«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2011-11-10 | #203, 2011-11-11 | #204, 2011-11-12


ՕԲԱՄԱՅԻ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՍԽԱԼԸ»

Կամ ինչո՞ւ է ԼՂ հարցում ակտիվանում Թուրքիան

Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային պատմությունը ուշագրավ մի շարք տարրեր ունի: Դրանց բոլորի քննարկումն ու առհասարակ այդ պատմությունից խոսելը այլ խոսակցության թեմա է, այժմ անդրադառնանք միայն դրանցից մեկին: Երբ միջնորդները հակամարտ կողմերին առաջարկել են սկզբունքների համաձայնության որեւէ մեխանիզմ, դրանք մշտապես մերժել է Բաքուն: Այսպես ստացվեց, երբ Բաքուն, օրինակ, մերժեց «Ընդհանուր պետության» գաղափարը, որով հիշեցնենք` ԼՂ-ն մտնում էր Ադրբեջանի կազմ, սակայն «աննախադեպ լայն ինքնավարությամբ»: Սակայն ուշագրավն այն չէ, որ Բաքուն սա մերժել է, այլ որ դրանից հետո միջնորդները կողմերին ներկայացրել են արդեն առաջարկություններ, որոնցում հստակ ընդգծվում է ԼՂ ինքնորոշման իրավունքը: Այլ կերպ ասած, մերժելով մի բանՙ Բաքուն մշտապես ստացել է ավելի վատը: Այս առումով այսօր բանակցային գործընթացում իրավիճակը բավական նշանակալից է: Մադրիդյան սկզբունքներին, որոնք կողմերը գրեթե համաձայնեցնում էին հունիսին Կազանում, Բաքուն հավելեց նոր` 10 առաջարկություններ, ինչով եւ փաստորեն մերժեց դրանք: Հետեւաբար, եթե կողմերը կամ դրանցից մեկը այլեւս ցանկություն չհայտնի բանակցել մադրիդյան սկզբունքների շուրջը, ապա կարող է եւ առաջարկվել սկզբունքների մեկ այլ «ժողովածու», որով, օրինակ, Բաքուն պարտավոր կլինի ուղիղ բանակցություններ սկսել ԼՂ-ի փաստացի իշխանությունների հետ, լինի դա Հայաստանի ներկայությամբ թե առանց դրա, համենայն դեպս` բանակցությունների մինչեւ այժմ գործող տրամաբանությունը սրան է բերում: Այս ամենն, անշուշտ, կանխատեսում է Իլհամ Ալիեւը, որը ամենեւին էլ պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իր ելույթներում կամ հարցազրույցներում բարձրացնում է ԼՂ-ին տրամադրվելիք աննախադեպ ինքնավարության վերաբերյալ իր պատրաստակամությունը: Ստացվում է, որ Իլհամ Ալիեւը սրանով իսկ ցանկանում է կամ արգելակել բանակցային գործընթացը, կամ վերադառնալ նույն գործընթացի ավելի վաղ ժամանակներ` առաջ բերելով հակամարտության լուծման մի տարբերակ, որը ժամանակին իր իսկ հայրը մերժել է: Իսկ բանակցություններում «նման հեղափոխություն» իրագործելու համար Բաքվին անհրաժեշտ է աջակցություն, իսկ ո՞վ կարող է աջակցել Բաքվին լիարժեքորեն, իհարկե Թուրքիան: Այս ամենին գումարենք նաեւ Բաքվի հիասթափությունը Մինսկի խմբի համանախագահությունից, կոնկրետՙ Ռուսաստանից, էլ ավելի կոնկրետ` նախագահ Մեդվեդեւից, ու այս ֆոնին ամենեւին էլ պատահական չորակավորենք թուրք-ադրբեջանական վերջապես կնքված գազային համաձայնագիրը: Ավելին, այստեղ Թուրքիան, քանի որ հիշյալ պայմանագրի առավել շահող կողմն է, կարող է փոխարենը Բաքվին խոստանալ, որ «ամեն ինչ կանի` ներգրավվելու ղարաբաղյան գործընթաց», ընդ որում օգտագործելով բոլոր հայտնի ու անհայտ լծակները: Հենց այս ենթադրության մեջ հրաշալիորեն տեղավորվում են վերջերս տարբեր արեւմտյան` հատկապես նույն թուրք-ադրբեջանական գազատարից շահած եվրոպական պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում «արդյունավետ» է որակվում Թուրքիայի ներգրավվածությունը հիմնահարցի լուծումը գտնելու աշխատանքներում:

Այս համատեքստում բավական հետաքրքրական մի տեղեկություն երեկ հաղորդեց Vesti.az-ը` մեջբերելով ամերիկյան CBS հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ Բարաք Օբաման «աններելի սխալ» է թույլ տվել «հարավկովկասյան ռազմավարության» առումով: Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած «ատոմային գագաթաժողովից» առաջ, որին հրավիրված էր նաեւ նախագահ Սարգսյանը, Անկարան «ակտիվորեն առաջարկել է Վաշինգտոնին` կազմակերպել չորս կողմերի միջեւ հանդիպում»ՙ ԱՄՆ, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան: «Սակայն այդ ժամանակ Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերություններում խնդիրներ կային, որոնց հետեւանքով էլ նախագահ Ալիեւը չհրավիրվեց գագաթաժողովին: Այդ ժամանակ անգամ ինքը` Դավութօղլուն հայտարարեց, որ սա կորսված հնարավորություն էր: Օբաման այս քայլով` նախագահ Ալիեւին չհրավիրելով ու նման հանդիպում չկազմակերպելով կորցրեց հնարավորությունը` առավելության հասնելու հարավկովկասյան տարածաշրջանում», ըստ Vesti.az-ի, հաղորդում է ամերիկյան CBS-ը: Դե իսկ որպես նախագահ Օբամայի «աններելի սխալ», ադրբեջանական փոխանցմամբ, ամերիկյան աղբյուրը մատնանշում է ԱՄՆ նախագահի ինքնավստահությունը. «Եթե 2010-ին Վաշինգտոնը կարողանար մի քանի քայլ առաջ հաշվարկել, ապա այսօր ԱՄՆ-ը մի լուրջ աշխարհաքաղաքական հարց պակաս կունենար», եզրակացնում է CBS-ը:

Ստացվում է, փաստորեն, որ Անկարան «իր հերթին» միջամտելու իրավունք ստանալու համար դիմել է ԱՄՆ-ի օգնությանը, առավել ուշագրավ է, որ ԱՄՆ-ը փաստորեն մերժել է այդ առաջարկությունը` հավանաբար հաշվի առնելով Մինսկի խմբում մյուս երկու համանախագահների ունեցած դիրքորոշումները այս հարցում: Այս ամենը բերում է հետեւության, որ Մինսկի խմբի համանախագահները, կոնկրետ` ԱՄՆ-ը, ամենեւին էլ չեն ցանկանում թուրքական միջամտություն ԼՂ հարցում, հետեւաբար Իլհամ Ալիեւի հույսերը` կապված միջնորդական առաքելության ձեւաչափի իրեն ցանկալի փոփոխությանը հասնելու, անիրականանալի են թվում: Իսկ Մինսկի խմբի համանախագահությունը, տրամաբանորեն, մշտապես ԼՂ հիմնահարցի լուծման ավելի անցանկալի առաջարկներ է անում այն կողմի համար, որը եւ մերժում է նախորդ առաջարկները:

Միակ հարցը մնում է թուրք-ադրբեջանական գազային պայմանագիրը. հանկարծ չստացվի՞, որ «իզուր կնքվեց»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4