«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2011-11-15 | #206, 2011-11-16 | #207, 2011-11-17


ԴՐԱՄԱՏԻԿ ԿԵՐՊԱՐ ԵՎ ԴՐԱՄԱՏԻԿ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

  Վարուժան Վարդանյանի արվեստը ժամանակակից հայ գեղանկարչության նվաճումներից է անկասկած: Նրա արտիստիկ անհատականությունը, հարուստ ներաշխարհըՙ երազող-խոհուն, փոթորկուն-ընդվզող, իր նկարագրին հաղորդում էին այն հմայքն ու որակներըՙ երբեմն անկանխատեսելի, որ իրենից հետո այսօր արդեն փնտրելի են: Նրան որոնում են մերձավորները, ընկերները, եւ բացակայությունն այդ ստեղծում է ներքին այն հեղձուկը, այն տարածքը անհայտ, որ կարոտ են կոչում:

Ցավալիորեն կյանքից շուտ հեռացավ Վարուժան Վարդանյանը, կողքիցՙ հակասական թվացող կերպար, բարդ, երբեմն դժվարհաղորդակցվելի, բայց շատ նկարչականՙ հախուռն ու միաժամանակ խոհուն, բոհեմիկ, միաժամանակՙ մենակյաց-խորհրդավոր:

Հետահայաց ցուցահանդեսը, որ բացվեց նախորդ օրը Նկարիչների միության տանը, ուշացած համարվեց, այդպես ասաց բացմանը միության նախագահ Կարեն Աղամյանը . «Սա պետք է ավելի շուտ արվեր, իմ կողքին պիտի լիներ մեր սիրելի Վարուժանըՙ իր վառ կերպարով, իր հարուստ ներքինով: Երջանիկ է այն մարդը, ում հիշատակը կամ գործը մնում են հավերժ: Այդպիսի նկարիչ է Վարուժան Վարդանյանը, որ մեծ ավանդ ունեցավ հայ գեղանկարչության մեջ: Իր հեռանալով ոչ միայն մեր արվեստը կորցրեց վառ անհատականություն, այլեւՙ Երեւանը, շատ կարեւոր կոլորիտ պակասեց քաղաքից»:

Այո, մենք հաճախ, շատ հաճախ ենք ուշանում ու սխալվում, շատ բան ենք կորցնում, որի համար հետո շատ ենք ափսոսալու: Բայց, ինչ արած, սա է կյանքը, եւ մարդուս բնույթն է այդպիսին: Հեռացումի ցավը չսպիացող վերքի պես է հաճախ, որ միշտ հիշեցնել է տալիս, հոգուդ մի անկյունում անհանգիստ տրոփում: Անթաքույց էր Արամ Իսաբեկյանի խոսքի մեջ հուզմունքը. «Դժվար է խոսել մի մարդու մասին, որի հետ երկար մտերիմ ես եղել, մտերիմ ընկերոջ մասին, այն էլՙ այդպիսի: Նա սիրում էր կյանքը, սիրում էր Հայաստանը, սիրում էր նկարչությունը, սիրում էր պոեզիա: Այն քիչ արվեստագետներից էր, որ բոլոր բնագավառներից տեղյակ էր: Նա իսկապես զարդարում էր մեր քաղաքը: Առանց նրա շատ բան է պակասել իմ կյանքում, իր մտերիմ ընկերների կյանքում, շատ բան փոխվել է: Նա անհատականություն էր մեծատառով: Նա ուներ տղամարդու կեցվածք եւ սիրում էր իր ուժը նկատելի դարձնել»:

Այնպիսի գունեղ, ընդգծված, տպավորիչ անհատականություն, ինչպիսին Վարուժան Վարդանյանն էր, որ կյանքը սիրել է եւ սիրել նրա քմայքները, նրա մանր ու մեծ հաճույքները, նաեւ ուզել է հայտնի լինել եւ փառք է սիրել, ինչի մասին ակնարկեց Արամ Իսաբեկյանը, բնական էՙ արվեստագետի խառնվածք ու բնույթ էՙ տաղանդը թաքնվել չի սիրում, ոչ էլ համեստություն, ինչպես եւ չի սիրում կեղծիք ու մեծամտություն: Տաղանդը շնորհ է, դրանով միջավայրն է հարստանում, ապրածդ բնակավայրը. «Մեծ անհատականություն, որի բնավորությունը իր արվեստի մեջ էրՙ այդ անհանգստությունները, անվերջ ներքին պայքարները, իրավիճակները: Այդպիսի անհատականության բացակայությունը մեզանում շատ զգալի է», ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը :

Ցուցահանդեսի կազմակերպման եւ կայացման շնորհակալություններն ուղղված էին նկարչի եղբորըՙ Վարդան Վարդանյանին, եւ պետք է ասել, նրա դիմանկարները լավագույններից էին ներկայացված աշխատանքներում:

Երեկվանից Նկարչի տան 1-ին հարկի ընդարձակ ցուցասրահը Վարուժան Վարդանյանի արվեստի գունային տրամադրության մեջ է լինելու 10 օր շարունակՙ ներկայացնելով նկարչի ստեղծագործական կյանքի մի ընդհանուր պատկերՙ խորհրդավոր-խոհական: Իր ձեռագրի անհատականությունը հաստատված է, իր արվեստի լեզուն ընթերցված, նա գնահատված ու սիրված արվեստագետ էր իր կյանքի օրոք, հայտնի անուն ոչ միայն արվեստագետների միջավայրում, նաեւ հասարակության լայն շրջանակներում: Եվ նոր խոսք ասելը դժվար է, ուստիեւՙ ցուցահանդեսի աշխատանքների ընդհանուր տպավորություններից միայն:

Գունառատության վարդանյանական ընկալում-վերարտադրության թանձրությունը նրա աշխարհընկալման կոնցեպցիայի հիմքն է, նկարչական մտածողության հատկանիշներից մեկը: Նրա կտավները հեռու են դյուրամարս լինելուց, «ծանր» ենՙ խոհափիլիսոփայական ընդգծված ենթատեքստով. դրանով իսկ բազմաշերտ, բազմանշանակ են, եւ առաջին նշանը գույնի նրա մեկնաբանությունն է, կամ ինչպես ասում ենՙ նկարի մթնոլորտը: Աշխարհիկ ու հոգեւոր տարրերը տարանջատված չես համարի այսպիսի մտածողության եւ ներկայացման պարագայում: Եթե կյանքի ուշ շրջանի գործերը ավելի միստիկ բնույթ են կրում, ապաՙ միայն առաջին հայացքից, դա թեմատիկ առումով է տեսանելի, որոնք աստվածաշնչյան կամ կրոնական մոտիվներով են ստեղծված: Իրականում այս արվեստը նկարչի հոգեւոր կերտվածքի, ներքին կյանքիՙ մտածումների ու ապրումների շարունակությունն է, որոնք միշտ են արտահայտվելՙ դա լինի «Խաչից իջեցումը» (2008), «Սբ Գրիգոր Լուսավորչի Քրիստոսը» (2000-2001), «Խաչելություն», թե «Հրաժեշտի էլեգիա» կամՙ «Մեզնից հեռացողը. Մինասի հիշատակին» (1975) եւ այլ նկարներ, որոնցում հոգեւոր կյանքով ապրող արվեստագետի շունչը միշտ է ներկա (զարմանալիորեն ցուցահանդեսին բացակայում էին Մայր աթոռից ներկայացուցիչներ):

Այս նկարչությունից անբաժան է տխրությունը, ինչը դրամատիզմ, լարվածություն է հաղորդում կտավներին: Սրանով է պայմանավորված, որ չնայած նկարչի գործածած ակտիվ գույների (կարմիր, մանուշակագույն, կապույտ, դեղին կամ ծիրանի) առավել գերակշռության, կտավները բնավ վառ կամ վառվռուն չեն, դրանցում առկա բազում փակագծերն ու կնճիռները մարդկային կյանքի տագնապներն են մատնում, երբեմն էլ անլույս, մռայլ մթնոլորտ ստեղծում («Ագռավները», «Ձեռքը», «Պոետի մահը»): Որոշ գործերում տխրությունը հասնում է բանաստեղծական ներշնչանքի, ահավասիկՙ «Ձիու գլուխը»: Կենդանու հայացքը սեւեռուն հետապնդում է, երկար մտքիցդ դուրս չի գալիս, խղճահարություն, թե կարոտ արթնացնում:

Մարդկային ապրումների նկարիչ է Վարուժան Վարդանյանը. նրա կտավներում կյանքը տաք կամ հուսահատ սպասում է, մարող կամ ապրեցնող կարոտ, հեռացման տագնապ, տեսիլք կամ երազ: Այս զգացումները խտացված արտահայտվում են մերթ կանացի մերկ ֆիգուրների, մերթ ասպետի հանգչող երազի, մերթ վերացարկված պատկերների միջոցով, իրականության ու մշուշի մեջ միաժամանակ: Գունային խտացումները կտավներին դրամատիզմ են հաղորդում, խաղաղ-հանդարտ վիճակներ քիչ են հանդիպում:

Վարուժան Վարդանյանը անկասկած դիմանկարի վարպետ է, թեպետ այդպիսիք քիչ են, բայց մոր, եղբոր եւ ինքնադիմանկարները բավարար են հաստատելու ասվածը: Վերջիններս ակնհայտ խառակտերային ենՙ առնական, ուժեղ, կամային հատկանիշներով եւ անպայմանՙ դրամատիզմ կա դրանցում:

Տեխնիկական հնարանքները երբեմն փոխում են կտավի ֆակտուրան, ոչ միայն վիզուալ, նաեւ բովանդակային առումով: Դրանք նմանվում են որմնանկարներիՙ միջնադարյան մթնոլորտ հիշեցնող: Սա շատ տպավորիչ էՙ հատկապես գույնի մեղմությունը, ներքին ջերմությունը. աշխարհը ասես փոխվում է, ավելի ջերմանում-անկեղծանում: Հույզը անհուսորեն մերկ էՙ «Մեզնից հեռացողը. Մինասի հիշատակին», «Միանձնուհու մահը», «Ես, Մինասը, Իգիթյանը եւ Դեղձ Աշոտը»: Անմիջական ու հաղորդական դաշտ նկարիչը ստեղծում է ոչ հաճախ, բայց ահա անցում գունային թափանցիկության եւ երկու հրաշալի նկարՙ «Բնորդուհին», «Վահագնի դիմանկարը»: Բնանկարի ժանրում նույնպես «ժուժկալ» է նկարիչը, թեեւ «Ամբերդը» եւ «Ծաղիկները» շատ զգայուն են, առինքնող:

Վարուժան Վարդանյանի նկարչությունն իր ներքին կյանքի հարազատ արտացոլանքն է, իր մտածումների ու զգացումների գունային շարունակությունը, որ երկար դեռ արձագանքելու է ապրողների մեջՙ արթուն պահելով տառապող ու թախծող, ընդվզող ու խոհուն նկարչի պոետիկ կերպարըՙ ներշնչված կյանքից ու նույնքանՙ տագնապած այդ կյանքից:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4