Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության առնչությամբ ռուս-վրացական բանակցությունների արդյունքում համաձայնագրի ստորագրումը, ըստ վրացական կողմի նախնական հայտարարությունների, նախատեսվում էր այսօր, բայց տեղի է ունեցել երեկ, ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության, ինչպես եւ հայտարարել էր ռուսաստանյան կողմը:
Տարիներ շարունակ անընդհատ հետաձգված եւ այս տարվա մարտից Շվեյցարիայի միջնորդությամբ կրկին վերսկսված այս բանակցությունները կարծես իրապես հասան տրամաբանական ավարտին, թեեւ համաձայնագրի գործնականում կիրառությունն արդեն միայն ցույց կտա, թե որքանով են համաձայնել ռուսաստանյան եւ վրացական կողմերը:
Երկար ժամանակ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության դեմ արտահայտվող Վրաստանի համար այդ հանգամանքը որոշակի ճնշումներ բանեցնելու ու ինչ-որ ակնկալիքներ ունենալու հնարավորություն էր այն հիմքով, որ ԱՀԿ-ին անդամակցությունը իրականացվում է կոնսենսուսով, այսինքն` պետք էր նաեւ Վրաստանի համաձայնությունը: Եվ դա այն դեպքում, երբ նույն վրացական իշխանությունները քանիցս հայտարարում էին, թե բեռնափոխադրումները պետք է վերահսկվեն, այլ ոչ իրականացվեն ներկա պայմանների ամենաթողությամբ:
Սրանով հանդերձ Վրաստանը մինչեւ համաձայնագրի կնքումը ցանկանում էր իր վերահսկողության տալ ստանալ Ռուսաստան-Աբխազիա եւ Ռուսաստան-Հարավային Օսիա սահմանային հատվածում գտնվող ուղեկալները, մինչդեռ ստորագրված փաստաթղթի համաձայն` կստեղծվի ռուս-վրացական սահմանային չեզոք գոտի, իսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ բեռնափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը կվերահսկվեն ստեղծվելիք էլեկտրոնային համակարգի միջոցով:
Առավել հետաքրքրական է, որ վրացական կողմն ամեն առիթով շեշտում է, թե ռուս-վրացական շփման գծում բեռնափոխադրումների վերահսկելի դառնալուն ուղղված այս բոլոր քայլերն արվում են ստորագրված մի այնպիսի փաստաթղթի հիման վրա, որում բեռների մոնիտորինգը ուղեկալներում իրականացնելու հարցերի կողքին ռուս-վրացական համաձայնագրում ուղղակի բացակայում է «սահման» հասկացությունը: Այդ ձեւակերպումը օգտագործելուց խուսափելը վրացական կողմն իր հաղթանակն է համարում, քանի որ ռուս-վրացական երեք սահմանակետերն էլ, այդ թվում` Վերին Լարսը, փաստաթղթում ներկայացվում են աշխարհագրական հասկացությունների օգնությամբ, այլ ոչ վարչական անվանումներով:
Ամեն դեպքում, թեեւ հասկացությունը չկա, բայց կողմերը կամրագրեն, որ բեռների վերահսկողությունն իրականացնելու է շվեյցարական կողմից ընտրված մի ընկերություն` ամենաժամանակակից տեխնիկայով:
Ռուսաստանյան կողմը մի տեսակ «կիսալռություն» է պահպանում այս հարցի առնչությամբ, թերեւս առանձնակի ի ցույց չդնելով իր համար այդ հարցի կարեւոր-անկարեւոր լինելը: Ամեն դեպքում, բարձր մակարդակով արձագանքներ չեն արվում վրացական կողմի հայտարարություններին, որոնցում առատորեն մեկնաբանվում է ռուս-վրացական բանակցությունների ինչպես ընթացքը, այնպես էլ արդյունքը:
Ռուսաստանի իշխանությունների փոխարեն տարբեր փորձագիտական գնահատականներ են հնչում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամության առնչությամբ, ու բնավ էլ ոչ դրական նոտաներով: Այդուհանդերձ, արդեն դեկտեմբերի կեսերին ԱՀԿ գլխավոր խորհուրդը կքննարկի Ռուսաստանի անդամակցության հարցն ու ամենայն հավանականությամբ կվավերացնի այն բոլոր ջանքերը, որ տարիներ շարունակ ծախսվում էին ԱՀԿ անդամ Վրաստանին Ռուսաստանի հարցում ուղղորդելու ուղղությամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ