«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ

Հայաստանի հեռուստատեսությունը գժվել է: Մի առանձին մազոխիստական հետեւողականությամբ են տեսարձակվում այն արտառոց քրեական դեպքերը, երբ որդին սպանում է հորը, հայրըՙ որդուն, մայրըՙ երեխային, ամուսինն ու կինըՙ միմյանց, հետն էլՙ երեխաներին, իսկ ահեղ ջահելներն էլ բռնաբարում են զառամյալ տատիկներին եւ այլն: Խոսքը չի վերաբերում, ինչպես ասում են, մախաթը պարկում թաքցնելուն: Ոչ իհարկե, խոսքը վերաբերում է այդ դաժան իրադարձությունների, առանց չափազանցության, գովազդին: Օրվա մեջ մի քանի անգամ, բոլոր հեռուստաալիքներով ամենայն մանրամասնությամբ պատմվում է այդ արտառոց անմարդկային, տգեղ ու այլանդակ իրողությունների մասին: Բանը հասնում է նրան, որ եղեռնագործությունների «խանդավառ» տարփողումներից հետո ողբերգականը հաճախ դառնում է նույնիսկ... զավեշտական: Մարդիկ սկսում են ցինիկորեն սրամտելՙ ինչո՞ւ է, օրինակ, ջահել տղան բռնաբարում տատիկին, չփորձելով նրա խաթրն առնել «ջանով-ղուրբանով»: Խեղճ զառամյալ կանանց մենախոսություններից հետո էլ գլխի չես ընկնումՙ նրանք դժգո՞հ են տեղի ունեցածից, թե՞ ...

Հայաստանում բարոյականության անկումը, ավանդական ընտանիքի աղճատումը եւ նմանատիպ այլ երեւույթներ բացատրում են մեղկ Եվրոպայի ազդեցությամբ: Դրա մեջ մեծ ճշմարտություն կա: Սակայն հազիվ թե Եվրոպան պարտադրի, որ, ասենք, հայրասպանությունը վերածվի յուրօրինակ տեսահոլովակի: Սա, իհարկե, սենսացիա փնտրող (կարեւոր չէՙ ինչպիսի) հայոց հեռուստատեսության նախաձեռնությունն է:

Ռուսաստանում նման դեպքերը եզակի չեն, եւ այդ երկրում ապրող հայերը հպարտանում էին, որ իրենց նախնյաց երկրում նման երեւույթներ տեղի չեն ունենում: Եվ քանի որ այստեղ շատերն են դիտում Հայաստանի հեռուստաալիքները, ապա նրանք սսկվել են: Հատկապես տատիկներիՙ այժմ արդեն «հեռուստատեսային» անարգումներից հետո:

Սակայն այս ամենը, թերեւս, հակահայկական քարոզչական լայն թեմաներ է տալիս հարեւան ազերիներին: Բացեք նրանց կայքերը եւ կհանդիպեք համապատասխան «պարզաբանումների»ՙ խնդրեմ, սա է ձեր բարոյական դեմքն ու էությունը: Եթե դուք ինքներդ այդքան պիղծ եք մերձավորների նկատմամբ, ապա ինչ կարող եք պահանջել ուրիշներից: Եվ այլն:

Չափի զգացում պետք է դրսեւորել: Չի կարելի գժվել այն աստիճան, որ աղտեղությունը վերածվի գովազդի առարկայի: Նման տխրահռչակ «սենսացիաները» ոչ այնքան անակնկալի են բերում հեռուստադիտողներին, որքան վշտացնում ու դառնացնում են նրանցՙ էլ ի՜նչ նոր երեւույթներ է մեզ հրամցնելու անկախ ու ազատ Հայաստան երկիրը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4