«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


12 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՍԻՆԴԻԿԱՑՎԱԾ ՎԱՐԿ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ»

«Արարատբանկը» երեկ 12 մլն դոլար սինդիկացված վարկի ստացման պայմանագիր ստորագրեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ: «Արարատբանկի» կողմից պայմանագիրը ստորագրեց բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, ՎԶԵԲ-ի կողմիցՙ սինդիկացիոն վարկերի վարչության ղեկավար Լորենս Ջորգենսենը:

Անդրադառնալով համաձայնագրին, Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ 12 մլն դոլարից 3 մլն դոլարը ՎԶԵԲ-ի միջոցներն են, իսկ 9 մլն դոլարը տրամադրել են առեւտրային բանկերըՙ ռուսական «Պրոմսվյազբանկը», բելգիական «ՎԴԿ Սպաարբանկը», լիբանանյան «Բիբլոս բանկը»: Ըստ Աշոտ Օսիպյանիՙ պայմանագրի ստորագրումը նոր փուլ է բանկի համար, քանի որ առաջին անգամ դուրս եկավ միջազգային շուկա եւ այնտեղից ներգրավեց միջոցներ: Խոսքը, մասնավորապես, առեւտրային բանկերից ստացված 9 մլն դոլարի մասին է: «Արարատբանկի» վարչության նախագահի հավաստմամբ, դա վստահություն է բանկի նկատմամբ: Նա նաեւ տեղեկացրեց, որ ստացված վարկն օգտագործվելու է փոքր եւ միջին ձեռնարկատիրության, առեւտրի ֆինանսավորման համար: Աշոտ Օսիպյանը հայտարարեց նաեւ, որ «Արարատբանկը» հանդես է գալիս նոր նախաձեռնությամբՙ ուղղված արտահանման խրախուսմանը: Արտահանող եւ ներմուծմանը փոխարինող ընկերությունները բանկից վարկեր կստանան տարեկան 9 տոկոսով:

Լորենս Ջորգենսենը նշեց, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը «Արարատբանկի» հետ: Նա տեղեկացրեց, որ սա առաջին սինդիկացված վարկն է, շեշտելով, որ «Արարատբանկը» փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման առաջատարն է Հայաստանում: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ Հայաստանում բանկն իրականացնում է ավելի քան 100 նախագծերՙ 500 մլն դոլար արժողությամբ:

Պատասխանելով ճգնաժամի նոր փուլի մասին տրված հարցինՙ «Արարատբանկի» վարչության նախագահն ասաց, որ միջազգային վարկային շուկաները կրճատվել են եւ նկատվում է տոկոսադրույքների աճ, ինչը մտահոգող երեւույթ է: Սակայն հայկական ֆինանսական շուկայում, ըստ Աշոտ Օսիպյանի, այդպիսի վտանգ չկա, քանի որ կան 21 բանկեր, որոնց մրցակցությամբ տոկոսադրույքները նվազել են 2-3 տոկոսով, եւ այդ գործընթացը կշարունակվի նաեւ այս տարի: Ինչ վերաբերում է «Արարատբանկին», ապա նրա ղեկավարը վստահեցրեց, որ բանկում ներդրվել է ռիսկի կառավարման լավագույն համակարգը, իրենք շատ զգույշ են եւ չեն վախենում ճգնաժամից: Նա նաեւ հիշեցրեց, որ 2008-ից բանկը տարեկան 45 տոկոս աճ է ունեցել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4