«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ԲՐԻՏԱՆԻԱՆ ՈՒՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇԱՀԵՐ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՈՒԶՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Միացյալ Թագավորության համար տարածաշրջանում թիվ 1 առաջնահերթությունը հակամարտությունների կանխումն է, խաղաղ կարգավորումը, թեեւ բրիտանական կողմը ուղղակի ներգրավված չէ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բայց մարդկային ու քաղաքացիական հասարակության շփումները ողջունում է` պաշտոնական շփումների սակավության ֆոնին:

Իսկ թե ինչպես է Միացյալ Թագավորությունը համադրում տարածաշրջանում ունեցած ու ցցուն դրսեւորվող իր նավթային շահերը հակամարտությունների կանխման հետ, «Ազգի» հարցին երեկ ՄԱԱ-ում հյուրընկալված Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը արձագանքեց, որ կապն ակնհայտ է: «Մենք ունենք առեւտրային շահեր եւ քանի որ ունենք առեւտրային շահեր, ուզում ենք տեսնել կայուն, անվտանգ ու բարգավաճող տարածաշրջան»:

Արդեն հունվարին իր դիվանագիտական չորսամյա առաքելությունն ավարտող դեսպանը շեշտեց, որ Մեծ Բրիտանիան աջակցել ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հարցի լուծումը կախված է հենց կողմերի քաղաքական կամք դրսեւորելու պատրաստակամությունից:

Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին` դեսպան Լոնսդեյլը հիշեցրեց, որ Միացյալ Թագավորության դիրքորոշումն այս հարցում չի փոխվի Հայաստանում դեսպանների փոփոխության հետ, այն ձեւակերպմամբ, որ օգտակար չի լինի հնչեցնել Մեծ Բրիտանիայի տեսակետը, այլ Հայաստանն ու Թուրքիան պետք է վերադառնան ու վերանայեն այդ իրադարձությունները:

Դեսպանի վկայությամբՙ մոտ ժամանակներս Մեծ Բրիտանիան չի ծրագրում նաեւ վերանայել Հայաստանի հետ վիզային ռեժիմին առնչվող որեւէ փոփոխություն:

Այդուհանդերձ, բրիտանական դեսպանական զույգի նշանակումը Հայաստանում կարեւորելով որպես բրիտանական արտգործնախարարության քայլ չառանձնացնելու զույգին ու միեւնույն ժամանակ երկու բանիմաց ներկայացուցիչ ունենալու Հայաստանում` դեսպան Լոնսդեյլը Հայաստանից հեռանում է որպես ոչ պաշտոնական զբոսաշրջային դեսպան-գովազդող` ամենուր ներկայացնելով Հայաստանի հարուստ ժառանգությունը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4