«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2011-11-16 | #207, 2011-11-17 | #208, 2011-11-18


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԽԱՂԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁ

Հ. ԱՖՅԱՆ

Երեւանում երեկ մեկնարկեց «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը, պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը եւ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը: Երկօրյա գիտաժողովին մասնակցում են անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից: Քաղաքական գիտությունների Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը , ընդգծելով, որ գիտաժողովի անցկացումը «ուղեղների միջազգային կենտրոնների հետ մեր համագործակցության շարունակական լինելու փաստն է», հույս հայտնեց, որ դրա աշխատանքները կկարողանան խաղաղեցնել իրավիճակը տարածաշրջանում:

Գիտաժողովի մասնակիցներին ներկայացվեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Երկրի ղեկավարի ուղերձում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մարտահրավերներին, սպառնալիքների համալիրին: Չկարգավորված հակամարտությունները, այդ թվումՙ ԼՂ հիմնահարցը դիտելով որպես տարածաշրջանի խաղաղության ուղղությամբ լուրջ մարտահրավեր` նախագահն իր ուղերձում վերահաստատեց Հայաստանի անկոտրում համոզմունքը.

«Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Չեմ վարանում կրկնել, որ ԼՂ հիմնահարցի լուծումը գտնելու միակ հարթակը Հայաստանը համարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը», ասված է նախագահի ուղերձում:

Ներկաների համար ընթերցվեց նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը, որտեղ նախարարը մասնավորապես ընդգծել էր, թե տարածաշրջանի թիվ մեկ խնդիրը հնարավոր պատերազմների կանխարգելումն է: Սեյրան Օհանյանը «առաջարկել» էր նաեւ ներկաներին «նայել տարածաշրջանի քարտեզին». «Հայաստանի համար այնտեղ կան երեք հարթակներ: Առաջինը` ուղղահայացըՙ Ռուսաստան, Վրաստան եւ Իրան, բարենպաստ է մեզ համար, երկրորդը` հորիզոնականը` Թուրքիա-Ադրբեջան, մի կողմից շրջափակում է մեզ, մյուս կողմից` պատերազմի սպառնալիքներ տեղում, եւ երրորդը, որը քարտեզում չի երեւում, բայց ակնհայտ է` եվրատլանտյան կառույցների ավելացող ներգրավումն է մեր տարածաշրջանում, որոնց հետ մենք ակտիվ համագործակցում ենք», ասված է Սեյրան Օհանյանի ուղերձում:

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ավագ աշխատակից Ուայնե Մերրին, ներկայացնելով իր հեղինակած «Ամերիկյան դերը Հարավային Կովկասում» զեկույցը, նախ ընդգծեց, որ ներկայացնում է սեփական դիրքորոշումը, այլ ոչ պետական: Մերրին շեշտեց, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում «երկրորդական դեր» է խաղում, հետեւաբար «Հարավային Կովկասի նկատմամբ ամերիկյան հետաքրքրություններն ընկալվում են որպես երկրորդային». «Կարծում եմՙ այս միտումը կշարունակվի, իսկ Վաշինգտոնի քաղաքականությունը կարող է ակտիվանալ` տարածաշրջանի երկրների ժողովրդավարական իրավիճակից ելնելով», նշեց ամերիկացի փորձագետը:

Մերրին նաեւ ընդգծեց, որ մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունը դիմակայում է Իրանին, «ինչը չի նշանակում, թե Իրանը տարածաշրջանի երկրների համար սպառնալիք է», որոշ հարցեր ունի Մոսկվայի հետ եւ ամեն ինչ հարթ չէ Թուրքիայի հետ: Բացի սրանիցՙ այդ քաղաքականությունը նաեւ պատերազմների կանխարգելումն է: Հետեւաբար, ըստ փորձագետի, ԱՄՆ-ը տարածաշրջանային իր քաղաքականությունը կառուցում է հենց Ռուսաստան-Իրան-Թուրքիա հարաբերությունների համապատկերում:

Գիտաժողովը կշարունակվի նաեւ այսօր: Հաջորդ համարում «Ազգը» կներկայացնի այնտեղ հնչած այլ զեկույցներ ու հայտարարություններ եւս: Իսկ երեկ երեկոյան գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Մատենադարան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4