«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2011-11-12 | #205, 2011-11-15 | #206, 2011-11-16


ԲՅՈՒՋԵՆ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԱԺ ՃԱՇԱՐԱՆԸ...

ԱԺ ճաշարանը հրաժարականից հետո

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հովիկ Աբրահամյանի հրաժարականն անմիջապես իր անդրադարձն էր ունեցել Ազգային ժողովի ճաշարանում: Երեկ այնտեղ պակասել էր տեսականին: Սա լրագրողները տրամաբանական համարեցին, քանի որ ԱԺ հեղինակությունը բարձրացնելու ճանապարհին ԱԺ նախագահը կարգ ու կանոն էր մտցրել այստեղ` ապահովելով համեմատաբար ցածր գներով եւ բարձր որակով ուտեստեղենով: Երեւում է` հրաժարականի ընդունումից հետո ԱԺ ճաշարանում ճաշերը եւս հրաժարական են տալու, առնվազն մատչելի գներից:

Բյուջեն` լիագումարում

Նախօրոք ԱԺ հանձնաժողովներում շուռումուռ տրված բյուջեն երեկ ներկայացվեց Ազգային ժողովի նիստում: Այդ առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքում նոր պահ կար` նա արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում նախագահի ծրագրային ելույթին հղում արեց, որտեղ հիմնական թիրախներ էին ֆիքսվել կառավարության համար: Վարչապետը նախագահի խոսքից այն մեջբերումն արեց, որտեղ ասվում է , թե մենք տնտեսական աճի եւ զարգացման խնդիր ունենք, եւ տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի: Վարչապետը նշեց այդպիսի զարգացման ապահովման 2012-ի ուղղությունները:

Բնականաբար նա կրկին խոսեց բյուջեի դեֆիցիտը 3 տոկոսով կրճատելու մասին (հասցվելու է 3 տոկոսի), հարկային մուտքերը 101 միլիարդ դրամով ավելացնելու, ռիսկերը կառավարելու մասին. «2012-ին, երբ արդեն նոմինալ ՀՆԱ-ի ցուցանիշը շատ ավելի բարձր կլինի, քան 2007-2008 թվականներին, ի վիճակի կլինենք այս ցուցանիշը կատարել: Այս ցուցանիշի կատարմանն է միտված լինելու նաեւ ձեզ ներկայացված հարկային փաթեթը», ասաց վարչապետը: Իսկ հարկային փաթեթի քննարկված մասն, ի դեպ, բավական քննադատվեց Ազգային ժողովում: Վարչապետն ի մի բերեց բյուջեի հավաքագրման խնդիր լուծող հարկային փաթեթի տրամաբանությունը. «Առաջին հերթին բարձր եկամուտներ ունեցողները պետք է ավելի շատ հարկեր վճարեն, քան ավելի ցածր եկամուտներ ունեցողները, հարկերի հավաքման պրոգրեսիվ սանդղակի ներդրումը եկամտահարկի մասով հետապնդում է այդ նպատակը: Այն արտոնությունները, որ այդ փաթեթով տրամադրում ենք փոքր ու միջին բիզնեսին, հետապնդում է այդ նպատակը: Այն բեռը, որ մենք դնում ենք շռայլության հարկի ձեւով, առաջին հերթին վերաբերում է հասարակության այն խավին, որն ունի բավարար եկամուտներ` նման ծախսեր իրականացնելու համար»: Բյուջեում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, ինչը հատկապես քննադատում է խորհրդարանական ընդդիմությունը, սակայն կառավարությունը փորձել է սոցիալական խնդիրները լուծել, այնուամենայնիվ, վարչապետի խոսքով. «2012-ին վերաբաշխելով պետության եկամուտները հարուստներից դեպի աղքատներ` 10 տոկոսով ավելացնելու ենք 100 հազար ընտանիքների սոցիալական նպաստները: Սա վերաբերում է մեր ընտանիքների մեկ յոթերորդին:

Ավելի քան 500 հազար թոշակառուների համար 10 տոկոսով ավելացնելու ենք թոշակները: Ավելի քան 120 հազար պետական ծառայողներ օգտվելու են այն սոցիալական փաթեթից, որ ներկայացրել ենք ձեզ: Այն, ըստ էության, նրանց համար կնշանակի եկամուտների ավելացումՙ 10 տոկոսով եկամուտների ավելացում: Այն առաջին հերթին թիրախավորում է ավելի ցածր եկամուտներ ունեցող պետական պաշտոնատար անձանց»:

Ի դեպ, երեկ բյուջեի քննարկումից առաջ ընդունվեցին հարկային փաթեթի մաս կազմող այն նախագծերը, որոնցով բարձր եկամուտներ ունեցող ֆիզիկական անձանցից (2 մլն դրամից ավելի) եկամտահարկ է գանձվելու առավել բարձր (պրոգրեսիվ) հարկման դրույքաչափերով, վերականգնվելու են անհատ ձեռներեցների կողմից եկամտահարկի ձեւով կատարվող կանխավճարների չափերը, 2 մլն դրամից բարձր աշխատավարձի համար առաջվա 3 տոկոսի փոխարեն սահմանվում է 8 տոկոս եկամտահարկ, թաքնված առնվազն 5 աշխատողներ պահելու համար ավելի վաղ սահմանված 60 հազար դրամ տուգանքը դառնում է 300 հազար դրամ, անձնական հաշվի քարտերի վարման` էլեկտրոնային եղանակով իրականացնելու համակարգի ներդրումն է ամրագրվում եւ այլն:

Բյուջեի քննարկումն այսօր կշարունակվի, հավանաբար այսօր խորհրդարանական ուժերն առավել կկենտրոնանան բյուջեի քննադատության վրա: Իսկ երեկ բյուջեի քննարկումն ընդհատվեց, քանի որ ՀՅԴ-ն ըստ կանոնակարգի արտահերթ օրենսդրական նախաձեռնություն էր օրակարգ մտցրել` քննարկվում էր. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Եկամտահարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակը հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանի խոսքով` Հայաստանում վարձատրության միասնական քաղաքականության ձեւավորումն է: Այդ նախաձեռնությունը ոչ համապատասխան գլխադասային հանձնաժողովի, ոչ էլ կառավարության դրական վերաբերմունքին չէր արժանացել: Այդպիսի նախաձեռնության համար այժմ ռեսուրսներ չկան, բյուջեն սուղ է, չնայած նախաձեռնությամբ միջին աշխատավարձի 60 տոկոս նվազագույն աշխատավարձ էր սահմանվում, ինչն, ըստ Ա. Մինասյանի, պահանջելու է մոտ 34 մլրդ դրամ ընդամենը: Որոշակի հաշվարկներ անելով` Մինասյանը նշեց, որ իրենց առաջարկով «նվազագույն ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել 63 հազար դրամից, իսկ քաղծառայողների համարՙ 75.800 դրամից»:

Մի խոսքով, չնայած գլխադասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կոշտ արձագանքին եւ ՀՅԴ նախաձեռնությունը ընտրությունների նախաշեմին ընտրողներին դուր գալու ձեռնարկ անվանելուն` «Ժառանգության» եւ ՀՅԴ պատգամավորներն իրենց ելույթներում մի բոլ սիրտ հովացրին, թե` այսպես ու այսպես, «գործադիր իշխանություն իրականացնող գավառական բդեշխներ», կառավարության անպատասխանատվություն, հակասոցիալական քաղաքականություն վարող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողով, որը պետք է հակակշռեր կառավարությանը, մինչդեռ նրա քաղաքականությունն է իրականացնում եւ այլն: Պարզ է, որ այս նախաձեռնությունն արդեն իսկ դատապարտված է, եւ մնում է նախաձեռնության հասարակությանն ուղղված ուղերձը, որը ԱԺ քննարկման երեւույթն ուներ:

Դալլաքյանի ռումբը

Երեկ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը շախմատն ու քաղաքականությունը զուգահեռելով` ԱԺ հայտարարությունների ժամին բացատրեց, թե ինչ է կատարվում հայոց ներքաղաքական դաշտում. «Առաջնորդներին արգելված է միմյանց անմիջականորեն շախ կամ մատ հայտարարել, ուստի արքաները իրար դեմ մարտնչում են միջնորդավորված` բանակների միջոցով, արքային կապիտուլացնելու նպատակով հակառակորդը նախեւառաջ կազմալուծում է նրա բանակը, շարքից հանում մյուս ֆիգուրները, իսկ պարտիան ավարտվում է, երբ չեզոքացնում են թագավորին: Ուստի ֆիգուրների գոյության երաշխավորն արքան է, որի անվտանգության համար էլ պայքարում են մյուսները` երկուստեք գիտակցելով, որ չկա առաջնորդ առանց բանակի եւ չկա բանակ առանց առաջնորդի», խոսք էր հասկացնում Դալլաքյանը եւ մանրամասն, բայց առանց անունները տալու, նշում գլխավոր խաղացողների քայլերը. ափսոսՙ լրագրային տարածքում ամբողջը փոխանցել հնարավոր չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4