«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2011-11-16 | #207, 2011-11-17 | #208, 2011-11-18


ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕԳՏԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՒՀՈՒՄ

Ուսանողների օրվա կապակցությամբ ուսանողներին արված նվեր համարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ բուհական համակարգին վերաբերող կառավարության ընդունած փոփոխությունները: Նա նշեց, որ դրանք նպատակ ունեն նվազեցնել կոռուպցիան կրթական համակարգում եւ ապահովել ուսանողին սուբյեկտիվ վերաբերմունքից:

Առաջին փոփոխությունը ուսանողների ազատ տեղաշարժին է վերաբերում: Ներկայումս բուհից բուհ տեղափոխվելուց ուսանողը պետք է ստանա երկու բուհերի ռեկտորների թույլտվությունը: Սովորաբար թողարկող բուհը շահագրգռված չէր լինում այդ թույլտվությունը տալ: Կառավարության կատարած փոփոխությամբ, թողարկող բուհի թույլտվության պահանջը կվերանա:

Պետական քննությունների կարգի փոփոխությամբ կվերանա դրանց բողոքարկման արգելքը: Այսինքն, ուսանողը կարող է բողոքարկել պետական քննության ժամանակ իր ստացած գնահատականը: Դրա համար նախատեսվում է քննության ամբողջ ընթացքը ձայնագրել եւ պահել 1 օր, իսկ ուսանողը քննության գնահատականը կարող է բողոքարկել 1 ժամվա ընթացքում: Բողոքարկումից հետո նոր քննություն չի անցկացվում, այլ բուհի ուսխորհրդի եւ վարչակազմի ներկայացուցիչների կողմից լսվում է ուսանողի պատասխանի ձայնագրությունը եւ ըստ այդմ որոշվում գնահատականը:

Դարձյալ պետական քննությունների ժամանակ հանձնաժողովի նախագահի միանձնյա ազդեցությունը նվազեցնելու նպատակով գնահատականը որոշվելու է քննական հանձնաժողովի բոլոր անդամների նշանակած գնահատականներով, որի միջին թիվն էլ կհամարվի քննության գնահատականը:

Մեկ այլ փոփոխությամբ վերացվում է պետական քննությունից անհաջողության մատնված շրջանավարտի 3 տարվա ընթացքում քննությունը վերահանձնելու ժամկետը: Այդ հնարավորությունը լինելու է առանց ժամկետային սահմանափակման:

Երբ ուսանողը ընթացիկ քննությունից կտրվում է եւ հետագայում վերականգնվում է, ապա պարտավոր է մուծել ամբողջ տարվա վճարի չափով գումար: Նոր կարգով ուսանողը վերականգնվելու դեպքում կվճարի միայն այն առարկաների գումարը, որից կտրվել է: Եթե ուսանողն անբավարար է ստանում որեւէ առարկայից 12 կրեդիտի չափով, եթե նա զինապարտ չէ, նրան իրավունք է տրվում տեղափոխվելու հաջորդ կուրս եւ զուգահեռ վերահանձնելու անբավարար ստացած քննությունը:

Մի քանի փոփոխություններ վերաբերում են այն ուսանողներին, որոնք մեկնել են զինծառայության եւ վերադարձել: Մասնավորապես, բանակից վերադաձած ուսանողները ուսումը շարունակելու են այն կետից, որտեղից ընդհատել են ուսումը, այլ ոչ թե մեկ կուրս ցածրՙ հանձնելով որոշ տարբերություններ: Բացի դրանից, անկախ լիցենզավորված տեղերի զբաղված լինել կամ չլինելուց, բանակից վերադարձողները պետք է վերականգնվեն իրենց տեղում:

Կրթության եւ գիտության նախարարն ասաց, որ արդեն եկող քննաշրջանից վերոնշյալ նոր կարգերը ուժի մեջ են լինելու:

«Գալիքի» դեպքը ցնցող էր իր հանդգնությամբ

«Գալիք» համալսարանի դեպքի հետ կապված հարցին պատասխանելովՙ Արմեն Աշոտյանն ասաց, որ նախարարությունը շարունակելու է պայքարել կրթության որակի համար, իսկ «Գալիքի» դեպքը ցնցող էր իր հանդգնությամբ»: Նա սարսափելի համարեց իրավիճակը, երբ բուհի ղեկավարությունը լիցենզիայից զրկված մասնագիտության ուսուցման համար մեկ տարվա վճար եւ դիպլոմների համար գումար է գանձում 51 ուսանողներից: Նախարարը հավաստիացրեց, որ եթե բուհը դատարան դիմի, ինքն անձամբ կգնա դատական նիստերին եւ կներկայացնի շատ ուրիշ հետաքրքրական փաստաթղթեր: Նա նաեւ նշեց, որ լիցենզիան կասեցրած բուհերի շուրջ 2500 ուսանողների այլ բուհերում ուսման հնարավորություն է տրվել, եւ ոչ մի խնդիր չի առաջացել: Իսկ տվյալ դեպքի համար նա մեղավոր համարեց նաեւ ուսանողներին, որոնք չեն հավատացել նախարարությանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4