«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2011-11-16 | #207, 2011-11-17 | #208, 2011-11-18


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԸՆԴԳՐԿՎԵՆ, ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸՙ ՈՉ

Տրամաբանության բացակայությո՞ւն, թե՞ արդարության պակաս

2012-ի բյուջեում պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթում կընգրկվե՞ն ուսուցիչներն ու պետական բուհերի դասախոսները. «Ազգի» հարցին պատասխանելովՙ երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ հանրակրթական, հատուկ եւ արհեստագործական դպրոցների շուրջ 43 հազար ուսուցիչներ կօգտվեն սոցիալական փաթեթիցՙ յուրաքանչյուրն իր դրույքաչափին համարժեք: Ինչ վեrաբերում է պետական բուհերի դասախոսներին, ապա նրանք դեռ չեն ընգրկվի այդ փաթեթում, ինչն Արմեն Աշոտյանը բացատրեց նրանով, որ պետական բուհերում տրված է վճարովի ուսուցման հնարավորություն:

Դատելով կրթության եւ գիտության նախարարի պատասխանից, տրամաբանական է ուսուցիչներին սոցիալական փաթեթում ընդգրկելը, բայց անհասկանալիՙ դասախոսներին դրանում չընդգրկելը: Առաջինըՙ ուսուցիչների եւ դասախոսների աշխատավարձերի տարբերությունն այնքան չնչին է, որ որեւէ կերպ տրամաբանական չէ վերջիններին այդ փաթեթից դուրս թողնելը: Երկրորդ, վճարովի ուսուցման հնարավորությունը բուհերում էապես չի փոխում դասախոսների սոցիալական վիճակը: Երրորդ, եթե կառավարությունը իսկապես ողջունելի փոփոխություններ է կատարում բուհերում կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ, ապա ինչո՞ւ դրան զուգահեռ գոնե սոցիալական փաթեթը հասանելի չի դարձնում դասախոսներին: Իսկ երբ խոսվում է, ասենք, արդարադատության համակարգում իբր կոռուպցիան նվազեցնելու քայլերի մասին, առաջին հերթին բարձրացվում են դատավորների աշխատավարձերն ու թոշակները մինչեւ մի քանի հարյուր հազար դրամիՙ դրանով միայն նպաստելով այս ոլորտում շրջանառվող կաշառքների դրույքաչափերի բարձրացմանը, եւ սահմանափակվում դրանով: Դատավորներն ավելի կարեւո՞ր են պետության համար, քան մտավորականները, թե՞ կառավարությունն արդարությունը յուրովի է ընկալում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4