«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2011-11-09 | #202, 2011-11-10 | #203, 2011-11-11


ՆԱԽԱՆՇՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ

Կյանքի 75 տարիներ. հագեցած, բովանդակային, շռայլ: Շռայլՙ դեպի արվեստը, գրականությունը, մեծ մշակույթըՙ ազգային ու համամարդկային: Պողոս Հայթայանը այդ ճանապարհի լուսավոր հանգրվանների որոնողներից էՙ ազգայինի ու համամարդկայինի չափումներով հավասարապես: Այն սակավներից, ով անցյալի ու ներկայի մարդկային-բարոյական արժեքների խառնաշփոթում կյանքի գիրքը ընթերցում է շիտակՙ ապավինած մտավորականի իր խղճին: Նա օղակներից մեկը դարձավ այն շղթայի, որով շարունակում է մեր հոգեւոր-իմացական կյանքի ընթացքը: Նա իր մասնագիտության հավատարիմ մշակն է: Ինչո՞ւՙ այսպես, որովհետեւ որքան էլ իր հետաքրքրությունների ու վերաբերմունքի, ասելիքի առկայությանըՙ մեր մշակութային իրականության որեւէ նոր երեւույթի, փիլիսոփայական-գրական նոր երկի հանդեպ, նա վերապահորեն է մոտենում հրապարակային սեփական արձագանքին, ասելով, որ իր մասնագիտական շրջանակից դուրս գալ չի ուզում: Կերպարվեստագետ, նկարչության նվիրյալՙ այնպիսի չափաբաժնով, որ զարմանում ես, թե ինչու ինքը չի դարձել վրձնի մեր վարպետներից մեկը: Դա սեր չէ սովորական, ինչ նա կրում է իր մեջ գույնի արվեստի հանդեպ, եւ ոչ մասնագիտական պարտք զուտ, այլ անհանգիստ, թթվածնի պես չհագեցնող քաղց, անհրաժեշտություն, մի յուրօրինակ հենարանՙ կյանքն իմաստավորող: Մաքուր արվեստի ու արվեստագետ-մտավորականների հետ անցած ճանապարհՙ նախանշված ճանապարհ, նկարչության նման մերթ պարզ-առարկայայան, մերթ խառը, վերացական-երեւութական: Նրա զրույցները մշտապես կերպարվեստի, նկարչության շուրջն են, արվեստի հանդեպ օրվա տագնապներով եւ միշտ զուգահեռվող անցյալինՙ Սարյան, Մինաս, Երվանդ Քոչար ու նրանց հաջորդող 60-ականների սերունդ: Նա նորի որոնողների հետ է եղել միշտ, այլախոհ-ավանագարդիստների, մտքի անակնկալների: Արվեստաբան, որ լավ է ճանաչում ժամանակի մթնոլորտը, շատ ուշադիր է նրա զարգացումներինՙ միաժամանակ քաղաքացիական ակտիվ վերաբերմունքով, շիտակ կեցվածքովՙ հասարակական երեւույթներին, ժամանակի ազգային-համամարդկային խնդիրներին:

Արվեստաբանը զգոն պահապանի պես է արձանագրում կերպարվեստի դաշտում տեղի ունեցող ամեն շարժ, ամեն նորություն: Զուտ տեսաբան լինելուց հեռու, ցուցահանդեսից ցուցահանդես չի որ հետեւել է նկարչի, քանդակագործի ստեղծագործական ընթացքին, կյանքն անց է կացրել արվեստանոցներում, արվեստագետների սրճարանային բոհեմում: Այդ նույնՙ Նկարչի տան սրճարանի ազատախոհ մթնոլորտի մասն է կազմել, որտեղ խմորվող ու հասունացող մտքերը, հոգու պոռթկումները ալիքվում-արձագանքվում էին օդում եւ այն սերմերն էին առողջ, որոնց բացակայությամբ կյանքը դադարում է նորոգվել, վերաստեղծվել, ստեղծագործվել - վերընթացն է դադարում:

Արվեստագետի իր հայացքներն անշուշտ ձեւավորվել են ակադեմիական միջավայրում (բայց իր նկարագիր-խառնվածքը որքա՜ն հեռու է ակադեմիականությունից-արտիստիկ, ազատ). մասնագիտական կրթություն ստացել է Լենինգրադի Ռեպինի անվ. Գեղարվեստի ակադեմիայում, աշխատանքային հարուստ փորձը կուտակել արվեստի պատասխանատու-կարեւոր օջախներումՙ 1961-ից սկսածՙ Արվեստի ինստիտուտ, Գեղարվեստաթատերական ինստիտուտ, 12 տարի Հայկական սովետական հանրագիտարանում, 5 տարի Ազգային պատկերասրահում, 1987-1992 թթ. Նկարիչների միության քարտուղարն էր, 1992-98 թվականներինՙ նախագահը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ (Մինաս Ավետիսյանին, Հարություն Կալենցին, Երվանդ Քոչարին, Ռուբեն Ադալյանին, Ռոբերտ եւ Հենրի Էլիբեկյաններին, Արա Շիրազին, Էդուարդ Խարազյանին, Ռուդոլֆ Խաչատրյանին նվիրված), կատալոգների, գրքերի առաջաբաններ (Սեդրակ Առաքելյան, Արա Շիրազ, Հակոբ Կոջոյան, Ջիոտտո, Ռուբեն Ադալյան, Էժեն Դելակրուա, Սեյրան Խաթլամաջյան):

60-ականներից մինչ այսօր Պողոս Հայթայանը հավատարիմ ուղեկից-մասնակիցն է հայ կերպարվեստային դաշտի ձեւավորումներին ու զարգացումներին, նրա կայացումներինՙ դասականությունից մինչեւ ամենամոդեռն-ավանգարդիստական մոտեցումներ: Եվ ամենակարեւորըՙ թե՛ անցյալի գաղափարական պատնեշումների դժվարություններում, թե՛ ներկայիս հեղհեղուկ-սայթաքուն, պսեւդոազատական տեղատվություններում նա պահպանում է գեղագիտական իր անհատական կողմնորոշում-դավանանքը, սկզբունքային մոտեցումները: Նրա հայացքը ճշմարիտ որոնողի հայացք էՙ նկատող, արձագանքող, նա շատ արագ է տեսնում տաղանդը, նաեւ ապաշնորհությունը եւ ոչ միայն արվեստի, արվեստաբանության մեջ, նաեւ լրագրային հրապարակումներին է հետեւում, այն քչերից է, որ արձագանքում է. գիտես, որ մի ուշադիր ու անաչառ հայացք կա, նկատում է:

Բնականաբար իր նախասիրությունների արվեստագետ-համախոհների շրջանակն ունի (Ադալյաններ, Էլիբեկյաններ, Արա Շիրազ, Էդ. Խարազյան եւ ուրիշներ), բայց արվեստաբանի լայնախոհ հայացքի ներքո կշեռքի նժարի հավասարակշռությամբ գնահատանք ունի ամեն արժանավորի ու լավի հանդեպ:

Հրաշալի զրուցընկեր է, կենդանի պատմող, որի նկարագրությունները հայացքիդ առաջ պատկերանում են անցյալի ճշմարտություններով ու հմայքով, նրանց,ՙ որ այլեւս մեզ հետ չեն, կենդանի դիմանկարներով, անցյալի մթնոլորտի կենդանի փոխանցմամբ: Պողոս Հայթայանը զգայուն ու ջերմ սիրտ ունի ու ափսոսանքն ու կարոտը ձայնի մեջ միշտ են, շարունակվող, քաղցած ասեսՙ այսօրվա անինտելեկտուալ, անդեմ, ամուլ օրերի հոսքին ընդդիմացող: Նա կարոտում է Հայրենիքըՙ հոգու հայրենիքը, քաղաքըՙ 80-ականների Երեւանը: Զարմացա, որ նա Բեյրութում է ծնվել, այնքան երեւանցի էր ինձ թվում, բնիկ երեւանցի. այնքան ամուր է կապված այս քաղաքին, նրա պատմությանը, նրա արվեստի միջավայրին: Հայրենիքն իր համար այն վայրն է, որտեղ հոգեւոր կենսագրությունն է կերտվել, ձեւավորվել իր անհատականությունը, որոշակիացել սկզբունքներն ու աշխարհընկալումները. քաղաք, որի փողոցներում, սրճարաններում ու արվեստանոցներում է թողել երիտասարդության արթնացումները եւ որտեղից հիմա հավաքում է հասունության պտուղներըՙ կյանքի ճշմարտությունները: Եվ բնավ անակնկալ չէր վերջերս Մ. Նահանգներից վերադարձած, ձեռքը թափ տալու պես երբ մի օր ասաց. «Մելան ջան, դա մեր տեղը չի, հայրենիքը ուրիշ բան է...»:

Հայրենիքը գնահատում է, չի գնահատում իր արժանավոր զավակներին, նշանակություն չունի: Միշտ էլ կգտնվեն նվիրյալ հոգիներ, որոնք կապրեն, կարարեն, կսիրեն ու կկարոտենՙ անհաշվենկատ, անհավակնոտ, անմնացորդ:

  «Իր ողջ հոգով, կեցվածքով արվեստաբան է, նրա պես արվեստաբանների մատների վրա կարելի է հաշվել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում: Ինչպես է նա կարողացել արվեստի պատմությունըՙ հայ եւ համաշխարհային, յուրացնել, անցկացնել իր պրիզմայով, հետո դուրս հանել իր հոգու միջից եւ շնորհել մեզ» . օրեր առաջ պրոֆ. Արամ Աբրահամյանի անվ. Ռուսական արվեստի թանգարանի դահլիճում, երբ նշում էին արվեստաբանի 75-ամյակը, այսպես բնութագրեց նրան գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը :

  «Պողոսը շատ հետաքրքրական ու կարեւոր գործ է արել` ոչ միայն որպես արվեստաբան: Նրան ենք պարտական Հայկական սովետական հանրագիտարանի կերպարվեստագիտության բաժնի այդպիսի կայացման համար: Նախորդները չդիմացան, - անկեղծացավ Մարտին Միքայելյանը, -ինքը դիմացավ: Կարգին մարդ է, ամբիցիաներ չունի: Դա շատ կարեւոր է: Մտածում էիՙ ո՞վ կարող էր գրել Դելակրուայի առաջաբանըՙ մեկ-երկուսը մեզանից: Բայց ճիշտը Պողոսն էր, որովհետեւ ինքը չունի ամբիցիաներ» :

Այդ օրն էլ մտավորական նույն միջավայրն էր, մերձավոր-հոգեկից-մտակից մարդիկ էին հավաքվածները, սակավաքանակ, բայց արժեքավոր: Եղան ջերմ խոսքեր, պարգեւատրումներ, շնորհակալագրեր (Հանրային հեռուստաընկերության կողմից եւ այլ), մշակույթի նախարարությունը «Ոսկե մեդալով» պարգեւատրեց նրան: Իր խոսքը կարճ, զուսպ էր, իրեն լավագույնս բնութագրող. «Այս մեդալը արժեքավոր եմ համարում նրանով, որ դուք այստեղ եք: Իմ ժամանակը ես ապրել եմ իսկապես անվանի նկարիչների, պոետների, ռեժիսորների, երաժիշտների միջավայրում, ովքեր մեր հոգեւոր դաշտն են ստեղծել: Բոլորիդ շնորհակալ եմ եւ Աստծուն եմ շնորհակալ, որովհետեւ որքանով հնարավոր էր, կարողացա ապրել Տիրոջ պատվիրաններով, որքան որ դա հնարավոր էր այս հասարակության կամ անցյալ հասարակության մեջ: Աստված տա, եկող ժամանակներում այդ պատվիրաններով ապրելու սկզբունքը դառնա համաժողովրդական» :

Այսպեսՙ ընդամենը: Կես դար արվեստին ծառայած եւ նրանով ապրող մտավորականի հայեցողական մոտեցում-քրիստոնեաբար խոնարհ, պարզ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4