Հայ-վրացական հարաբերությունները պատեհապաշտական են ու հենված չեն որեւէ առանցքի վրա, Ջավախքի հարցում էլ Հայաստանի իշխանությունները ցայսօր հայեցակարգ ու ընդհանրապես որեւէ ընդհանրական մոտեցում չեն մշակել:
Երեկ «Հենարան» ակումբում հյուրընկալված «Երկիր» միության ծրագրերի կոորդինատոր Ռոբերտ Թաթոյանի ներկայացմամբՙ այս ամենին ավելանում է նաեւ այն, որ կարծես Հայաստանի իշխանությունները համաձայնել են Ջավախքի հարցը տեղափոխել հայ-վրացական միջպետական հարաբերությունների հարթակ, մինչդեռ այս հարցը լուծում ունի Վրաստանի ներքին դաշտում` քաղաքացիական հասարակության ինստիտուտների շրջանակներում:
Չնայած հարցի տարբեր մակարդակներում ունեցած տարբերությանը, ըստ Թաթոյանի, Հայաստանի իշխանությունները եթե խոսում էլ են Ջավախքի խնդիրներից, ապա այդ հայտարարությունները բոլոր տեղավորվում են Վրաստանի միջազգային պարտավորությունների շրջանակներում, այսինքն` նույն հարցերը բարձրացվում են նաեւ եվրոպական կառույցների կողմից` ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ձեւաչափով:
Ակումբի մյուս հյուրի` Կովկասի ինստիտուտի փոխնախագահ Սերգեյ Մինասյանի մատուցմամբ էլ այս թեմայի առնչությամբ լրջագույն խնդիր է մնում այն, որ չկա պետական մակարդակով մոտեցում Ջավախքի խնդրին ճիշտ այնպես, ինչպես այդպիսի մոտեցում չունի մեր հասարակությունը:
Ու չնայած տարբեր տեսակի ֆոբիաներին ու կարծրատիպերին, որոնց արդյունքում Ջավախքի հարցը ոչ մի կողմից լրջորեն չի բարձրացվում, կան, իհարկե, ռեսուրսներ Վրաստանի ուղղությամբ աշխատելու: Այդպիսին, ասենք, ԱՄՆ-ի հայ համայնքն է, սակայն այս ռեսուրսը, ըստ Մինասյանի, կարող է օգտագործվել միայն ֆորսմաժորային իրավիճակում` որպես ճնշման միջոց ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություներ պահպանել ցանկացող Վրաստանի իշխանությունների վրա: Այդուհանդերձ, Մինասյանի ձեւակերպմամբ, Հայաստանի իշխանությունների անորոշ քաղաքականությունը Ջավախքի հարցում կարող է լինել ընտրված ռազմավարություն:
Մինասյանը եւս մեկ պահ է առանձնացնում ու կարեւորում անորոշության առումով. եթե բարձրացվի Ջավախքի հարցը, արդյո՞ք դա կդառնա խնդիր հայ-վրացական հարաբերություններում: Բայց խնդրից խուսափելն էլ այն բարձրացնում է առավել մեծ լրջության մակարդակի: Մյուս կողմից, խնդիրը գնալով լրջանում է, քանի որ Վրաստանը, փոխանակ լուծելու ջավախահայության խնդիրները, ուժային կառույցների միջոցով է փորձում պահել իրավիճակը, թեեւ դրան զուգահեռ նաեւ ճանապարհներ է կառուցում, ինչ-որ տնտեսական ծրագրեր իրականացնում:
Ռոբերտ Թաթոյանն ընդգծեց, որ Ջավախքի հարցում չպետք է մոռանալ նաեւ թուրքական գործոնը, երբ Ջավախքը կարող է վրացական իշխանությունների կողմից օգտագործվել որպես հակակշիռ թուրք-ադրբեջանական ներթափանցման պարագայում: Իսկ նման միտում իսկապես կա, երբ Ախալքալաքում թուրքական ընկերություններն են ծրագրեր իրականացնում, աշխատանքներ կատարում, նաեւ սեփականություն ձեռք բերում:
Ամեն դեպքում, ընդհանրացվում է, որ թեեւ արտագաղթի տեմպերը զգալի նվազել են Ջավախքում, սակայն լրջագույն խնդիրներ, ինչպիսիք են լեզվի կարգավիճակի, եկեղեցիների, ինքնակառավարման հարցերը, մնում են անպատասխան` «զոհ» գնալով ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի` Ջավախքի հարցին մոտենալու վախերին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ