«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական Կարիտասը մեղադրում է ԿԳ նախարարությանը

Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիան, որի հովանավորությամբ 2003 թվականից մինչեւ օրս բարելավվել են Հայաստանի գյուղական եւ քաղաքային 23 դպրոցների ուսումնանյութական պայմանները, այս տարի դադարեցրել է իր ծրագրերը Հայաստանում: Գիմնազիայի ֆինանսական հովանավորությամբ «Գերմանական բարեկամություն» ծրագիրն իրականացրած «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության պատասխանատուները դրա համար մեղադրում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, դադարեցման պատճառ համարելով վերջինիս «անտարբեր վերաբերմունքը»:

Ինչպես նշվեց այս կապակցությամբ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում, այս տարի նախարարությունը լուծարել է նշված ծրագրի շրջանակներում Ախուրյանում վերջերս լիարժեք վերանորոգված` Գյուղատնտեսական ակադեմիայի հենակետային վարժարանը: Հայկական Կարիտասը բազմիցս փորձեր է կատարել հանդիպելու նախարարի հետ` որոշակի պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն արդյունքի չի հասել: Բարերարն էլ հրաժարվել է այսուհետեւ հովանավորել բարեսիրական ծրագրեր Հայաստանում, անընդունելի համարելով այն, որ պետության կողմից համապատասխան վերաբերմունք չի դրսեւորվում ըստ էության պետական հոգածության խնդիրների լուծմանը նպաստող կազմակերպությունների հանդեպ:

«Վարժարանը հենց հիմնովին վերանորոգելուց հետո, մայիս ամսին, մենք տեղեկացանք, որ հաստատությունը լուծարվել է եւ միացվել Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանին, - ասաց ծրագրի ղեկավար Անահիտ Գեւորգյանը : - Բարերարի համար սա անհասկանալի էր... Մենք ե՛ւ նախքան այս գործը ձեռնարկելը` անցյալ տարի, ե՛ւ այս տարվա սկզբին տեղեկացրել ենք նախարարությանը, որ այսպիսի ծրագիր ենք անելու, եւ ոչ մի արձագանք, ոչ մի զգուշացում չենք ստացել»:

«Հիմնական խնդիրը մեզ համար այն չէ, որ իրենք փակել են վարժարանը,- ավելացրեց Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը , - խնդիրն այն է, որ երկխոսությունը չի կայացել: Եվ մենք բացատրություն չենք ունեցել տալու ֆինանսավորումը կատարած կառույցին, ու Հայաստանում երիտասարդների համար կայուն ներդրումներից մեկն ապահովող ծրագիրն այդ պատճառով փակվել է»:

«Գերմանական բարեկամություն» ծրագրի հովանավորման միջոցները գոյանում էին Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների հանգանակություններից, դրան ավելանում էր նաեւ շահառու համայնքի որոշ տոկոս ներդրումը: Անցած ութ-ինը տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում այս ծրագրով կատարվել են ընդհանուր հաշվով ավելի քան 5000 աշակերտներ ընդգրկող դպրոցական շենքերի վերանորոգման, գույքի տրամադրման եւ այլ աշխատանքներ, 500 երեխաների տրամադրվել են գրենական պարագաներ, ծայրահեղ անապահով 152 ընտանիքների` մարդասիրական օգնություն: Հայկական Կարիտասը մտավախություն ունի, որ ծրագրի դադարեցման այս նախադեպը անպատասխան թողնելու դեպքում Հայաստանի վարկանիշը միջազգային կազմակերպությունների շրջանում կարող է տուժել` հանգեցնելով բնակչության գոյատեւմանն աջակցող միջազգային բարեսիրական ծրագրերի նվազեցման:

Կազմակերպությունը նամակով դիմել է հանրապետության վարչապետին` նրա ուշադրությունը հրավիրելով այս խնդրի վրա եւ ակնկալելով կառավարության ղեկավարի արձագանքը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4