«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ԻՆՉՊԻՍԻ՞ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ

Այս տարվա սեպտեմբերի 8-ին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը Թեքեյան կենտրոնում հայաստանյան քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում` «Ինչո՞ւ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը տիրապետող չդարձավ Հայաստանում» խորագրով: Թեման, բնականաբար, ընդգրկուն էր, ասելիքները` բազմաթիվ, հետեւաբար այն ժամանակ որոշում ընդունվեց նմանատիպ քննարկումները դարձնել շարունակական: Երեկ կրկին Թեքեյան կենտրոնում Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը կազմակերպել էր նոր քննարկում` «Ինչպիսի՞ կառավարման համակարգ ենք ցանկանում» խորագրով:

Այս կապակցությամբ Արմենական-ՌԱԿ վարչության դիվանի անդամ, պատմաբան Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ կա մի հակասություն. «Բոլորն իրենց համարում են լիբերալ-դեմոկրատներ, այս գաղափարների կրողներ, սակայն գործունեությամբ ամենեւին էլ լիբերալ-դեմոկրատ չեն, հետեւաբար լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը եւ նրան համահունչ ժողովրդավարական կառավարչաձեւը, որոնք մերօրյա զարգացած շատ երկրներում ամուր հիմքեր եւ կիրառում ունեն, մեր երկրում անկախության այս 20 տարիների ընթացքում այդպես ել տիրապետող չդարձան», ասաց Սարգսյանը: Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը , նկատեց, որ աշխարհում լիբերալ-դեմոկրատական կառավարություններն ունեն 3 հիմնական գործառույթ. «Քաղաքացիների անվտանգության ապահովում` սկսած սահմանների անվտանգության ապահովումից, հարկերի եւ տուրքերի հավաքագրում, եւ վերջապես` հարկերից ու տուրքերից հավաքագրված միջոցների` պետական բյուջեի վերաբաշխում` տարբեր ոլորտների միջեւ, դրանց զարգացումն ապահովվելու համար», ասաց Ավետիքյանը: Արմենական ՌԱԿ ատենապետը նկատեց, որ մեր կառավարման համակարգը «կաղում է» հատկապես երկրորդ ու երրորդ գործառույթները կատարելիս:

Իսկ որպեսզի մեր կառավարման համակարգը արդյունավետ լինի եւ այդպես գործի, քննարկմանը հրավիրված ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը առաջարկեց իր հեղինակած «Կատարյալ ժողովրդավարության համակարգ», որը, Հայրիկյանի խոսքերով, 6-7 տարբեր գաղափարախոսություններ ունեցող կուսակցությունների հետ ներկայացվել է իշխանություններին: Ըստ այդ ծրագրի` «ոչ մի քաղաքացու ձայն ընտրությունների ժամանակ չի անէանում», սա ապահովելու համար առաջարկվում է «ամեն քվե ընկալել որպես երկրի կառավարմանը մասնակցելու քաղաքացու բաժնետոմս»: Հայրիկյանի առաջարկած համակարգով, օրինակ, ԱԺ-ում որեւէ հարց քվեարկելիս յուրաքանչյուր պատգամավոր իր ձայնով ներկայացնում է իր ընտրազանգվածի ստույգ թիվը, այսինքն, եթե տվյալ պատգամավորն ընտրվել է 80 հազար բնակչություն ունեցող համայնքից, ուրեմն նրա ձայնը հենց 80 հազար «ձայն» է ապահովում տվյալ քվեարկման ժամանակ. «Այդ պարագայում երկրի ամեն քաղաքացի իրեն կզգա երկրի կառավարմանը մասնակից», ասաց Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ընտրություններին, ապա, պրն Հայրիկյանի առաջարկած համակարգով, դրանք պետք է լինեն հաճախակի. «Մի հավատացեք նրանց, որոնք ընտրությունները հաճախակի անցկացնելու կողմնակից չեն, այդ մարդիկ պարզապես ձեր թշնամիներն են», ասաց Հայրիկյանը: ԱԻՄ նախագահն ընդգծեց, որ իր ներկայացրած այս առաջարկը հավանության է արժանացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանը. «Արցախի նախագահը նկատեց, որ սա կարող է դառնալ ժողովրդավարության արցախյան մոդել», ասաց Հայրիկյանը` հավելելով, որ հայաստանյան իշխանությունները, սակայն, չեն արձագանքել իր ներկայացրած առաջարկին:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հակոբյանի կարծիքով` «պետք է սկսել սահմանադրությունից». «Լիբերալ-դեմոկրատական փիլիսոփայությունը ամրացվում է քաղաքականության ու տնտեսության մեջ, իսկ մեր մոտ բացակայում է հենց այդ փիլիսոփայությունը», նկատեց տիկին Հակոբյանը` ընդգծելով որ մենք ազգային պետություն պետք է լինենք: Արմենական-ՌԱԿ վարչության անդամ Աշոտ Գասպարյանը այս կապակցությամբ նշեց, որ «ժողովրդավարության փորձը մենք չպետք է վերցնենք այլ երկրներից, այլ պետք է ստեղծենք ժողովրդավարության մեր մոդելը»: Գասպարյանը նույնպես առաջարկեց ժողովրդավարության նոր համակարգ, որտեղ ընտրություննները պետք է լինեն ոչ թե փակ, գաղտնի, այլ` բաց. «Որպեսզի քաղաքացին տեսնի, որ ինքն ընտրեց ինչ-որ մեկին»: Բացի սրանիցՙ Գասպարյանն առաջարկում է բանակի` ընտրելու իրավունքը կասեցնել, իսկ բյուջետային աշխատողները ընտրություններից առաջ ու հետո` որոշ ժամանակով ապահովագրվեն, այն է` օրենքով հնարավոր չլինի նրանց` վերոհիշյալ ընթացքում աշխատանքից ազատել:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը , հիշելով «կումունիզմի ուրվականը», որն այդպես էլ չեկավ, նկատեց, որ այսօր մեզանում շահարկվում են լիբերալ-դեմոկրատական գաղափարները: Սակայն քաղաքագետը վստահ է, որ մեր ոչ աշխարհագրություն, ոչ էլ` ավանդույթները թույլ չեն տա ամբողջությամբ դառնալ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ շարժվող երկիր: Այդուհանդերձ` Շիրինյանը առաջարկեց լիբերալ-դեմոկրատական գաղափարները հասանելի դարձնելու նպատակով սկսել այդ գաղափարախոսության վերաբերյալ գրականությունը հայերեն թարգմանելուց. «Բացի սրանիցՙ անհրաժեշտ է մշակել տնտեսական ու սոցիալական այնպիսի հայեցակարգ, որը ընդունելի կլինի ինչպես լիբերալների, այնպես էլ պահպանողականների ու սոցիալիստների համար, իսկ ամենակարեւորը` էլիտայի վերարտադրություն է պետք», ասաց Շիրինյանը:

Այս վերջին հանգամանքը իրոք բավական կարեւոր ու խիստ արդիական է Հայաստանի համար: Ինչպես նկատեց Հակոբ Ավետիքյանը ` «սրանից ավելի անհնար է, որ պետությունը վերահսկի ու ներկա լինի բոլոր ոլորտներում», տպավորությունն այնպիսին է, որ երկրում ամեն ինչ ու բոլորը պտտվում են միայն երեք նախագահների շուրջը, այդ պատճառով էլ, Ավետիքյանի խոսքերով, կուսակցությունները չեն կայանում, հետեւաբար, իրավամբ, այսօր մենք էլիտայի վերարտադրության խնդիր ունենք:

Արմենական-ՌԱԿ վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Տոնոյանի կարծիքով, անկախության սկզբնական շրջանում իշխանությունը սեփականաշնորհումն անցկացրեց ոչ թե իբրեւ առաջադիմության եւ զարգացման գործիք, այլ որպես մի ֆորմացիայից մյուսին անցնելու մակերեսային միջոց, ինչը սխալ ուղղությամբ առաջնորդեց ազատականությանը մեր երկրում: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը հռետորական հարց ուղղեցՙ արդյոք ներկա հասարակությունը կարո՞ղ է բարեփոխել իրավիճակը: Նրա կարծիքովՙ ստեղծվել է թերուսների համակարգ, որին բնորոշ է քաղաքական կողմնորոշում չունենալը, փոխարենը տիրապետող է կուսակցական կողմնորոշումը:

Երիտասարդության ներկայացուցիչներից քննարկմանը ներկա ՀԺԱՄ կուսակցության անդամները նկատեցին, որ Հայաստանում այլընտրանքի խնդիր կա, որը հենց ժողովրդավարության եթե ոչ հիմքը, ապա գոնե կարեւոր տարրերից է: ՀԺԱՄ երիտասարդ ներկայացուցիչներից Տիգրանն ու Դավիթը առաջարկեցին հենց երիտասարդությանը ընտրել որպես գլխավոր թիրախ` պրոյեկտելու լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: Այս կապակցությամբ Արմենական-ՌԱԿ վարչության անդամ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ «երիտասարդությունը ոչ թե պետք է սպասի, թե ե՞րբ պետք է իրեն ինչ-որ տեղ կամ դեր առաջարկեն, այլ ինքն իր ակտիվությամբ պետք է պահանջի ու ստանա իր տեղն ու դերը»:

Նյու Յորքից ԱԻՄ ներկայացուցիչ Կարապետ Եղնկյանը նշեց, որ այսօր մեզ անհրաժեշտ է «կայծ»` գաղափար, որը նշանակություն չունի, թե ով կառաջարկի, բայց որի շուրջը կարելի կլինի համախմբվել: Պարույր Հայրիկյանն էլ առաջարկեց` «ամեն բան մոռանալ, բայց հիշել ժողովրդավարության կարեւորագույն ու բարձրագույն արժեքը` մարդը ու գալիք ընտրություններում կատարել հեղափոխական քայլ»: Ի դեպ` «հեղափոխված» Եգիպտոսից քննարկմանը մասնակցում էր եգիպտահայ ազգային հասարակական գործիչ Պերճ Թերզյանը , որն ընդգծեց. «Եգիպտոսի հեղափոխությունը ժողովրդավարության տեսակետից արդյունք չունեցավ, քանի որ լիարժեք կազմակերպված չէր ու իրականացնող հիմնականում երիտասարդները ամենեւին էլ չէին ճանաչում միմյանց, ինչից օգտվեցին այլ ուժեր»:

Կազմակերպված լինելու առումով էլ նկատենք, որ Թեքեյան կենտրոնում երեկվա քննարկումը, որը նախատեսված էր 2 ժամ, հենց այդքան էլ տեւեց:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4