«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2011-11-09 | #202, 2011-11-10 | #203, 2011-11-11


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸՙ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Թբիլիսիում ընթացող Համաշխարհային բանկի կազմակերպած` Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված տարածաշրջանային ժողովում երեկ ելույթ է ունեցել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը : Ինչպես տեղեկացանք նախարարության մամուլի ծառայությունից, նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը առաջնային տեղ է հատկացնում երկրի տրանսպորտային բնագավառի զարգացմանը: Այնուհետեւ Մանուկ Վարդանյանը ներկայացրել է տարածաշրջանային նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, հյուսիսային հարեւանի հետ բոլոր հիմնական միջազգային ճանապարհների վերականգնման նախագիծը, Հայաստանի կառավարության, Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի իրականացրած Հայաստանի գյուղական ճանապարհների եւ կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վերակառուցման ծրագրերը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարն անդրադարձել է նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորատար նոր տերմինալի բացմանըՙ նշել, որ մոտ ապագայում օդանավակայանի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային լոգիստիկ կենտրոն, ստեղծել ազատ տնտեսական գոտի, երկաթգիծ եւ ավտոմայրուղի դեպի օդանավակայան:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4