Վրացական թերթերից մեկը` «Ախալի թաոբան», երեկ իր հրապարակումներից մեկում հետաքրքրական սցենար է ներկայացրել` հղում կատարելով անանուն աղբյուրներին այն առնչությամբ, թե Վրաստանի նախագահը նախապատրաստում է իր հրաժարականը: Ըստ այդմ, հնարավոր է, որ Վրաստանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեն արդեն 2012-ի գարնանը, ընդ որում, Սաակաշվիլու հրաժարականի օգտին են, ըստ նույն աղբյուրի, արտահայտվում նաեւ նրա մերձավոր շրջապատից մի քանիսը:
Սաակաշվիլու կողմից վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոն ստանձնելու դեպքում հավանական է համարվում, որ Վրաստանում կրկին հեղափոխական իրավիճակ ստեղծվի` նոր հեղաշրջմամբ:
Առավել հետաքրքրական է, որ Սաակաշվիլու հնարավոր հրաժարականը կապում են Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալու հետ: Ըստ թերթի հրապարակման, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնել են, որ Սաակաշվիլու հեռանալու դեպքում Ռուսաստանը հետամուտ չի լինի «պատժելու» Սաակաշվիլուն «2008-ի օգոստոսյան պատերազմի» համար:
Ա. Հ.