկել Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ու Հայաստանում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան երեկ հանդիպեցին լրագրողների հետ: Բացելով մամուլի ասուլիսըՙ Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց, որ հայ-վրացական քաղաքական ղեկավարություններն ունեն պայմանավորվածություններ, եւ իրենք պետք է աշխատեն դրանք իրականացնելու ուղղությամբ: Նա հայտնեց, որ Վրաստանն առաջ է անցել ենթակառուցվածքներիՙ ճանապարհների կառուցմամբ, իսկ մենք նոր ենք սկսել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, բայց փոխարենը Վերա Կոբալիան հիացած էր մեր օդանավակայանով: Ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի, քննարկվել են Հայաստան մտնող մեքենաների, վտանգավոր բեռներով մեքենաների, տախոգրաֆների, որոշ չափով նաեւ ինտերնետի եւ կապի հարցերը:
«Քննարկեցինք նաեւ այն տատիկի հարցը, որ կտրել էր ինտերնետի կաբելը, եւ հուսով ենք, որ նա այլեւս նման բան չի անի», հարցերից մեկին կատակով պատասխանեց Մանուկ Վարդանյանը: Նա նաեւ հավելեց, որ այս ամսի 18-19-ին Թբիլիսում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվեն այս եւ ուրիշ կարեւոր հարցեր:
Վերա Կոբալիան տեղեկացրեց, որ իր այցին հաջորդելու է նախարար Մանուկ Վարդանյանի այցը Թբիլիսի, որտեղ շարունակվելու են աշխատանքների տրանսպորտային խնդիրների շուրջը: Նա նաեւ շնորհավորեց ներկաներին նոր օդանակավակայանի բացման կապակցությամբ, ասելով, որ այն աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայաններից է: Վրացուհի նախարարը հայտնեց նաեւ, որ Վրաստանը ցանկանում է վերականգնել Քութայիսի օդանակավակայանը եւ կօգտագործի Հայաստանի փորձն ու կադրերին:
Ա. Մ.