«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ՓՄՁ, ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ, ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

ԱՊՀ առեւտրաարդյունաբերական պալատները պատրաստվում են Եվրասիական ազատ տնտեսական գոտու ստեղծմանը

Նոյեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների (ԱԱՊ) խորհրդի նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի եւ նրա առանձին սուբյեկտների, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուկրաինայի պալատների ներկայացուցիչները: Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը , խորհրդի նիստը հատկանշանական էր նրանով, որ այս տարի նշվում է ԱՊՀ ստեղծման 20- ամյակը, իսկ հաջորդ տարի կնշվի ԱՊՀ առեւտրաարդյունաբերական պալատների խորհրդի ստեղծման 10-ամյակը:

Ըստ Արա Վարդանյանիՙ խորհրդի նիստում քննարկվել են Եվրասիական ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցն ու ԱԱՊ-ների համագործակցությունն այդ համատեքստում: Հայկական կողմն առաջարկել է սերտացնել համագործակցությունը փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասով: Այսինքն, որպեսզի ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների օգնությամբ, այդ երկրների փոքր եւ միջին ընկերությունների համար հնարավորություններ ստեղծվեն միմյանց հետ կապեր հաստատելու, զարգացնելու եւ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու: Հայաստանի ԱԱՊ գործադիր տնօրենը որպես փոքր եւ միջին բիզնեսին ցույց տրվող աջակցության լավ օրինակ ներկայացրեց ԱԱՊ ղեկավարների այցելած «Ստրոգինո» տեխնոպարկը: Այդտեղ փոքր ձեռնարկություններին տրվում են տարածք, կապի միջոցներ, տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ: Արա Վարդանյանը նշեց, որ այդպիսին պետք է լինի Գյումրիի տեխնոպարկը, որը, սակայն, մինչ այժմ չի իրագործվում:

ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նիստում առաջարկ եղավ, որ ապրանքների ծագման սերտիֆիկատները տրվեն էլեկտրոնային եղանակով: Հայաստանում արդեն այդ աշխատանքները տարվում են, որպեսզի հետագայում բոլոր պալատները իրար հետ շաղկապված լինեն էլեկտրոնային համակարգում: Հայաստանի ԱԱՊ գործադիր տնօրենի համոզմամբ, Եվրասիական ազատ տնտեսական գոտու ստեղծման պարագայում, էլեկտրոնային համակարգով սերտիֆիկատների տրամադրման նկատմամբ պահանջը կմեծանա:

ԱՊՀ ստեղծման 20 ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ցուցահանդեսին ԱԱՊ-ները ներկայացրել են իրենց հնարավորությունները եւ ծառայությունները: Որոշվել է, որ ԱՊՀ երկրների պալատները պետք է հովանավորեն առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսները:

Վերջում Արա Վարդանյանն ավելացրեց, որ ԱՊՀ կազմավորման 20-ամյակի եւ ԱՊՀ անդամ երկրների միջեւ գործարար համագործակցության զարգացման, միջռեգիոնալ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման եւ ամրապնդման գործում ակտիվ գործունեության համար 3 երկրների ԱԱՊ ղեկավարներ արժանացել են ԱՊՀ գործադիր կոմիտեի հատուկ պատվոգրին: Նրանց թվում է նաեւ Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4