«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ` ՆԱԵՎ ԵՄ-ՈՎ «ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ» ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ՖՐԱՆՍԻԱՅԻ՞Ն

Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, բարոնուհի Քեթրին Էշթոնը Հարավային Կովկասում կլինի Բաքու, ապա Թբիլիսի եւ Երեւան այցելությամբ արդեն այսօր, Հայաստան այցելելով նոյեմբերի 16-17-ին Թբիլիսիից:

Վրաստանում ԵՄ ներկայացուցիչը, հանդիպումներից զատ, փաստացի մասնակից կդառնա Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տեղեկացմամբՙ էշթոնը Երեւանում հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում գերագույն ներկայացուցիչը կքննարկի գալիք ընտրությունները, Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները, ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները:

Առավել հետաքրքրական է, թե ղարաբաղյան հարցի առնչությամբ ինչ առաքելությամբ ու կոնկրետ մոտեցումներով է բարոնուհին գալիս տարածաշրջան, քանի որ Էշթոնից առաջ Երեւան այցելած Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոնեսթի նախագահ Քրիստիան Վիգենինը նախորդ ուրբաթ Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Եվրոպայում գոհ չեն ղարաբաղյան գործընթացի լճացումից:

Էշթոնը հաստատապես գոնե հայաստանյան եւ ադրբեջանական իշխանություններին որեւէ ասելիք պիտի ունենա, քանի որ, ըստ Վիգենինի երեւանյան հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը արդյունք չի գրանցել նախորդ տարիներին, ուստի ինչ-որ բան պետք է փոխվի: «Փոխվի» ասելուց առաջ էլ Վիգենինը բավականին բաց տեքստով նշել է, որ Եվրոմիությունը պետք է ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, դիտարկմամբ, որ այդ գործընթացում պետք է «նոր խաղացողներ» ներգրավվեն: Գոնե այս պահի դրությամբՙ նոր խաղացողներ ասվածը պետք է ընկալել Եվրոմիությունը, թեեւ Վիգենինը կարող էր նաեւ այլոց նկատի ունենալ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4