Խոստովանում է Հասմիկ Պապյանըՙ հոբելյանական Անուշ ընծայելով
Թեպետ այսօր մարդկային առաքինությունների մասին շեշտադրումն այնքան էլ ճիշտ չի լինի, բայց ստիպված ենք բարձրաձայնելՙ նրա ներսի ամուր շաղախն է պայմանավորել աստվածային շնորհ-ձայնն իր ներսի եկեղեցում այնպես բնակեցնել, որ խաղաղ ու ներդաշնակ մնան մեծ բեմերի Դիվան ու պարզ մարդը: Օրեցօր պակասող, հազվադեպ հանդիպող այդ տեսակն է, որ ստեղծագործական հաջողությունների անսայթաք վերելքի ճանապարհին միշտ մնացել է հասանելի, ընդգծված քաղաքացիական կեցվածքով, անթաքույց մեծ սիրով առ Հայաստան: Չափսոսալ իհարկե չի կարելի, որ Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնը անցած 20 տարիներին չօգտագործեց բոլոր հնարավորություններըՙ նրա վառ մեկնաբանություններն առավել հասու դարձնելու հայ հանդիսատեսին, ում հանդեպ կարոտը երբեք չի թաքցրել մեր թերթին տված տարբեր տարիների իր հարցազրույցներում: Հասմիկ Պապյանի բարձրաշխարհիկ կեցվածքը եզրեր չունի ոչ գլամուրի, ոչ ժամանցիկ հաճույքների, ոչ էլ իրեն գովազդելու «աստղային» հիվանդության հետ: Երեւի այդ է պատճառը, որ նրա համերգները առանձնապես չեն գովազդվում այնպես, ինչպես մեր ականջը սովորեցրել են մեր հայրենի ռադիո-հեռոուստաընկերությունները, երբ նրանց ակումբային որեւէ երգիչ փող է վճարում դրա համար: Այդպիսի լռություն էր օգոստոսին, երբ Արցախում տեղի կամերայինի հետ բացառիկ համերգ ունեցավ: Այդպիսի անտարբերություն է նաեւ հիմա, երբ հայտնի է, նոյեմբերի 16-ին Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի բեմում Անուշ է երգելուՙ ստեղծագործական 25-ամյա «հաշվետվություն» ներկայացնելով:
«25 տարին մի ակնթարթ էր, բայց նաեւՙ բավականին երկար ժամանակ: Հիմա հետ նայելու, արժեւորելու, ամփոփելու, ինչու չէՙ նաեւ սահմաններ դնելու ժամանակն էՙ ինչ պիտի անեմ սրանից հետո, ինչպես պիտի շարունակեմ իմ գործունեությունը:
Անուշը արմատներին վերադառնալու մեծ առիթ է ինձ համար, դրսում չեմ կարող երգել, ուրեմնՙ հայրենի բեմում կկատարեմ: Այսինքնՙ վերադառնում եմ այնտեղ, որտեղից սկսել եմ: Անուշը հայ ժողովրդի ամենասիրված, ամենափայփայած օպերան է, այն երգել են բազմաթիվ երգչուհիներ: Սա ինձ համար մարտահրավեր չէ, որովհետեւ այդ քննությունը բռնել եմ արդեն 1988-ին, երգել եմ բազմիցս: Այս անգամ կարոտս հագեցնելու առիթ է, իմ հանդիսատեսին հանդիպելու, այդ սիրելի բեմում քայլելու, օդը շնչելու, երգելու հնարավորություն: Վերադարձ իմ տուն», ասում է Հասմիկ Պապյանը:
Հեռուստատեսությունը մեզ ընտելացրել է օպերային բեմում գահաթոռին բազմած իրենց վաստակը, տարեդարձը նշող գործիչների տեսնել: Այսօր այդպես չէ: Լրագրությունը իրադարձային, մշակութային վերնագրի տակ կամփոփի Հասմիկի այսօրվա Անուշը, իրականումՙ սա մեծ վերանայում է:
Կանդրադառնանք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա