«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2011-11-09 | #202, 2011-11-10 | #203, 2011-11-11


ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՙ ՀԱՄԵՄՎԱԾ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ

«Հայելի» ակումբի հրավիրած մամուլի ասուլիսի թեման հարկային փոփոխությունների փաթեթն էր: Հրավիրված էին հանրապետական Վարդան Այվազյանը , դաշնակցական Արծվիկ Մինասյանը եւ, իր խոսքերով, «ՀԱԿ-ին հարող», ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Փաթեթն առաջինը սկսեց ներկայացնել Վարդան Այվազյանը, ասելով, որ ներկայիս փաթեթն էապես տարբերվում է սկզբնական տարբերակից, եւ մտահոգության տեղիք տվող դրույթները հանվել են: Ըստ հանրապետական պատգամավորիՙ բոլոր հնարավորությունները կան, որ պահանջվող գումարները հավաքվեն առանց փոքր եւ միջին բիզնեսի վրա ազդեցության: Վերջինիս վրա հարկային բեռ չի ավելանում, ավելինՙ հաստատագրված վճարի դաշտում գտնվողները անցնում են արտոնագրային վճարների, վերացվում է հարկային օրենսդրության 28-րդ հոդվածը եւ այլն: Վարդան Այվազյանը համաձայն է, օրինակ, կազինոների վրա հարկային բեռի 50 տոկոս ավելացմանը, բայց մտահոգություն կա, որ դրանք կարող են փակվել: Ավելի լավ:

Արծվիկ Մինասյանը հիմնականում համաձայն էր հարկային փաթեթինՙ նկատի ունենալով նրա բազմաթիվ փոփոխությունները 1,5 ամսվա քննարկումների արդյունքում: Որպես օրինակ նա նշեց սոցվճարները 7 հազար դրամից 9 հազար դրամ դարձնելու փոփոխության վերացումը: Դաշնակցական պատգամավորն ընդգծեց, որ հարկային եկամուտները Հայաստանում շատ ցածր են եւ չեն անցնում համախառն ներքին արդյունքի 17 տոկոսը: Ստվերային տնտեսությունը 30-50 տոկոս է, ինչը, նրա համոզմամբ, նշանակում է, որ կան ռեսուրսներ եւ իշխանությունները պետք է բյուջեի համալրման համար ջանքեր գործադրեն: Արծվիկ Մինասյանը հիշատակեց Համաշխարային բանկի գնահատականները, ըստ որոնց 240 մլրդ դրամ հավելյալ հարկեր հավաքելու հնարավորություն կա Հայաստանում: Նա անհրաժեշտ համարեց Հայաստանում եւս պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնել, ինչի իրականացման շնորհիվ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը հարեւան Վրաստանում հասավ 25 տոկոսի:

Բագրատ Ասատրյանը եւս «մեծ առումով» դրական դիրքորոշում ուներ հարկային փոփոխությունների փաթեթի նկատմամբ, բայց այն կարծիքի էր, որ նման երկարաժամկետ նշանակություն ունեցող փաստաթղթերը պետք է երկարատեւ շրջանառվեն եւ քննարկվեն, այլ ոչ թե 50 օրվա ընթացքում: Նրա հավաստմամբ, իշխանությունները հարկերը հավաքելու լրացուցիչ բեռ են վերցնում, բայց «այդ բեռն այնքան էլ մեծ չի», քանի որ 35-40 տոկոսով հարկային մուտքերն ավելացնելու հնարավորություններ կան:

Վերոնշյալ ելույթներից հետո, երբ բարձրացված հարցադրումների առնչությամբ Վարդան Այվազյանը սկսեց պարզաբանումներ տալ, Բագրատ Ասատրյանը նրա խոսքին զուգահեռ սկսեց տվյալներ ներկայացնել, թե ինչպես 2009-ի համար նախատեսված ցուցանիշները Հանրապետական կուսակցությունը ներկայացնող իշխանությունները չեն կատարել եւ 2012-ի բյուջեում դրված ցուցանիշները դրանցից ցածր են: Դիմելով Վարդան Այվազյանինՙ Բագրատ Ասատրյանը կտրուկ անցում կատարեց դեպի քաղաքական հարթություն, ասելով, որ հանրապետականները վատ իշխանություն են, եւ կոչ արեց նրանցՙ հրաժարական տալ: Ինչին Վարդան Այվազյանը պատասխանեց, որ չկատարված ցուցանիշները պայմանավորված են եղել ճգնաժամով, ասելով. «Հայաստանը գտնվում է գալակտիկայի մի անկյունում, եւ տնտեսական ճգնաժամըՙ մինուս 14,6 տոկոս, բացարձակ Հայաստանի հետ կապ չուներ, հա՞», ապա ավելացրեց, որ մի քանի ամիս հետո ընտրություններ կլինեն, եւ «կտեսնենք, թե ով հրաժարական կտա»: Մի խոսքով, սկսվեց հարկային փոփոխությունների փաթեթի հետ որեւէ կապ չունեցող լեզվակռիվ, որը որոշակի դադարներով շարունակվեց մինչեւ մամուլի ասուլիսի վերջը:

«Ազգի» հարցն առնչվում էր 90 հազար դոլարից բարձր մեքենաների վրա դրվող այսպես կոչված «շքեղության հարկին»: «Ինչո՞ւ էր ընտրվել հենց այս շեմը, այլ ոչ թե ավելի ցածր», մեր հարցին ի պատասխան Վարդան Այվազյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու հենց 90 հազար դոլարանոց մեքենաներն են ընտրվել: Սակայն նա նշեց, որ պետք է նկատի ունենանք, որ 32 տոկոս էլ մաքսատուրք է դրվում ներմուծվող մեքենայի վրա: Բագրատ Ասատրյանն էլ ասաց, որ այս որոշմամբ ավելի շուտ նպաստում ենք Հայաստանը մեքենաների գերեզմանոց դարձնելուն, եւ պետք է խրախուսենք, որ նոր մեքենաներ բերվեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4