«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2011-11-08 | #201, 2011-11-09 | #202, 2011-11-10


ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ. «ԵՐԲ ԵՍ ՄԵՔԵՆԱ ՈՒՆԵԻ, ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԻԳԱՐԵՏԻ ՓՈՂ ՉՈՒՆԵՐ»

Սիլվա Հաբարձումյանը Հայաստանում հանքավայրի շահագործմամբ զբաղվող գործարար է: Նա պատրաստվում է Եվրոպական դատարանի միջոցով հետ ստանալ «Լիճվազք Թեյի» ոսկու հանքավայրում ներդրած 3.5 միլիոն դոլարը: Գործարարը պնդում է, որ այդքան գումար է կորցրել ապօրինությունների պատճառով: Նրա ներկայացմամբ` հանքավայրի շահագործման թույլտվությունն իրենից ապօրինաբար խլել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Նա յուրացրել է «Լիճվազք Թեյի» հանքավայրից 102 միլիոն դրամի սարքավորում, իսկ 2010-ի դեկտեմբերի 3-ին հանքի շահագործման իրավունքը աճուրդով փոխանցվել է «Սագամար» ընկերությանը»: Գործարարը համոզված է, որ ընկերությունը պատկանում է վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանին: «Բողոքս ուղղված է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ դատական համակարգին: Հրամաններից մեկը Վճռաբեկ դատարանը համարել է անօրինական, իսկ նախարար Մովսիսյանը նույն ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ, պատճառաբանելով, թե «վերեւից են ասել», անօրինական աճուրդ է կայացվել հենց այդ անարդար դատական պրոցեսի ժամանակ», ասում է գործարարը` հարց տալով, թե վերեւներն ովքեր են: Գործարարը հույս ունի, որ եվրոդատարանում իր խնդիրները կլուծվեն: Մինչ այդ նա դիմել էր գլխավոր դատախազություն: Հարցին` դիմե՞լ եք նախագահ Սերժ Սարգսյանին, բիզնես լեդին ասաց. «Կարծում եմ` նախագահն ինքը պետք է ուզենա ինձ հետ հանդիպել, որովհետեւ ես Հայաստանի միակ կին խոշոր գործարարն եմ»:

«Դե ֆակտո» ակումբում գործարարը վերհիշեց ուսանողական տարիները` նշելով, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է իր զուգահեռ կուրսից : «Նա աչքի չընկնող դեմք էր: Այն ժամանակ ես մեքենա ունեի, իսկ նա երեւի սիգարետի փող չուներ», անկեղծացավ գործարարը, բայց չհիշատակեց, թե խորհրդային տարիներին ուսանողն ինչ գումարով էր մեքենա գնել ու վարում:

Բիզնես ունի Դուբայում, Բելգիայում: Ժամանակին նա հիմնադրել է «Սիլվի շաքար» ընկերությունը, որը զբաղվում էր շաքարի ներկրմամբ: Վերջերս նա ձեռք է բերել Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի հացի երեք գործարանները:

Նա նաեւ զբաղվում է շաքարավազի բիզնեսով եւ, իր խոսքերով, 1 տոննան 488 դոլարով վաճառում է արաբական երկրներին: Գործարարը խորհուրդ է տվել չօգտագործել Հայաստանի շաքարավազը, որովհետեւ առողջության համար շատ վտանգավոր է:

Վերջում Համբարձումյանը զգուշացրեց, որ առայժմ քաղաքականության մեջ չէ, սակայն եթե այսպես շարունակվի, ապա գուցե բիզնեսին զուգահեռ քաղաքականությամբ զբաղվի:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4