Հայ շախմատիստները նույնիսկ մրցանակակիր չդարձան
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Չեմպիոնը պետք է որոշվեր մրցաշարի երկու առաջատարներ Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականների մրցավեճում: Ցավոք, հայ շախմատիստները 1,5-2,5 հաշվով պարտվեցին մրցակցին ու ոչ միայն զրկվեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից, այլեւ մնացին առանց մեդալների: Գերմանացիների հետ մրցավեճում վճռորոշ եղավ 2-րդ խաղատախտակի վրա կայացած Սերգեյ Մովսիսյան-Գեորգ Մեյեր պարտիան, որում հայ շախմատիստը պարտություն կրեց: Մինչ այդ Լեւոն Արոնյանը արագորեն ոչ-ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի հետ, Վլադիմիր Հակոբյանն էլ հաշտություն էր կնքել Դանիել Ֆրիդմանի հետ: Վերջինն իր մրցախաղն ավարտած Գաբրիել Սարգսյանը փորձեց հաղթանակի հասնել Յան Գուստաֆսոնի նկատմամբ, սակայն ի վերջո գրանցվեց ոչ-ոքի: Փաստորեն այդ պարտությունը ճակատագրական եղավ Հայաստանի հավաքականի համար, որը 13 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Այսպիսով, շատերի համար անսպասելի Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Գերմանիայի հավաքականը, որը վաստակեց 15 միավոր: 14 միավորով արծաթե մրցանակակիր դարձան ադրբեջանցիները, որոնք ավարտական տուրում 3-1 հաշվով հաղթեցին ռումինացիներին:
Հայաստանի հավաքականը կարող էր գոնե 3-րդ տեղը գրավել, սակայն մեր շախմատիստներին շրջանցեցին հունգարացիները, որոնք 4-0 հաշվով ջախջախեցին մրցանակային տեղի հավակնող բուլղարացիներին: Հունգարիայի հավաքականն էլ վաստակեց թիմային 13 միավոր, սակայն բոլոր պարտիաներում կես միավոր ավելի վաստակելով հայերիցՙ դարձավ բրոնզե մրցանակակիր: 13 միավորով լավագույն հնգյակը եզրափակեցին ռուսներըՙ 3-1 հաշվով հաղթելով սլովենացիներին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականում լավագույն արդյունքը ցույց տվեց Գաբրիել Սարգսյանըՙ 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 2-րդ արդյունքն ունի Լեւոն Արոնյանըՙ 5,5 միավոր 8 հնարավորից: Նույնքան պարտիաներում Վլադիմիր Հակոբյանը վաստակեց 5 միավոր: Համեմատաբար անհաջող էր Սերգեյ Մովսիսյանի ելույթը, որը 9 պարտիաներում միայն 4 միավոր պարգեւեց թիմին: Ռոբերտ Հովհաննիսյանը անցկացրած 2 պարտիաներում վաստակեց 1,5 միավոր:
Կանանց մրցաշարում, ինչպես եւ սպասվում էր, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականըՙ 3-1 հաշվով հաղթելով ավստրիացիներին: Ռուսները վաստակեցին 17 միավորՙ 3-ով առաջ անցնելով 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ Լեհաստանի ու Վրաստանի հավաքականներից: Լեհերը ոչ-ոքի խաղացին Հայաստանի հավաքականի հետ, իսկ վրացիները 2,5-1,5 հաշվով հաղթեցին ռումինացիներին:
Լեհերի հետ մրցավեճում Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց Մոնիկա Սոչկոյի հետ: Մեր թիմից հաղթեց միայն Լիլիթ Գալոյանըՙ պարտության մատնելով Ջոանա Մայդանին: Մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց Լիլիթ Մկրտչյանըՙ զիջելով Յոլանտա Զավադսկային: Մարիա Կուրսովա-Կարինա Չեզեպկովսկա պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը 11 միավորով գրավեց 7-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով նաեւ Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Բուլղարիայի հավաքականներին:
Հայաստանի կանանց հավաքականում բոլորից հաջող հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանըՙ 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր: Էլինա Դանիելյանը թիմին պարգեւեց 5 միավոր, Լիլիթ Գալոյանը 8 հնարավորից վաստակեց 3,5 միավոր, Մարիա Կուրսովան յոթ պարտիաներում իր օգտին գրանցեց 3 միավոր: Նելլի Աղինյանը 3 մրցախաղում վաստակեց 2 միավոր: