Վաչե Գաբրիելյանը բյուջեի կատարումն իրատեսական է համարում
Գնումների էլեկտրոնային համակարգի ներդրմանն էր վերաբերում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսը: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ արդեն տեղադրվել են համակարգը եւ մի շարք գնորդների գնումների մասին հայտարարություններն այդ համակարգում: Դրանք են կառավարությունը, առողջապահության նախարարությունը, Լոռու մարզպետարանը եւ գնումների աջակցման կենտրոնը: Ըստ ֆինանսների նախարարի, համակարգը հնարավորություն է տալիս խուսափել միջամտությունից, երբ այլեւս հնարավոր չի լինի փոխել փաստաթղթերը, շուտ կամ ուշ բացել ծրարները եւ այլն: Վաչե Գաբրիելյանը նշեց նաեւ, որ նոր համակարգը եվրոպական համակարգ է մեր առանձնահատկություններով: Նրա շնորհիվ նվազագույնի կհասցվեն շփումները տնտեսվարողների եւ պետական մարմիների ու գնումների գործակալության միջեւ, կխնայվի ժամանակը:
Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 2012-ից բոլոր գնումների մրցույթները կլինեն էլեկտրոնային: Առաջինը դրան կանցնեն պետական կառավարման շուրջ 60 կառույցներ: Կեղծ հայտերից խուսափելու համար յուրաքանչյուր կազմակերպություն նախ կգրանցվի գնումների կենտրոնում: Սակայն եթե 3 տարվա ընթացքում որեւէ կազմակերպություն բարեխիղճ գործունեություն է իրականացնում, ապա դրանից հետո փաստաթղթերի մի ամբողջ շարք այլեւս ներկայացնելու կարիք չի ունենա: Նախարարը տեղեկացրեց, որ գնումների ընդհանուր ծավալը 2010-ին կազմել է 450 մլրդ դրամ:
Հարկային փոփոխությունների փաթեթի վերաբերյալ տրված հարցերին պատասխանելովՙ ֆինանսների նախարարը հայտնեց, որ փաթեթի քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է պետեկամուտների կոմիտեի նախագահի մատնանշած ռիսկերին, ապա դրանք ընդամենը մակրոտնտեսական առումով մտահոգություններ են: Նախարարի հավաստմամբՙ եթե չլինեն արտակարգ իրադարձություններ, բյուջեի մուտքերն ապահովելն իրատեսական է:
Վաչե Գաբրիելյանը հայտնեց նաեւ, որ հանքարդյունաբերության ոլորտում տարեկան լրացուցիչ 2,5 մլրդ դրամ է ակնկալվում վերոնշյալ հարկային փոփոխություններից հետո: «Այսպես կոչված շքեղության հարկը 90 հազար դոլարից ավելի մեքենաների վրա կիրառելիս ինչո՞ւ են ընտրվել այդ արժեքի մեքենաները» հարցին էլ նախարարը պատասխանեց, որ իրենք հարցրել են փորձագետներին եւ եկել այդ եզրակացության:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ