Գործարարներին առաջարկելով մասնակցել դրան
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 6-րդ համագումարը երեկ տեղի ունեցավ Երեւանում, որին մասնակցեց եւ ելույթ ունեցավ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշելով կազմակերպված եւ իր ուժերին վստահ հասարակություն կառուցելու նպատակի կարեւորությունը, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ գործարարին է վերապահված ռեսուրսները համախմբելու եւ նոր արժեք ստեղծելու կարողությունը: «Մենք պարտավոր ենք համընթաց քայլել ժամանակակից աշխարհի պահանջներին, պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները», ասաց նախագահը, ավելացնելով, որ մեր հարաբերական առավելությունները պետք է փնտրենք ոչ միայն բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության մեջ, այլ նաեւ պետք է կարողանանք ճիշտ գնահատել բնությունից տրված առավելությունները: «Մասնագիտական խումբ է աշխատում մի մեծ ծրագրի նախանշման գործում. առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն ստեղծել աշխատատեղեր, այլեւ բերել կայունություն մեր երկրին», հայտարարեց Սերժ Սարգսյանըՙ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու, թե ինչ ծրագրի մասին է խոսքը:
«Պետությունը եւ գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ, քանի որ հակառակ դեպքում անարդյունավետ է լինելու մասնավոր ձեռներեցությանն աջակցելու որեւէ ծրագրի իրագործումը: Բիզնեսին հարկավոր են քաղաքական կայունություն եւ կայուն տնտեսական միջավայր, որը մենք ապահովելու ենք», ասաց նախագահը եւ շարունակեց. «Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու` ոչ միայն ապահովելով գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլեւ տարեցտարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը»: Նախագահը միաժամանակ խոսք տվեց ապահովել բիզնեսին խթաններով, արգասաբեր աշխատանք մաղթեց համագումարին եւ խնդրեց ՀԱԳՄ խորհրդինՙ բոլոր առաջարկները փոխանցել իրեն:
Մեր տնտեսության հիմնական խնդիրը մենաշնորհներն են
Երկրի նախագահի ելույթին հաջորդեց միության նախագահ Արսեն Ղազարյանի ծրագրային ելույթը: Նա կարեւորեց միության մեջ ընդգրկված գործարարների ջանքերը ճգնաժամին դիմակայելու առումով, կառավարության հետ համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ: Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության հետ մշակած արդյունաբերության զարգացման ռազմավարական ծրագրին, Արսեն Ղազարյանն ասաց, որ այն կդառնա գործարարների սահմանադրությունը: Նա ճիշտ համարեց արդյունաբերության զարգացման առաջին փուլում 3 ճյուղերիՙ կոնյակագործության, դեղարտադրության եւ ճշգրիտ մեքենաշինության վրա կենտրոնանալը:
Արսեն Ղազարյանը, սակայն, հիմնական ուշադրությունը հրավիրեց մեր տնտեսության եւ բիզնեսի խնդիրների վրա: Նա, մեջբերելով երկրի նախագահի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է դառնա լավագույն ազատ մրցակցային եւ ներդրումային միջավայր ապահովող երկիր, փաստեց, որ այս խնդիրն այժմ չլուծված է մնում: Մենաշնորհներ, գերկենտրոնացվածություն որոշ ոլորտներումՙ սրանք մեր տնտեսության բուժման կարիք ունեցող ախտերն են: ՀԱԳՄ նախագահն անհասկանալի համարեց ամեն գնով գերշահույթ ստանալու որոշ գործարարների ձգտումը, ինչը եթե կարելի էր հասկանալ կապիտալի կուտակման սկզբնական փուլում, ապա անհասկանալի է հիմա: Հաջորդըՙ գործարարությունը ցանկանում է արդար մրցակցային դաշտ: Արսեն Ղազարյանի հավաստմամբՙ թեեւ վերջերս իրականացված հարկային եւ մաքսային բարեփոխումները այնպիսի արդյունքներ են տվել, որոնց մասին նախկինում կարելի էր երազել, բայց անելիքներ դեռ մնում են: Դրանցից նա նշեց պետական չինովնիկների հովանավորչությունը բիզնեսում, պետական դիրքի չարաշահումը, որը եթե չվերացվի, ապա զարգացման մեծ ծրագրերի մասին խոսել չի լինի:
Անդրադառնալով 2012-ի բյուջեի համալրման համար լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկային եկամուտներ հավաքելու հարցին, Արսեն Ղազարյանն ասաց, որ սկզբում իրենք էլ մտահգություն ունեին, թե շուտով իրենց «մամլիչով կքամեն»: Սակայն երկրի նախագահի հետ հրատապ հանդիպման ժամանակ տեղեկացվեց, որ պետք է նվազի ստվերը խոշոր բիզնեսում: Միության նախագահն այն համոզմունքը հայտնեց, որ բացի ստվերի նվազման միջոցով գումարներ հավաքելուց, տնտեսական աճը մոտ 30 մլրդ դրամի հավելյալ հարկեր հավաքելու հնարավորություն կտա:
Ըստ Արսեն Ղազարյանիՙ մեր տնտեսության ապագան արտահանումն է, քանի որ մեր շուկան փոքր է եւ մեր գործարարները խանգարելու են իրար: Բացի ավանդական շուկաներիցՙ նա կարեւորեց հայկական ապրանքների արտահանումը դեպի այն շուկաներ, որտեղ սպառման ծավալների աճ կաՙ Չինաստան, Հնդկաստան, Կորեա: Ելույթի վերջում միության նախագահը լավատեսության եւ համարձակ ծրագրեր իրականացնելու կոչ արեց իր գործընկերներին: